Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Վրաստանի ԱԳՆ-ն առևտրային նոր միջանցքների մասին կեղծ տեղեկություն տարածելու համար մեղադրել է «Коммерсант»-ին

461
Չորեքշաբթի, 06 փետրվարի, 2019 թ., 13:05
Վրաստանի ԱԳՆ-ն առևտրային նոր միջանցքների մասին կեղծ տեղեկություն տարածելու համար մեղադրել է «Коммерсант»-ին

Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալքալիանին անդրադարձել է ռուսական մի շարք ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունն այն մասին, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներով պլանավորվում է առևտրային նոր միջանցքներ ստեղծել:

«Հերթական ապատեղեկատվությունը, որը տարածել են ռուսական ԶԼՄ-ները, և որն աջակցում են մեր ընդդիմախոսներն ու Վրաստանի նախկին նախագահը: Նման քննարկումն անընդունելի է, քանի որ այն իրականության հետ որևէ կապ չունի»,- ասել է Զալքալիանին:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև կնքված համաձայնագիրը «ենթադրում է տարանցիկ միջանցքների մոնիթորինգ, իսկ մնացած ամեն ինչ սուտ է»:

Հիշեցնենք, որ «Коммерсант»-ն ավելի վաղ «Նոր միջանցքներ Հայաստանի համար. Ռուսաստանն ու Վրաստանն ավարտին են հասցրել քննարկումները» վերնագրով հոդված էր հրապարակել, որում ասվում էր, որ Մոսկվան և Թբիլիսին ավարտին են հասցրել 2011թ. ստորագրված «Ապրանքների առևտրի մաքսային վարչարարության և մոնիթորինգի մեխանիզմների մասին» համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ գործընթացները: Համաձայնագիրը ստորագրվել էր 2011թ. նոյեմբերի 9-ին Ժնևում, դա փաստաթղթերի փաթեթի մի մասն էր, որը կնքվել էր Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության գործընթացների ժամանակ: Ռուսաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է դարձել 2012թ., սակայն Վրաստանի հետ համաձայնագիրը, որը ենթադրում է երկու երկրների միջև առևտրային 3 միջանցքի ձևավորում, որոնցից երկուսն անցնելու են Աբխազիայով և Հարավային Օսիայով, այդպես էլ չի աշխատել, Մոսկվայից և Թբիլիսիից 7 տարի է պահանջվել դրա իրականացման համար: Պարբերականը հայտնել էր նաև, որ համաձայնագրի մեխանիզմների իրականացման համար խոչընդոտներ չկան: