Ինչպես են ապրում ազատազրկվածները Նորվեգիայի ամենահարմարավետ բանտում
2624
Չորեքշաբթի, 14 մարտի, 2018 թ., 00:15
Halden Prison-ը Նորվեգիայի՝ իր մեծությամբ երկրորդ բանտն է, որը կարող է տեղավորել 252 կալանավորի: Այստեղ նրանց հանդեպ հատուկ մոտեցում է ցուցաբերվում, նրանցից ամեն մեկն ունի իր առանձնասենյակը՝ լոգասենյակով հանդերձ, գրում է CNN-ը: Կալանավորների ժամանցն այստեղ շատ բազմազան է՝ հեծանվային զբոսանքներից մինչև խոհարարական դասեր, իսկ պահակներն էլ անում են ամեն ինչ, որ զբաղեցնեն նրանց ազատ ժամանակ: Ի դեպ, այստեղ պահակները սովորաբար զենք չեն կրում, իսկ նրանց մեծ մասն իգական սեռի է: Դա արված է միտումնավոր, որ նվազեցվի բանտարկվածների միջև լարվածությունն ու խրախուսվի նրանց լավ վարքը: Այստեղ պահակները պարտավոր են մոտիվացնել կալանավորներին, նրանց հետ մարզվել ու այլ գործերով զբաղվել, զրուցել կյանքի մասին, գտնել ամեն մեկի հոգու խորքը տանող բանալին: «Հանցագործությունը նրանց անցյալ կյանքի մի մասն է, իսկ մենք պետք է նրանց հայացքներն ուղղենք դեպի ապագա»,- ասել է պահակներից մեկը: Բանտն ունի նաև ոչ մեծ, բայց լավ կահավորված բուժարան և ատամնաբուժարան: Կալանավորներն օրվա ընթացքում կարող են ազատ տեղաշարժվել բանտի տարածքում, օգտվել գրադարանից կամ ձայնագրման ստուդիայից, բրուտանոցից, մարզասրահից, համակարգչային սենյակից, աղոթասենյակից: Ճիշտ է, նման մարդասիրական վերաբերմունքը մարդասպանների ու հանցագործների նկատմամբ երկրի ոչ բոլոր քաղաքացիների կողմից է խրախուսվում: «Ինչո՞ւ պետք է իմ կնոջն սպանողը վայելի պիցցա ու այլ հաճույքներ»,- ասել է ընդդիմադիրներից մեկը: Սակայն երկրի իշխանությունները պնդում են, որ բանտը մարդուն վերադաստիարակելու, ճիշտ ուղու վրա դնելու համար է, ինչի համար նման պայմաններն ուղղակի անհրաժեշտություն են: Հավելենք, որ նորվեգացի Անդերս Բրեյվիքն, ով 2011 թվականին ահաբեկչության ժամանակ սառնասրտորեն գնդակահարել է 69 մարդու, նույնպես ապրում է նմանատիպ պայմաններում: