Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Եկատերինբուրգում այրվող տնից 3 երեխայի փրկած Գևորգ Ավետիսյանի ընտանիքին վտարել են բնակարանից

1416
Հինգշաբթի, 28 փետրվարի, 2019 թ., 16:20
Եկատերինբուրգում այրվող տնից 3 երեխայի փրկած Գևորգ Ավետիսյանի ընտանիքին վտարել են բնակարանից

Եկատերինբուրգի իշխանությունները բնակարանից վտարել են Գևորգ Ավետիսյանին, ով հունվարին այրվող տնից 3 երեխայի էր դուրս բերել, հաղորդում է «РИА Новости»-ն:

Գևորգ Ավետիսյանին, նրա կնոջն ու 5 երեխաներին բնակարանից վտարումը բացատրել են նրանով, որ նրանք այնտեղ բնակվելու իրավունք չունեն:

Փայտե միհարկանի տնակը, որտեղ բնակվում էին Ավետիսյանները, պատկանել է «Սվերդլեսմաշ» ձեռնարկությանը, որտեղ աշխատել է Գևորգի կնոջ՝ Տատյանայի պապը, ապա բնակարանը դարձել է քաղաքապետարանի սեփականությունը: 2018-ի ամռանը Եկատերինբուրգի վարչակազմն ընտանիքին վտարելու հայցով դիմել է դատարան, հայցը բավարարվել է:

«Հայտարարեցին, որ ընտանիքն իրավունք չունի ապրել այդ բնակարանում, որ այն պետական է: Մենք խնդրեցինք որպես անապահով ընտանիք, սակայն մերժեցին: Մեզ ասում են, որ պաշտոնապես հողակտոր կհատկացնեն, սակայն 6 տարի է՝ հերթի մեջ ենք, ու դեռ ոչինչ չեն տվել»,- նշել է Գևորգը:

«Говорит Москва» ռադիոկայանի հետ զրույցում Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսանդր Վիսոկինսկին խոստացել է օգնել ընտանիքին: «Իրավիճակը կլուծենք: Հասկանալի է, որ կօգնենք: Այն, ինչ օրենքի սահմաններում է, անկասկած, կանենք»,- ասել է նա: