Երևան`   +23 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 հուլիսի, 2019 թ.

Կարկուտի հասցրած վնասների մասին

159
Երկուշաբթի, 01 հուլիսի, 2019 թ., 17:45
Կարկուտի հասցրած վնասների մասին

Որքա՞ն վնասներ են կրել Շիրակի ու Գեղարքունիքի մարզերը հունիսին տեղի ունեցած կարկտահարություններից: MAMUL.am-ը փորձել է հարցի պատասխանը ստանալ իրավասու պաշտոնյաներից: Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանն ասաց, որ տվյալները դեռ ամբողջական չեն:

«Ինչպե՞ս կարող է հանձնաժողովն ավարտել հաշվարկները, եթե ամեն օր կարկուտ է գալիս: Մեկը կիսատ թողած՝ մյուսն է գալիս: 4 անգամ կարկուտ է եղել՝ հունիսի 4-ին, 24-ին, 27-ին և 29-ին: Հունիսի 29-ի հաշվարկները հանձնաժողովն արդեն սկսել է, ուսումնասիրում ենք Արթիկի տարածաշրջանի ու միավորված Անի համայնքի կրած վնասները»,- նշեց վարչության պետը:

Ըստ նրա՝ ամբողջությամբ հաշվարկել են միայն հունիսի 4-ի կարկտի վնասները: Դրա պատճառած վնասը 560 միլիոն դրամ է, տուժել է 223 հա տարածք:

Թե որքան հա տարածք է տուժել հունիսի 24-ի կարկուտից, դեռ ամփոփում են: Հունիսի 27-ի կարկտից վնասներ են կրել Աշոցքի, Ախուրյանի ու Ամասիայի տարածաշրջանները: Ուսումնասիրության հաշվարկները հայտնի կդառնան հուլիսի 2-ին:

Հարցին, թե տուժած տարածաշրջաններում հակակարկտային կայաններ եղե՞լ են, թե՞ ոչ, Մովսես Մանուկյանն ասաց, որ գրեթե բոլոր տարածքներում եղել են, սակայն դա վնասից չի ապահովագրել:

«Այնտեղ, որտեղ հակակարկտային կայաններ եղել են, վնասը 20-30 տոկոս է կազմել: Այստեղ մի խնդիր էլ կա, կայանները տեղադրված են հիմնականում արևմտյան՝ Թուրքիայի սահմանի երկարությամբ, բայց 2 անգամ կարկուտը Լոռվա մարզից է եկել: Այդ հատվածում տեղադրված կայաններ գրեթե չունենք: Մարզն ամբողջությամբ չէ հագեցած հակակարկտային կայաններով: Ընդամենն ունենք 98 հակակարկտային կայան, բայց անհրաժեշտ է 2000-3000-ը:

Վարչության պետն ասաց, որ ակնկալում է, որ կառավարության կողմից հատուցում կլինի, նրան հուսադրել է էկոնոմիկայի նախարարի՝ հարցազրույցներից մեկում հնչեցրած խոսքը, որ փոխհատուցում կլինի:

«Ամենայն հավանականությամբ՝ այն սեպտեմբերին կլինի: Այդ ամսին կարկուտը չի վնասում գյուղատնտեսական մշակաբույսերը: Պետական աջակցությունը պետք է ակնկալել աշնանը, նախորդ տարի դեկտեմբերին եղավ»,- նկատեց մարզպետարանի ներկայացուցիչը:

Գեղարքունիքի մարզում ևս հաշվարկները վերջնական տեսք չեն ստացել: Ըստ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարպության պետ Համբարձում Համբարձումյանի՝ մինչ այժմ կատարված հաշվարկների համաձայն՝ հունիսին տեղի ունեցած կարկտահարությունից համայնքների կրած վնասների պատկերը հետևյալն է՝ Գավառում՝ 640 հազար և 15 միլիոն 497 հազար՝ 2 կարկտահարությունից, Լճափ՝ 32 միլիոն 359 հազար, Ծովազարդ՝ 10 միլիոն 231 հազար, Հայրավանք՝ 8 միլիոն 209 հազար, Արծվանիստ՝ 23 միլիոն 654 հազար, Լճավանը՝ 7 միլիոն 979 հազար: 3-4 օրից պարզ կլինի, թե Մարտունու տարածարջանը որքան վնասներ է կրել երեկ գիշեր տեղի ունեցած կարկտահարությունից:

Մարզպետարաններում պետական աջակցության հույսին են: Եթե պետական աջակցություն չստանան, ապա գյուղացուն բարի խորհրդից ու բարի կամեցողությունից բացի այլ բան չեն կարող առաջարկել: