Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Սննդային թունավորումներ` խնջույքների ժամանակ

352
Չորեքշաբթի, 12 հունիսի, 2019 թ., 16:00
Սննդային թունավորումներ` խնջույքների ժամանակ

Հունիսի 11-ին Առողջապահության նախարարություն ահազանգ է ստացվել, որ աղիքային վարակներին բնորոշ գանգատներով 4 քաղաքացի դիմել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Անմիջապես ձեռնարկված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ հիվանդները մասնակցել են ընդհանուր միջոցառման: Հիվանդներից վերցվել են կենսանմուշներ լաբորատոր հետազոտությունների համար: Վարակի աղբյուրի հայտնաբերման, ինչպես նաև պատճառահետևանքային կապը բացահայտելու նպատակով՝ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ: Այդ թվում միջոցառմանը մասնակցած 300-ից ավելի քաղաքացիների հետ անհատական կապ է հաստատվում: Աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

Մեկ այլ դեպքով՝ հունիսի 6-ին՝ տանը կազմակերպված խնջույքից հետո, աղիքային գանգատներով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց ընդունված բոլոր հիվանդներն արդեն առողջացել են: Կազմակերպված համաճարակաբանական ուսումնասիրությունների և հիվանդներից վերցված կենսանմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում հիվանդների մոտ վերջնական ախտորոշվել է սալմոնելոզ:

Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար՝ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է.

. սննդամթերքը (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով,
. չօգտագործել տնային պայմաններում պատրաստվող և շուտ փչացող սննդամթերք, հում մթերքներից պատրաստվող սոուսներ, աղցաններ,
. սննդամթերքը պահել փակ տարողություններում՝ ճանճերի կողմից աղտոտումը կանխարգելելու նպատակով, ինչպես նաև՝ պատշաճ ջերմային պայմաններում,
. ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք,
. չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք՝ միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն,
. ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր,
. առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն),
. սնունդը լավ եփել կամ տապակել՝ առնվազն 700C պայմաններում,
. պատահական վայերից սունկ չգնել: Գնված սունկը լվանալիս պետք է լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած մթերք,
. հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո։

ՀՀ առողջապահության նախարարություն