Հրաձգություն․ Հովհաննես Մարգարյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
380
Շաբաթ, 24 փետրվարի, 2018 թ., 12:25
Փետրվարի 16-ին Հունգարիայի Գյոր քաղաքում մեկնարկել է հրաձգության եվրոպայի առաջնությունը՝ 10մ հեռավորությունից հրացան, ատրճանակ և վազող թիրախ զենքաձևերից, որին մասնակցում է 650 մարզիկ: Փետրվարի 23-ին,10մ, վազող թիրախ, 30+30 կրակոց, երիտասարդների վարժությունում 13 մրցակցից գյումրեցի Հովհաննես Մարգարյանը, խոցելով 559 միավոր, 4-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Կիսաեզրափակչում 6:0 հաշվով պարտվել է 1-ին հորիզոնականով եզրափակիչ անցած ուկրաինացի Դենիս Բաբլիուկին, սակայն եզրափակչում 6:1 հաշվով հաղթել 2-րդ տեղով եզրափակիչ անցած ուկրաինացի Մաքսիմ Բաբուշոկին և նվաճել բրոնզե մեդալ: 10մ, օդամղիչ հրացան, 60 կրակոց տղամարդկանց վարժությունում 68 մրցակցից Հրաչիկ Բաբայանը, խոցելով 623,5 միավոր, գրավել է 26-րդ տեղը, իսկ Քրիստիան Լաուերը, խոցելով 612,2 միավոր, գրավել է 64-րդ տեղը: Նույն վարժության կանանց պայքարում 84 մրցակցուհուց Իրինա Լաուերը, խոցելով 617,3 միավոր, գրավել է 62-րդ տեղը, իսկ Մարիամ Միքայելյանը, խոցելով 615,8 միավոր, գրավել է 69-րդ տեղը: 10մ, օդամղիչ ատրճանակ, խառը թիմային վարժությունում մասնակից 50 թիմից Նորայր Առաքելյան և Էլմիրա Կարապետյան զույգը, խոցելով ընդհանուր 762 միավոր, գրավել է 14-րդ տեղը: Այսօր տեղի կունենա օդամղիչ հրացան, խառը թիմային վարժությունը, որին կմասնակցեն Հրաչիկ Բաբայան և Մարիամ Միքայելյան, Քրիստիան և Իրինա Լաուերներ զույգերը, Հովհաննես Մարգարյանը կմասնակցի վազող թիրախ խառը վազք վարժությանը, Էլմիրա Կարապետյանը և Նորայր Առաքելյանը կմրցեն օդամղիչ ատրճանակ անհատական վարժություններում: