Երևան`   +13 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

«Ամեն ինչ սկսվեց ԱԺ 2018թ. ընտրություններից հետո, երբ գյուղապետը մարզպետին ձայն չտվեց». բողոքի ակցիա՝ Նորաշենում

236
Երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2019 թ., 10:55
«Ամեն ինչ սկսվեց ԱԺ 2018թ. ընտրություններից հետո, երբ գյուղապետը մարզպետին ձայն չտվեց». բողոքի ակցիա՝ Նորաշենում

Արարատի մարզի Նորաշեն համայնքում բողոքի ակցիա է ընթանում: Գյուղացիները բողոքում են, որ իրենց համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի լիազորություններն ապօրինի ձևով վայր են դրել:

Գյուղապետարանի աշխատակցի ներկայացմամբ, Նորայր Գրիգորյաննն այն մարդը չէ, ում հետ կարելի է այդպես անարդար ձևով վարվել. «Մինչև գյուղապետ դառնալը նա շատ բան է արել թե՛ գյուղի, թե՛ դպրոցի համար՝ իր անձնական միջոցներով... Բոլորը գիտեն իրեն, նա հարգված ղեկավար է եղել իր պաշտոնավարման ընթացքում»:

Ըստ գյուղացիների, մարզպետի կողմից գյուղապետի հանդեպ լարվածությունն սկսվեց 2018թ. Աժ ընտրություններից հետո, երբ մարզպետը դրել էր իր թեկնածությունը: Թեկնածու էր նաև Դվին գյուղից Սերգեյ Ատոմյանը, իսկ Նորայր Գրիգորյանն իր ձայնը տվել էր «Ելք» դաշինքից Սերգեյ Ատոմյանին»,- մանրամասնեցին գյուղացիները՝ նշելով, որ ընտրություններից հետո մարզպետի կարգադրանքով գյուղապետի դեմ սկսվել են քրեական հետապնդումներ՝ չարաշահումների փաստով: «Մեկ տարի է՝ էս ժողովրդին իրենց բանուգործից կտրեցին, տարան բաժինները, քրքրեցին, ոչինչ չգտան. գործը կասեցվեց: Գյուղապետից ազատվելու մարզպետի այս տրյուկը չանցավ, հիմա էլ սկսեց չորս ավագանիներին լարել գյուղապետի դեմ՝ թույլ չտալով գյուղում աշխատանքներ կատարի: Հուշարձանը, որն սկսել էր վերանորոգել՝ կիսատ թողեցին, հուշարձանի կողքին փորձեց մի շենք կառուցել ծերերի համար, սա էլ կասեցվեց, ինչ ծրագիր ձեռնարկում է՝ ավագանիների դրդմամբ կասեցվում է»,- պատմում էին ակցիայի մասնակիցները:

Նրանց խոսքով՝ գյուղապետն իր լիազորությունների դադարեցման մասին իմանում է պահակի միջոցով, արձակուրդ եղած ժամանակ. «Կարգադրության մեջ նշված է, որ հիմք ընդունելով ավագանիների անվստահությունն հայտնելու հանգամանքը, կասեցվում է գյուղապետի լիազորությունները: Մենք ունենք 8 ավագանի, գոնե 5 ավագանու անդամ պետք է ստորագրեր արձնագրության տակ, այնինչ նրանք 4-ն են:

Նման նիստ տեղի չի ունեցել. ես չգիտեմ՝ որտե՞ղ են հավաքվել նիստ կայացրել, որտե՞ղ են այդ ավագանիները իրենց ստորագրությունները դրել, աշխատակազմի քարտուղարն այդ նիստը չի արձանագրել... Հիմք ընդունելով այս ապօրինի ստորագրությունները, մարզպետը գրություն է ուղարկում Տարածքային կառավարման նախարարություն, վերջինն էլ հաստատում, ուղարկում է... Ո՞վ է այդ հինգերորդ ավագանու անդամը, որը ներկա է եղել նիստին: Զարմանալին այն է, որ այդ արձանագրությունը ոչ մի տեղ չկա: Մենք պահանջում ենք՝ թող մարզպետը այդ արձանագրությունը վերցնի, գա էստեղ, էս ժողովրդին ցույց տա»:

Գյուղացիների խոսքով՝ և՛ համայնքապետը, և՛ ավագանիներն ընտրված են ժողովրդի կողմից: Հետևաբար, երկուսն էլ հաշվետու են գյուղի ժողովրդին: