Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ.

«Արդարադատությունը հիվանդանում է, բայց չի մահանում». Սուրեն Էլոյանն ազատ կարձակվի

702
Երկուշաբթի, 20 հունվարի, 2020 թ., 22:05
«Արդարադատությունը հիվանդանում է, բայց չի մահանում». Սուրեն Էլոյանն ազատ կարձակվի

Սևանի հարկային տեսչության նախկին պետ Սուրեն Էլոյանը, ով մեղադրվում էր կաշառք վերցնելու մեջ, կարդարացվի. դատախազությունը հրաժարվել է մեղադրանքից, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է նրա պաշտպան Միհրան Պողոսյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Արդարադատությունը հիվանդանում է, բայց չի մահանում կամ ինչպես ասում են լավին լավ, վատին վատ...

2018 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ ոստիկանությունը «կոռուպցիայի դեմ պայքարի» շրջանակներում շատ հետաքրքիր տեսանյութ էր պատրաստել և շտապել էր հայտնել, թե ՊԵԿ պաշտոնատար անձինք՝ այդ թվում Սևանի հարկային տեսչության պետը կաշառք են ստացել։

Դեպքը հետաքրքիր էր այնքանով, որ դա հետմայիսյան շրջանում «կաշառք»֊ի բացահայտման առաջին դեպքն էր և նախորդում էր ԱԺ ընտրությունների քարոզարշավին ու հենց քարոզարշավի ժամանակ ով ասես, ոնց ասես խախտում էր «Անմեղության կանխավարկածը», անձանց ներկայացնում էին որպես հանցագործներ, իրավապահ համակարգի որոշ ներկայացուցիչներ սույն դեպքը ներկայացնում էին որպես կատարված աշխատանքի արդյունք, դե իսկ դատարանն էլ, հանրային լայն արձագանքի պատճառով, քար լռությամբ կալանավորում էր մարդկանց, չցանկանալով հայտնվել որոշ անձանց թիրախի տակ։

Իսկ արդեն մեկ տարուց ավելի տևած դատաքննությունից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը, ի դեմս գործով մեղադրողի, ի պատիվ դատախազության, այսօր կայացրեց օբյեկտիվ, արդարությունը վերականգնող և իմ պատկերացմամբ շատ դժվար որոշում (հաշվի առնելով սույն գործով հանրային արձագանքը, դժվար էր օբյեկտիվ որոշման հանգել) և դատական նիստի ժամանակ հայտարարեց ՊԵԿ 10-րդ բաժնի պետի (Սևանի հարկային տեսչության պետ) մեղադրանքից հրաժարվելու մասին։

Նորից եմ կրկնում անհատ դատախազներից, անհատական ցանկացած օբյեկտիվ որոշումից է կախված վաղվա մեր իրավական պետության ճակատագիրը ու շնորհակալ եմ գլխավոր դատախազությանը կոնկրետ այս դեպքով օբյեկտիվությունը պահպանելու, տարատեսակ հայտարարություններից չընկճվելու և հիրավի որպես գլխավոր դատախազություն հանդես գալու համար։

Հ.Գ. Պարոնայք պետական այրեր, այլևս մի փորձեք անմեղ անձանց հանցագործության մեջ մեղադրելով ապացուցել ձեր աշխատանքի արդյունավետությունը, միևնույնն է արդարությունը վերականգնվում է։

Հ.Գ.Գ. Սուրեն էլոյանի մասով, ով մեղադրվում էր խմբով, շորթմամբ, խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ, ում սպառնում էր 10 տարի ժամկետով ազատազրկում, ով նախաքննության ժամանակ եղել էր կալանավորված, Դատարանը օրենքի ուժով կկայացնի արդարացման դատական ակտ»։