Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում. զոհերի թիվը և Ասադի արձագանքը. Reuters

780
Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ., 20:45
Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում. զոհերի թիվը և Ասադի արձագանքը. Reuters

Նախորդ շաբաթ Սիրիայում Թուրքիայի կողմից սկսված ռազմական գործողությունների հետևանքով 200 հազար մարդ լքել է իր բնակավայրը, զոհվել է ավելի քան 200 քաղաքացիական անձ: Այդ մասին հայտնել է Ժնևում տեղակայված հումանիտար կազմակերպության ներկայացուցիչը, փոխանցում է Reuters-ը։

Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ուժերը հայտարարել են, որ թուրքական ներխուժման հետևանքով սպանվել է 218 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 18 երեխա: Մարտական գործողությունների հետևանքով վիրավորվել է 650 մարդ: Թուրքական իշխանությունները պնդում են, որ Թուրքիայում մահացել է 20 մարդ:

Տարածաշրջանում տիրում է հումանիտար աղետալի իրավիճակ. Հասակայում խմելու ջուր չկա:
Իր հերթին, Իրանի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ հանդիպման ժամանակ, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ Դամասկոսը կխոչընդոտի թուրքական ագրեսիային «իրավական բոլոր ճանապարհներով», փոխանցում է սիրիական SANA գործակալությունը:
Ասադը նշել է, որ Էրդողանի ռեժիմը կեղծ կարգախոսների ներքո հանցավոր ագրեսիա է իրականացրել Սիրիայի դեմ: Թուրքիան մտադիր է Սիրիայի հյուսիսային շրջաններում իր սահմանի երկայնքով ստեղծել այսպես կոչված, անվտանգության գոտի, որը զերծ կլինի սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերից և այլ զինյալներից։ Այնտեղ կվերաբնակեցվի մինչև երկու միլիոն սիրիացի փախստական, որոնք այժմ գտնվում են Թուրքիայի տարածքում: