Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ադրբեջանին Ղարաբաղն այնքան էլ պետք չէ». Լապշին

1064
Երեքշաբթի, 22 հունվարի, 2019 թ., 15:00
«Ադրբեջանին Ղարաբաղն այնքան էլ պետք չէ». Լապշին

Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով այս օրերին գտնվում է Երևանում, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ ՊՆ-ին խնդրել է թույլ տալ իրեն այցելել սահմանային գոտի: «ՀՀ ՊՆ-ին խնդրել եմ թույլ տալ ինձ այցելել սահմանային գոտի, որպեսզի իմ բլոգում կարողանամ պատմել մարդկանց կյանքի մասին, ովքեր ապրում են Ադրբեջանի կրակոցների տակ գտնվող գյուղերում, մասնավորապես, Նոյեմբերյանի շրջանում: Հույս ունեմ՝ թույլ կտան: Դեռևս չեմ եղել Սյունիքում՝ Մեղրիում, բացառապես տուրիստական ծրագրեր ունեմ»,- ասել է Լապշինը:

Հայաստանը, Լապշինի խոսքով, գրավում է իր բնությամբ, ճարտարապետությամբ, հետաքրքիր ժողովրդով, և այդ մասին կարելի է անվերջ խոսել:

Նա նաև անդրադարձել է ԱՄՆ-ում և Ստրասբուրգում սկսված գործընթացներին, որոնց մասին ավելի վաղ հայտնել էր: «ԱՄՆ-ի մասին դեռևս չէի ցանկանա խոսել, քանի որ գործն ընթացքի մեջ է, և եթե ինչ-որ բան այնտեղ ակտիվանա, կհայտնեմ այդ մասին: Իսկ Ստրասբուրգում սկսվել են ադրբեջանական կողմի հետ շփումները, այսինքն՝ եվրոպական դատարանն ընդունել է իմ հայտը, դա շատ կարևոր փուլ է, քանի որ Ադրբեջանը տարբեր ջանքեր էր գործադրում դա թույլ չտալու համար»,- նշել է բլոգերը՝ հավելելով, որ իր հետ կապված ողջ պատմությունն Ադրբեջանին պետք էր ներքին օգտագործման համար:

«Նրանց թշնամու կերպար էր պետք, որպեսզի հանրությանը շեղեին սոցիալ-քաղաքական խնդիրներից: Այսինքն՝ գլխավոր թշնամին Հայաստանն է, և նրանց Ղարաբաղն այնքան էլ պետք չէ, նրանց պետք է սառեցված հակամարտությունը, որպեսզի դրան վերագրեն իրենց բոլոր խնդիրները: Եվ եթե Լապշինը չլիներ, մի բան կմտածեին»,- ասել է Լապշինը: