Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«46 օր հացադուլի մեջ գտնվող Վահե Մելոյանի վիճակը ծայրահեղ ծանր է». Ժաննա Ալեքսանյան

850
Շաբաթ, 15 հունիսի, 2019 թ., 11:00
«46 օր հացադուլի մեջ գտնվող Վահե Մելոյանի վիճակը ծայրահեղ ծանր է». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ 46 օր հացադուլի մեջ գտնվող Վահե Մելոյանի վիճակը ծայրահեղ ծանր է. «32-ամյա Վահե Մելոյանին մեղադրում են ավազակային հարձակման մեջ։ Նա չի ընդունում մեղադրանքը և ահա դիմել է ծայրահեղ քայլի։ Նա պահանջել է հանդիպում քննիչի և դատախազի հետ, որոնք հանդիպումը նշանակել են երկուշաբթի, այսինքն հացադուլի 49-րդ օրը։ Անմարդկային վերաբերմունք։ Վահեի հետ մի բան պատահելու դեպքում ողջ պատասխանատվությունը կրելու է գլխավոր դատախազությունն ու քննչական կոմիտեն։ Վահեն տառապում է հոգեկան հիվանդությամբ»:

Ալեքսանյանի գրառմանն արձագանքել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը. «Հունիսի 12-ին Վահե Մելոյանն «Էջմիածին» բուժհաստատությունում ենթարկվել է բուժզննության։ Երեկ նրան այցելել է ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազը, որի շրջանակում Վ. Մելոյանը ենթարկվել է հարցման։ Վերջինս ցանկություն է հայտնել հանդիպել իրեն առնչվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Այսօր կայացել է նաև այդ հանդիպումը։ Հանդիպման արդյունքից ելնելով՝ հացադուլից դուրս գալու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Իսկ այսօր ուշ երեկոյան նա հրաժարվել է ընդունել ՔԿՀ եկած շտապօգնության անձնակազմին։ Վիճակը նորմալ է՝ հացադուլում գտնվելու պայմաններում։ Պատշաճ հսկողություն է իրականացվում»,- գրել է նա:

«46-րդ օրը վիճակը՝ նորմա՞լ»,- ի պատասխան՝ արձագանքել են օգտատերերը: