Երևան`   +2 °C
Այսօր`   Երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ.

Օգտակար է իմանալ, եթե որոշել եք ճամփորդել

166
Երեքշաբթի, 30 հուլիսի, 2019 թ., 22:10
Օգտակար է իմանալ, եթե որոշել եք ճամփորդել

Ճամփորդությունը, դրական միտումներով հանդերձ, կարող է ենթադրել նաև որևէ երկրում, որևէ վարակիչ հիվանդության ձեռք բերման վտանգ:

Կան մի շարք երկրներ, որտեղ այցելելու դեպքում խորհուրդ է տրվում որոշ հիվանդությունների դեմ ստանալ կանխարգելիչ պատվաստումներ: Պարտադիր պատվաստումն ամբողջ աշխարհում ընդամենը մեկն է՝ դեղին տենդի դեմ: Վերջինս փոխանցվում է Աեդես ցեղի մոծակների միջոցով: Ուղեկցվում է բարձր ջերմությամբ, ուժեղ գլխացավով, մեջքի և վերջույթների մկանների ցավով, սրտխառնոցով և փսխումով, իսկ «դեղին» անվանումն առաջացել է հիվանդների մոտ զարգացող դեղնուկով։

Դեղին տենդի դեմ պատվաստված լինելու հանգամանքի մասին վկայող միջազգային հավաստագիրը, որն ի դեպ, հենց «դեղին հավաստագիր» էլ կոչվում է, պարտադիր պահանջվում է աֆրիկյան և լատինամերիկյան երկրներ մուտք գործել ցանկացողներից՝ անկախ այն հանգամանքից, թե նրանք որտեղից են ժամանում:

Ճամփորդները դեղին տենդի դեմ պետք է պատվաստում ստանան ոչ ուշ, քան մեկնելուց 10 օր առաջ, որովհետև պաշտպանական մեխանիզմները զարգանում են այդ ընթացքում:

Կան պատվաստումներ, որոնք խորհուրդ են տրվում՝ ելնելով տվյալ երկրի համաճարակային իրավիճակից: Օրինակ՝ Հնդկաստան մեկնողներին խորհուրդ է տրվում պատվաստվել հեպատիտ Ա-ի և որովայնային տիֆի դեմ: Մանավանդ, եթե այդ այցելությունը երկարաժամկետ է, ու մարդն օգտվելու է հանրային սննդի վայրերից:

Եվրոպական երկրներ մեկնել ցանկացողներին առաջարկվում է պատվաստվել կարմրուկի ու կարմրախտի դեմ:

Խորհուրդ է տրվում պատվաստվել պոլիոմիելիտի դեմ, եթե անձը որոշել է մեկնել օրինակ Աֆղանստան կամ Պակիստան. այդ երկրները պոլիոմիելիտի առումով էնդեմիկ են, ու ժամանակ առ ժամանակ այնտեղ բնական վիրուսով պոլիոմիելիտի դեպքեր գրանցվում են ու տարածվում աշխարհի տարբեր երկրներում, որտեղ հիվանդությունը վաղուց չի հանդիպել:

Դեղին տենդի դեմ մեկ անգամ ստացած պատվաստումը բավարար է ամբողջ կյանքում դրանից պաշտպանված լինելու համար: Իսկ օրինակ՝ կարմրուկի ու կարմրախտի դեպքում կարող է անհրաժեշտ լինել 2 դեղաչափ, իսկ պոլիոմելիտի դեպքում՝ 3 պատվաստում։ Հետևաբար հարկավոր է, որ ճանապարհորդել պատրաստվող անձը պատվաստվի ուղևորությունից առնվազն մեկ ամիս առաջ:

Եթե քաղաքացին չի հիշում պատվաստումային իր կարգավիճակը, այսինքն՝ թե ժամանակին ո՞ր հիվանդությունների դեմ է ստացել կանխարգելիչ պատվաստում կամ ստացե՞լ է արդյոք, ապա կրկնակի պատվաստումը չի կարող վնասակար լինել:

Զբոսաշրջիկները Հայաստանից այլ երկրներ մեկնելիս խորհրդատվություն և պատվաստում ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (հեռախոս՝ +37410 55 06 01)։

ՀՀ առողջապահության նախարարություն