Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Իրաքում սկսվել է հակակառավարական բողոքների նոր ալիքը

648
Երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2019 թ., 10:55
Իրաքում սկսվել է հակակառավարական բողոքների նոր ալիքը

Նոյեմբերի 17-ից Իրաքի մի շարք քաղաքներում հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել հակակառավարական ցույցերի: Բաղդադից բացի, հակակառավարական ցույցեր են տեղի ունենում Քութում, Նեջեֆում, Դիվանիում, Նասիրիում և Բասրայում:

Նշվում է, որ ցույցերում հնչում են հակաիրանական կարգախոսներ, քանի որ որոշ ակտիվիստներ կարծում են, որ Բաղդադի ներկայիս կառավարությունն աջակցություն է ստանում Թեհրանից: Միևնույն ժամանակ, որոշ փորձագետներ նշում են Իրաքում անցկացվող ցույցերի կարգախոսների նմանությունը Լիբանանում տեղի ունեցող ցուցարարների պահանջների հետ: Ըստ AFP գործակալության, որոշ ցուցարարների պաստառների վրա գրված է. «Բեյրութից մինչև Բաղդադ՝ միասնական հեղափոխություն ընդդեմ կոռուպցիայի»:
Վերջին տեղեկությունների համաձայն, Իրաքում ցույցերի սկսվելուց ի վեր սպանվել է ավելի քան 330 մարդ, հիմնականում ցուցարարներ:

Ցույցերը տեղի են ունենում այսպես կոչված «կանաչ գոտիների» կամուրջների մոտ, որտեղ գտնվում են պետական հիմնարկները և այլ պետությունների դեսպանատները: Այսպես, կիրակի օրը, ցուցարարներին հաջողվել է ոստիկանության վերահսկումից «հետ վերցնել» Ալ-Ախրար կամուրջը, որի վրա ակտիվիստները բարիկադներ են կառուցել աղբի տարաներից, հին պահարաններից և մետաղական ջարդոններից: Շաբաթ օրը ցուցարարները նաև վերահսկողություն են հաստատել Սինակի կամուրջի հատվածի վրա: Մեկ այլ կամուրջ՝ Ալ-Ջումհուրիան, ցուցարարների վերահսկողության տակ է հոկտեմբերի սկզբից ի վեր: