Երևան`   -4 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 հունվարի, 2020 թ.

«Կա՛մ նախարարը պետք է իր դիպլոմը հրապարակայնորեն այրի, կա՛մ, երևի, ես». Գրիգոր Մուրադյան

182
Ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ., 00:30
«Կա՛մ նախարարը պետք է իր դիպլոմը հրապարակայնորեն այրի, կա՛մ, երևի, ես». Գրիգոր Մուրադյան

Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը 168 TV-ի եթերում, անդրադառնալով Ազգային ժողովի երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունած ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքին, ասել է. «Այս օրենքը, իմ խորին համոզմամբ, որևէ լեգիտիմություն չի կարող ունենալ և չունի: Դա ընդամենը ձևական մի փաստաթուղթ է, որով փորձ է արվում կամավորության քողի ներքո հասնել նրան, որ ՍԴ դատավորների մեծամասնությունը հրաժարական ներկայացնի՝ օգտվելով, ինչպես իրենք են գնահատում, «ոսկյա ձեռքսեղմումից», իսկ իմ մեկնաբանմամբ՝ «ոսկեգույն սողանցքից: Եվ հնարավոր կլինի ձևավորել այնպիսի մեծամասնություն, որը կարտահայտի այսօրվա քաղաքական իշխանությունների կամքը»:

Նա նշել է, որ վերոնշյալ նախագիծն այդպես էլ ՍԴ կարծիքի չի ուղարկվել, ինչն օրենսդրական խնդիր է:

Մուրադյանի կարծիքով՝ ՍԴ դատավորների մեծամասնության վրա ներազդել հնարավոր չի լինի, եթե նրանք չցանկանան ինքնակամ գնալ վաղ կենսաթոշակի. «Այդուհանդերձ, որպեսզի օգտվեն այդ իրավունքից, իրենք իրենց աչքի առջև ունեն այն հեռանկարը, թե՝ իսկ եթե չընդունեն, ի՞նչ կկատարվի: Իսկ տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ մինչև այս օրենքի ընդունումը»,- ասել է սահմանադրագետը:

Գրիգոր Մուրադյանն անդրադարձել է նաև ԱՆ նախարար Ռուստամ Բադասյանի այն հայտարարությանը, թե նախքան հեղափոխությունը «վերից վար կոռումպացված, հստակ մեխանիզմներով գործող դատական համակարգ է եղել»: Հարցին, թե ինչո՞ւ ՍԴ-ն ընդառաջ չի գնում արդար դատական համակարգ ունենալու՝ իշխանությունների տեսլականին, Մուրադյանը պատասխանել է. «Եթե իրավաբանը նախ արդարացնում է ՍԴ-ի և այլ դատարանների շրջափակումը, դա համարում է իրավաչափ, և սա չի դիտարկում որպես ճնշում կամ գոնե ճնշման փորձ, ես այլևս ոչինչ չունեմ ասելու: Կամ ինքը պետք է իր դիպլոմը հրապարակայնորեն այրի, կամ, երևի, ես: Այլ տարբերակ չի մնում: Դրանից հետո խոսել մերկապարանոց, առանց փաստերի, որ բոլոր դատավորները վերից վար կոռումպացված են, պարզապես սուտ է, էժանագին դեմագոգիա և խաբկանք, որ ցույց տան, թե ինչքան վատն է դատական իշխանությունը: Այս մարդը հասկանո՞ւմ է, թե ինչ է ինքը խոսում, որտե՞ղ է ինքը հայտնվել՝ գուցե պատահականորեն: Եթե այդպես է, ուրեմն համատարած վեթինգ արեք՝ սկսելով, ի դեպ, ԲԴԽ նախագահից, հետո նոր իրականացրեք այդ դատավարությունները»:

Մանրամասներրը՝ տեսանյութում:

ՍԴ նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը՝ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումների և Ռուստամ Բադասյանի հայտարարության մասին