Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.

Ջրային տնտեսության կոմիտեն ու դրա ստորաբաժանումները՝ ԱԺ խոշորացույցի տակ

99
Չորեքշաբթի, 07 օգոստոսի, 2019 թ., 11:20
Ջրային տնտեսության կոմիտեն ու դրա ստորաբաժանումները՝ ԱԺ խոշորացույցի տակ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հունիսի 19-ի որոշմամբ, ստեղծվել է երկրորդ քննիչ հանձնաժողովը: Հիշեցնենք, որ առաջինն ստեղծվել էր 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով:

Երկրորդ քննիչ հանձնաժողովի ուսումնասիրության առարկան Ջրային տնտեսության պետական կոմիտեի, դրա կառուցվածքային միավորների, ջրօգտագործող ընկերությունների, «Ջրային տնտեսություն» ԾԻԳ-ի գործունեությունը և առկա խնդիրներն են:

16 հոգանոց հանձնաժողովի կազմում «Իմ քայլը» ունի 11, ԲՀԿ-ն՝ 3, «Լուսավոր Հայաստանը»՝ 2 անդամ: Հանձնաժողովի նախագահը Ծովինար Վարդանյանն է՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից:

Արարատի և Արմավիրի մարզերի գյուղացիական համայնքներն ավելի քան 10 տարի է, ինչ բարձաձայնում են համակարգային խնդիրների և դրանք չլուծելու բացասական հետևանքների մասին:

Հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը МAMUL.am-ի թղթակցին ասաց, որ այժմ ուսումնասիրում են ՀՀ հաշվեքննիչ պալատի հաշվետվությունը, ինչպես նաև արված օրենսդրական փոփոխությունները: Առաջին նիստը գումարել են հուլիսի 1-ին, սպասվում է, որ երկրորդը կհրավիրվի այս ամսվա կեսին: Հանձնաժողովի անդամները խնդիրներին կծանոթանան նաև Արարատի ու Արմավիրի մարզեր այցելություններով:

Քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետ է սահմանվել 6 ամիսը: