«Տեսչական մարմինը չի հանձնարարել դադարեցնել Ալավերդու ձուլարանի գործունեությունը». հայտարարություն
![]() Ալավերդու ձուլարանի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ «Արմենիան քափըր փրոգրամ» ՓԲ ընկերության հայտարարության մեջ, որպես գործարանի փակման պատճառներից մեկը, նշվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի Տեսչական մարմնի իրականացրած ստուգման արդյունքները: Հայտարարության անհստակ ձևակերպումները շատերի մոտ շփոթմունք են առաջացրել և տպավորություն ստեղծել, թե Տեսչական մարմինը հանձնարարել է դադարեցնել ձուլարանի գործունեությունը, ուստի հարկ ենք համարում Տեսչական մարմնին վերաբերող մասով հանրությանը տրամադրել որոշակի պարզաբանումներ. նշված է ԲԸ տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ: Ընկերության պաշտոնական հայտարարության մեջ, մասնավորապես, առանձնացված է Տեսչական մարմնի գործունեությանն առնչվող երկու գործոն՝ սահմանված տուգանքի չափը և մոտ երկամսյա ժամկետում արտանետումները նվազեցնելու վերաբերյալ հանձնարարության կատարման անհնարինությունը: 1) Նախ նշենք, որ ստուգումն իրականացվել է Տեսչական մարմնի համար սահմանված՝ տարեկան պլանային ստուգման շրջանակներում: Այսինքն՝ Տեսչական մարմինն ուներ պարտավորություն ընթացիկ տարում Ալավերդու ձուլարանում իրականացնել ստուգում: Ստուգման գործընթացը, այդ թվում վնասի հաշվարկի մեխանիզմը խստորեն կանոնակարգված է օրենսդրական ակտերով, և Տեսչական մարմինը չունի հայեցողականություն ստուգվող բաղադրիչների ընտրության (ծծմբի անհիդրիդ, պղնձի օքսիդ, անօրգանական փոշի և այլն) կամ վնասի չափը հաշվարկելու հարցում և պարտավոր է առաջնորդվել օրենսդրությամբ սահմանված թույլատրելի արտանետումների չափաքանակներով և լիազոր մարմնի կողմից (ՀՀ բնապահպանության նախարարություն) ընկերությանը տրված թույլտվության պայմաններով: Ստուգմամբ վեր հանված խախտումների արդյունքում սահմանվել է 300 հազար դրամի չափով վարչական իրավախախտման տուգանք և մոտ 378 միլիոն դրամի չափով՝ շրջակա միջավայրին պատճառված վնաս, որը հաշվարկվել է ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումներով սահմանված վնասի հաշվարկման բանաձևերի միջոցով: 2) Սույն թվականի օգոստոսի 13-23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 2012-2017 թվականների ընթացքում պարտավոր էր թույլտվության մեջ ամրագրված գործողությունները կատարելու միջոցով աստիճանաբար նվազեցնել հիմնական բաղադրիչների արտանետման ծավալները (թույլտվության տեքստը կցված է): Օրինակ՝ արտանետվող ծծմբային անհիդրիդի արտանետման քանակը հեռացվող գազերի մաքրման համակարգի ներդրման միջոցով մինչև 2016 թվականի հոկտեմբերի 1-ը պետք է նվազեցվեր 50 տոկոսով, իսկ մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը՝ 90 տոկոսով: Նմանատիպ միջոցառումներ էին նախատեսվել նաև այլ նյութերի արտանետումների համար: Ընկերությունը, որպես ոլորտում պրոֆեսիոնալ գործունեություն իրականացնող կազմակերպություն, ստանձնել է այդ բոլոր պարտավորությունները՝ համաձայնելով թույլտվության պայմանների հետ և չի առարկել դրանց իրատեսական լինելու հարցում: Այնուհանդերձ, ընկերությունը չի կատարել անհրաժեշտ գործողություններ կամ դրանք եղել են խիստ անարդյունավետ, ինչի արդյունքում փաստացիորեն նույնիսկ փոքր չափով չեն ապահովվել թույլտվությամբ սահմանված պայմանները: Ավելին, նախքան արտանետումները նվազեցնելու վերաբերյալ հանձնարարականի տրամադրումը, Տեսչական մարմինը սեփական նախաձեռնությամբ դիմել է «Արմենիան քափըր փրոգրամ» ՓԲ ըկերությանը՝ առաջարկելով համաձայնեցնել ընկերությանը տրվելիք հանձնարարականի առանձին բաղադրիչներ, որպեսզի դրանք լինեն իրատեսական և իրականանալի, սակայն ընկերության ներկայացուցիչները պնդել են, որ արտանետումները օրենսդրության և իրենց տրված թույլտվության պահանջներին համապատասխանեցնելը անհնարին է և հարցի միակ լուծումը նոր գործարանի կառուցումն է: Այս պայմաններում Տեսչական մարմինն անիմաստ է համարել արտանետումները նվազեցնելու վերաբերյալ երկարաժամկետ հանձնարարականներ տրամադրելը և փոխարենը ընկերությանն առաջարկել է Ալավերդիում կազմակերպել հանրային քննարկում և հասարակությանը ներկայացնել ամբողջ ճշմարտությունը, ինչն էլ տեղի ունեցավ սույն թվականի հոկտեմբերի 1-ին: Արտանետումները նվազեցնելու վերաբերյալ հանձնարարականում մոտ երկամսյա ժամկետի տրամադրումը պայմանավորված է նաև նրանով, որ օրենքի համաձայն այդ ժամկետի ավարտից հետո Տեսչական մարմինն իրավասու է իրականացնել վերստուգում՝ պարզելու համար հանձնարարականի կատարման ընթացքը և ըստ իրավիճակի կարող է հաջորդիվ հանձնարարականներ տրամադրել: Տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կոռեկտությունից ելնելով՝ մենք զերծ ենք մնում ընկերության գործունեությանն առնչվող մանրամասներ հաղորդելուց, որոնք հանդիսանում են գործարանի փակման իրական պատճառներ: Միաժամանակ, ընկերությանը հորդորում ենք պետական մարմիններին և մասնավորապես Տեսչական մարմնին չվերագրել սեփական անարդյունավետ գործունեության հետևանքով գործարանի աշխատանքները դադարեցնելու պատճառները, այլապես մենք կնախաձեռնենք ևս մեկ հանրային քննարկում՝ առավել լայն օրակարգային հարցերով: Որքան էլ խնդիրը զգայուն է, հանրությանը և հատկապես ձուլարանի աշխատակիցներին խնդրում ենք հարցը դիտարկել ռացիոնալ մակարդակում: Հենց դրա համար էր Տեսչական մարմինը Ալավերդիում նախաձեռնել հանրային քննարկում, որի ընթացքում հանրությանն է ներկայացվել հնարավոր ամենալայն տեղեկատվություն՝ թյուրընկալումներից և պարզունակ մանիպուլյատիվ հնարքներից խուսափելու, փաստացի տեղեկատվության հիման վրա իրականությունը գնահատելու և համարժեք հետևություններ անելու նպատակով: Այսպիսով, Տեսչական մարմնի բոլոր գործողությունները բխել են իր պարտավորություններից և իրականացվել են օրենսդրությամբ սահմանված մեխանիզմներով: Ընկերությունը չի ապահովել իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները արտանետումները նվազեցնելու հարցում և չի ներկայացրել որևէ առաջարկություն արտանետումների ծավալը թույլատրելի սահմանաչափերին հասցնելու վերաբերյալ: Տեսչական մարմինը ընկերությանը չի հանձնարարել դադարեցնելու ձուլարանի գործունեությունը, այլ պահանջել է գործունեությունն իրականացնել թույլտվության պայմաններին համապատասխան: Մեզ հայտնի չէ նաև, թե արդյոք ըկերությունը լիազոր մարմնին ներկայացրել է նոր պայմաններով թույլտվություն ստանալու հայտ: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
