Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Եթե կարոտում եք նախորդ խորհրդարանը, կարող եք գնալ, նրանց հետ սուրճ խմել». Ռուբինյանը՝ Մարուքյանին

654
Չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ., 11:05
«Եթե կարոտում եք նախորդ խորհրդարանը, կարող եք գնալ, նրանց հետ սուրճ խմել». Ռուբինյանը՝ Մարուքյանին

ԱԺ-ն հունվարի 22-ին 73 կողմ, 20 դեմ, 15 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրինագիծը: ԼՀԿ-ից Տարոն Սիմոնյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու, որովհետև օրինագծում անորոշություններ կան:

Հիշեցնենք, որ այս օրինագծի քննարկման ժամանակ էր նախորդ օրը տեղի ունեցել ԲՀԿ-ի և «Իմ քայլի» պատգամավորների միջև քաշքշուկը:

Մեկ այլ քվեարկությամբ խորհրդարանը մերժեց Երևանի քաղաքապետարանին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման գործընթացի օրինականությունը ստուգելու նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը: ԼՀԿ ղեկավար Է.Մարուքյանը հույս էր հայտնել, թե խորհրդարանական մեծամասնությունը չի տապալի այն: Նրան աջակցություն էր հայտնել ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով. «Դրանով դուք վատ վիճակի մեջ եք դնում ձեր քաղաքապետին»:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսպես արձագանքեց. «Վատ նախադեպն այն է, որ իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովն իրականացնի գործառույթներ, որոնք իր լրազորությունների մեջ չեն մտում և պարունակում են հակասահմանադրական տարրեր»,- նշեց նա և առաջարկեց, որ քննությունը Երևանի ավագանին կատարի: Լ.Մակունցը հավելեց, որ «Իմ քայլը» չի մասնակցելու քվեարկությանը:

Քվեարկությունից հետո Մարուքյանը հայտարարեց. «Դուք ցույց տվեցիք, որ քաղաքական կամք չունեք՝ Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար: Հարցն արդեն խորհրդարանի հարթակում է: Սա վատ նախադեպ է, որը չի եղել անգամ նախորդ խորհրդարանում: Սա քաղաքական հետևանքներ է ունենալու: Մեծամասնություն ունենալով՝ վախենում եք ուսումնասիրել կոռուպցիոն ռիսկերը»,- պնդեց նա:

«Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանն էլ Մարուքյանին առաջարկեց. «Կոչ եմ անում կոռեկտ արտահայտվել: Եթե կարոտում եք նախորդ խորհրդարանը, կարող եք գնալ, ձեր նախկին գործընկերների հետ սուրճ խմել»:

ԱԺ նախագահ Ա. Միրզոյանը նկատեց, թե Ռ.Ռուբինյանի այդ արտահայտությունը կոռեկտ չէ: