Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Ո՞ւր է բյուջեի 900 մլն դոլարը». ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է

255
Երեքշաբթի, 30 ապրիլի, 2019 թ., 23:30
«Ո՞ւր է բյուջեի 900 մլն դոլարը». ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է

ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է տարածել, որում մասնավորապես ասվում է. ««168 ժամ» օրաթերթի հրապարակած «Ո՞ւր է բյուջեի 900 մլն դոլարը. Սա՞ է ստվերի դեմ Նիկոլ Փաշինյանի պայքարի արդյունքը» նյութում ոչ ճիշտ կերպով է ներկայացվել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի կողմից՝ ՀՀ կառավարության 2018թ ապրիլի 18-ի նիստի ընթացքում արտահայտված մտքերը՝ կապված «հարկային ծախս» և «հարկային պոտենցիալ» եզրույթների ու դրանց համապատասխան ցուցանիշների հետ:
Մասնավորապես, նյութում ներկայացվել են գոյություն չունեցող տվյալներ և ցուցանիշներ, որոնք ներկայացվել են իբրև ֆինանսների նախարարության հաշվարկ: «Ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ անցած տարի պետական բյուջեն հարկերի տեսքով չի ստացել ավելի քան 900 մլն դոլար։ Ո՞ւր է այդ գումարը», - ասված է օրաթերթի նյութում, մինչդեռ որևէ նման հաշվարկ, պաշտոնական փաստաթուղթ կամ հայտարարություն գոյություն չունի:
Որպես տվյալ ցուցանիշի աղբյուր նյութի հեղինակը հիշատակել է կառավարության նիստում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հայտարարությունն այն մասին, որ 2018 թվականի համար հաշվարկված հարկային պոտենցիալը մոտավորապես 438 մլրդ դրամով ավելի շատ է եղել հավաքված հարկերի ծավալից: Իր ելույթի մեկ այլ հատվածում նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է. «...հարաբերական թեթև հարկային ռեժիմը ոչ միայն գյուղատնտեսության, այլ ընդհանրապես արտոնությունների կարգավորման արդյունքում գնահատվել է մոտավորապես 442 մլրդ դրամ 2019 թվականի համար որպես հարկային ծախս: Այսինքն սա այն գումարն է, որ եղած կարգավորումներով տրամադրված արտոնությունների արդյունքում պետական բյուջեն այլ հավասար պայմաններում չի ստանում»: Փաստացի՝ Ա. Ջանջուղազյանը խոսել է երկու տարբեր ցուցանիշների մասին և մեջբերել է երկու տարբեր թվեր:
Նշված երկու ցուցանիշներից հոդվածագիրը եզրակացրել և պնդում է կատարել, թե իբրև ՀՀ պետական բյուջեն տարեկան կորցնում է 880 մլրդ դրամ կամ բյուջեի հարկային եկամուտների 70 տոկոսը։ Մինչդեռ նախարար Ա. Ջանջուղազյանն իր խոսքում բազմիցս ընդգծում է, որ այդ գումարների կեսից ավելին վերաբերում է պետության կողմից տրված հարկային արտոնություններին, իսկ մյուս կեսի մասով դեռևս մեթոդաբանական հստակեցումների կարիք կա, որպեսզի պարզվի, թե դրա որ մասն է ենթակա հարկման:
Այս նյութը լրատվական դաշտում ապակողմնորոշում է առաջացրել, ինչի հետևանքով լրագրողները 30.04.19-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հարց ուղղելիս խեղաթյուրված մեջբերումներ են կատարել նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքից՝ թե իբրև ՀՀ պետական բյուջեն 2018թ-ին թերակատարվել է 438 մլրդ դրամով: Խեղաթյուրված մեջբերումներով հարցի արդյունքում Դավիթ Անանյանը ենթադրություն է կատարել, որ, գուցե, Ատոմ Ջանջուղազյանը տերմինների միջև շփոթվել է: Մինչդեռ կառավարության նիստի ընթացքում ֆինանսների նախարարը խոսել է երկու տարբեր եզրույթների՝ «հարկային պոտենցիալի» և «հարկային ծախսի մասին»:
Պարզաբանում.
- Հարկային պոտենցիալը դրամական արտահայտության հարկերի այն հանրագումարն է, որը հնարավոր է հավաքել ողջ իրական տնտեսության կտրվածքով (հավաքված հարկեր+հարկային ծախս+հարկային ստվեր):
- Հարկային ծախսը դրամական արտահայտությամբ հարկերի այն հանրագումարն է, որն օրենսդրությամբ տրված արտոնությունների արդյունքում չի հավաքվում»: