Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Հայկ Գրիգորյանը՝ հայտնի գաղտնալսման գործով զարգացումների մասին

336
Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ., 12:50
Հայկ Գրիգորյանը՝ հայտնի գաղտնալսման գործով զարգացումների մասին

«Յուրաքանչյուր գործով միշտ կատարվել է օբյեկտիվ և բազմակողմանի քննություն՝ անկախ այն հանգամանքից՝ որևէ մեկը պաշտոնավարո՞ւմ է, թե՞ չէ»,- անդրադառնալով Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման բացահայտմանը, նշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

Թե այժմ ինչ զարգացումներ կան այդ գործով, ՔԿ պաշտոնյան ասաց. «Նախաքննությունն իր բնականոն հունով ընթանում է: Այո, կան մի շարք հանգամանքներ բացահայտված, բայց նախաքննության շահերից ելնելով այս փուլում ոչինչ չեմ կարող ասել»:

Դիտարկմանը, թե մոտ 1 տարի է անցել, ինչո՞ւ հնարավոր չէ բացահայտել, Հ. Գրիգորյանը կրկնեց, որ նախաքննության շահերից ելնելով գերադասում է այդ գործից չխոսել, բայց ինչպես նախկինում է ասել՝ հայտնի է այն վայրը, որտեղից տարածվել է այդ խոսակցությունը:

Հարցին՝ Վանեցյանն ասում էր, թե բոլորին հայտնի է՝ ովքեր են պատվիրել, ուղղակի դա պետք է ապացուցել և արդյոք Դուք և՞ս այդ կարծիքին, պատասխանեց, որ իրենք իրենց գործի շրջանակում երբեք նման հայտարարություն չեն անում:

Հաջորդ հարցին՝ ուժային կառույցների ղեկավարները պաշտոններից ազատվեցին, հնարավո՞ր է Ձեր դեպքում էլ այդ պատկերն ունենանք, ՔԿ ղեկավարը նկատեց. «Քննչական կոմիտեի նախագահը նշանակվում և ազատվում է կառավարության որոշման համաձայն: Երբ որ նպատակահարմար գտնեն ինձ ազատել, թող ազատեն»: