Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Գաբրիել Ղազարյանն ընդունել է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահին

489
Երկուշաբթի, 12 նոյեմբերի, 2018 թ., 19:05
Գաբրիել Ղազարյանն ընդունել է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Էնդրյու Փարսոնսին (Andrew Parsons):

Կողմերը քննարկել են պարալիմպիկ շարժման զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների անհրաժեշտությունը՝ կարևորելով Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի սերտ համագործակցությունը մարզաձևերի ազգային ֆեդերացիաների հետ:

Նախարարը Էն. Փարսոնսին տեղեկացրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից հաշմանդամային սպորտի ոլորտում իրականացվող ծրագրերի մասին և նշել, որ աշխատանքները տարվում են ինչպես բարձրագույն սպորտային միջոցառումներին հաշմանդամություն ունեցող մարզիկների մասնակցությունն ապահովելու, այնպես էլ մասսայական սպորտի ծրագրերում նրանց ընդգրկելու ուղղությամբ:

Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահն անդրադարձել է Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի համագործակցությանը, ինչը, հյուրի խոսքերով, հաջող իրականացվում է միջազգային կոմիտեների մակարդակով: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի պարամիլպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը: