Ալավերդու պղնձաձուլական գործարանը փակման եզրին է. աշխատակիցների բաց նամակը՝ վարչապետին
![]() «Էյ-Սի-Փի» ՓԲԸ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքային կոլեկտիվը բաց նամակով դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Մեծարգո պարոն Վարչապետ, Ալավերդու պղնձաձուլական գործարանը Հայաստանի ամենահին արդյունաբերական ձեռնարկությունն է: Գործարանն է եղել Ալավերդի քաղաքի կայացման, զարգացման, բարեկարգման և բարգավաճման հիմնական աղբյուրը: Իր գոյության շուրջ 250 տարիների ընթացքում Ալավերդու պղնձաձուլական գործարանի գործունեությունը դադարեցվել է ընդամենը 4 անգամ՝ կապված պատերազմների, ասպատակությունների և հեղափոխությունների հետ: Վերջին դադարը կապված էր ԽՍՀՄ-ի փլուզման հետ, երբ գործարանը լուծարվեց ու հիմնովին ավերվեց: Որպես բնակավայր Ալավերդին միանգամից կորցրեց իր ուրույն դեմքը: Ալավերդին միանգամից դատարկվեց, որովհետեւ Ալավերդու գոյությունն իսկ պայմանավորված էր պղնձաձուլարանի առկայությամբ ու աշխատանքով: Գործարանի հերթական վերածնունդը ութ տարի անց 1997 թվականին էր: Կարծում ենք՝ հարկ չկա մանրամասնելու 1997-2018թթ Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնտեսավարման արդյունքները. Ալավերդու և հարակից բնակավայրերի սոցիալ-տնտեսական կյանքի եռուզեռը դրա վկայությունը և վառ ապացույցն են: Սակայն այսօր Ալավերդու պղնձաձուլական գործարանը հինգերորդ անգամ կանգնած է փակման եզրին: Ինչպես գործարանի աշխատողների, այնպես էլ Ալավերդի քաղաքի և հարակից բնակավայրերի բնակչության համար նորից օրակարգի գերխնդիր դառնում է մի կտոր հացի խնդիրը: Գործարանի յուրաքանչյուր աշխատատեղ իր գոյությամբ նպաստում է սպասարկման ոլորտի 3-4 աշխատատեղի լինելուն: Մենք, գործարանի 630 աշխատակիցներս, չենք ուզում, որ մեր եւ մեր մերձավորների ընտանիքները մնան առանց օրվա հացի: Հարգելի պարոն Փաշինյան, մեր կոլեկտիվի և Ալավերդի քաղաքի բնակիչների հույսը մեր նորընտիր կառավարությունն է: Ալավերդու պղնձաձուլական գործարանի կոլեկտիվն այսօր գտնվում է անորոշության մեջ. մենք չգիտենք մեր հետագա ճակատագիրը: Ընկերության աշխատանքով ապահովվում է Ալավերդի քաղաքի բնականոն կյանքը: Գործարանի փակվելը նշանակում է Ալավերդու եւ հարակից շրջանների բնակչության արտագաղթ: Ընկերության աշխատակիցների մեծ մասը գտնվում է վարկային պարտավորությունների տակ: Այսօր արդեն տնօրինության կողմից հրահանգավորվել է դադարեցնել արտացոլիչ վառարանի աշխատանքը: Տեխնոլոգիական առումով վառարանի սառեցումը կառաջացնի վառարանի եւ ծխատարի ամբողջական համակարգի վթարային իրավիճակ: Պարոն Վարչապետ, «Էյ-Սի-Փի» ՓԲԸ Ալավերդու պղնձաձուլական գործարանի կոլեկտիվը խնդրում է Ձեզ հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկել լուծելու վերոշարադրյալ խնդիրը: Այլապես Ալավերդի քաղաքի բնակչությունը ստիպված կլինի անցնել կտրուկ ու անկանխատեսելի գործողությունների, որոնք կարող են դիտարկվել որպես միտումնավոր քայլեր՝ ուղղված մեր կառավարության դեմ»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
