Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Ինչի՞ համար է այս անվերջ կռիվը...». Հրանուշ Խառատյան

363
Ուրբաթ, 21 դեկտեմբերի, 2018 թ., 04:05
«Ինչի՞ համար է այս անվերջ կռիվը...». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մշակույթն այն ամենն է, ինչն իմաստավորում է մարդու և խմբի կյանքը, կամ՝ այն ամենը, ինչ իմաստավորում է մարդու և խմբի կյանքը՝ մշակույթ է: Մարդկային հարաբերություններն՝ ընտանեկան, ազգակցական, հասարակական հարաբերությունները, հարաբերությունները սեռերի, տարիքային խմբերի մեջ և միջև, աշխատանքը, վաստակելը և վաստակածը տնօրինելը, ծախսելը, հանգստանալը և զվարճանալը, առօրյան և տոնը, կենսաբանական կարիքներն՝ ուտելը, քնելը, քայլելը և այլն մարդկանց կյանքում մշակութայնացվել են՝ ինչ ուտել, ինչ չուտել, ում հետ չուտել, ում հետ ուտել և ինչպես ուտելը մշակութային երևույթներ են: Մարդկանց կյանքում մշակութայնացվել են նույնիսկ զգացմունքները՝ սիրելը և ատելը, նվիրումն ու մերժումը... Եթե մենք մշակույթը հասկանում ենք միայն արվեստը և մշակույթի վարչական կազմակերպումն ընկալում ենք միայն արվեստի զարգացումը՝ գրականություն, երաժշտություն, կերպարվեստ, կինո և այլն՝ մենք անսահման նվազեցնում ենք մշակույթի ընկալումը և մեր կյանքի մշակութային ծավալը, այլ խոսքերով՝ մեր կյանքի իմաստը: Մարդկային խմբերը, այդ թվում՝ ազգային-էթնիկական, ազգային-պետական/քաղաքացիական, կրոնական, լեզվական, տնտեսական, հասարակական միմյանցից տարբերվում են իրենց մշակութային մետա- և տեղական առանձնահատկություններով: Ֆիզիկական կամ աշխարհագրական տարածքն իմաստավորվում, հայրենիք և պետություն է դառնում խմբի կողմից այդ տարածքն օգտագործելու և խմբի մշակութայնացված կյանքը կազմակերպելու միջոցով: Նաև՝ խմբի կյանքի մշակույթն այդ տարածքում հաջորդ սերունդներին ժառանգելու միջոցով: Սրան կարելի է նաև մշակութային հիշողություն անվանել: Եթե մենք մեր մշակութային հիշողությունից հրաժարվում ենք, մշակույթը պահպանելու, զարգացնելու, պաշտպանելու վարչական ձևերը չենք գտնում, եթե մշակույթի նախարարության իմաստը և անելիքը չենք գտնում, եթե մշակույթի նախարարության գործառույթը հանգում է բյուջեն արվեստի տարբեր ոլորտները ֆինանսավորելուն, բնական է, որ մենք մշակույթի նախարարությունը կարող ենք խցկել որևէ այլ վարչական կառուցվածքի մեջ: Կարող ենք նաև լուծարել: Դրանով, սակայն, մենք ընդամենը հաստատում ենք, որ մենք մեր տեսակի՝ հայության և հայաստանության կյանքի իմաստը չենք գտնում: Ուրեմն ինչի՞ համար է այս անվերջ կռիվը՝ պետություն ստեղծել, պետության կառավարման ձևեր փնտրել, աշխարհի այլ տեսակների հետ հարաբերություններ կառուցելու ձևեր փնտրել, պատերազմներում մեր տեսակը պաշտպանել, եթե այդ «մեր տեսակի» գոյության իմաստը՝ փաստացի մեր տեսակի իմաստը, մեր տեսակի մշակույթը պաշտպանելու և զարգացնելու իմաստը, մեր մշակութային հիշողության փոխանցման կարևորությունը և դրա զարգացումները չենք ըմբռնում»: