«Աստված Աղաջանյանի և Պապիկյանի հետ, իմ վերջին հույսը Դուք եք». Նարե Գրիգորյանը բաց նամակ է հղել վարչապետին
1090
Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ., 01:30
Կառավարության գործերի կառավարչության նախկին աշխատակից Նարե Գրիգորյանը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին. «Հարգարժան պարոն Փաշինյան. Ես Ձեզ չեմ դիմի ինչպես նախկին աշխատողը՝ ղեկավարին: Ես Ձեզ դիմում եմ ինչպես մարդը մարդուն, լրագրողը լրագրողին, հայը՝ հային, առանց առավել ևս որ Դուք ժողովրդական վարչապետի համբավ ունեք: Ես էլ, հարյուր հազարավորների նման, հույսեր էի կապում Ձեր բերած նոր Հայաստանի հետ, բայց հիասթափությունից խեղդվում եմ այժմ: Կարճ և կոնկրետ: Ես՝ աշխատակազմի գործերի կառավարչության արդեն նախկին գլխավոր գործավար Նարե Գրիգորյանս, չդիմանալով գործերի կառավարիչ Վահան Պապիկյանի ճնշումներին, սպառնալիքներին, անհարկի նկատողություններին և վիրավորանքներին, դիմում եմ գրել և դուրս եկել աշխատանքից: Թղթով՝ ինքնակամ, փաստացի՝ յոթամյա անհայր երեխայիս թողնելով առանց գոյատևման միջոցների: Երկու ամիս ամեն օր երեկոյան 18:00-ին ես նրան խնդրել-աղաչել եմ, որ թողնի գնամ տուն, որովհետև առանց իր թույլտվության տուն գնալը նա համարում էր իմ կողմից իր անձի հանդեպ անձնական վիրավորանք: Թույլ էր տալիս, հաջորդ օրը մյուս աշխատողների ներկայությամբ գոռում, թե բա՝ "վեցը խփած տուն ես գնում": Խնդիրը ամենօրյա բնույթ էր կրում, և ես դիմեցի Էդուարդ Աղաջանյանին: Մեր միջև տեղի ունեցավ հետևյալ զրույցը (ափսոս չեմ ձայնագրել). ՆԱՐԵ - Կարելի է,պարոն Աղաջանյան: ԱՂԱՋԱՆՅԱՆ - Այո: ՆԱՐԵ - Ես,ճիշտն ասած, մի փոքրիկ, թվում է թե անմիտ հարցով եմ եկել: ԱՂԱՋԱՆՅԱՆ - Ասեք: ՆԱՐԵ - Իմ և իմ անմիջական ղեկավար Պապիկյանի միջև կոնֆլիկտ կա՝ կապված աշխատանքային օրվա վերջում իմ տուն գնալու հետ: Նա ինձնից պահանջում է, որպեսզի ես ավել մնամ աշխատավայրում, մինչև մոտավորապես 21-22-ը, իսկ ես չեմ կարող՝ տանը երեխան մենակ է այդ ժամերին: ԱՂԱՋԱՆՅԱՆ - Իսկ Դուք որ ժամերին եք ուզում գնալ: ՆԱՐԵ - Ժամը 18:00-ից 18"30-նն ընկած հատվածում: ԱՂԱՋԱՆՅԱՆ - Լավ, ես կասեմ այդ մասին Պապիկյանին: ՆԱՐԵ - Շնորհակալություն: Եվ ես դուրս եմ եկել Աղաջանյանի սենյակից, վերադարձել Պապիկյանի մոտ և տեղյակ պահել այս խոսակցության մասին: ՆԱՐԵ - Պարոն Պապիկյան, ես հիմա վերադարձա պարոն Աղաջանյանի մոտից: ՊԱՊԻԿՅԱՆ - Այսինքն? ՆԱՐԵ - Դե, խնդրեցի, որ թույլ տա, հավանություն տա՝ ժամը վեցին տուն գնալու համար: ՊԱՊԻԿՅԱՆ - Ինչ? Էդ ինչ ես ասում? Այսինքն դու թռել ես իմ գլխի վրայով? Քեզ ոնց թողեցին նրա մոտ? (արագ-արագ վերցնում է խոսափողն ու փորձում կապվել Աղաջանյանի օգնականի հետ) Դու էդ ով եղար,բոչկա ե°ս վրաս գլորում: Մյուսներից էլ մարդիկ եղան՝ բոչկա գլորողներ, տեսա°ր՝ ոնց դուրս թռան ստեղից: Նրա գոռոցների վրա ներս են մտնում տեղակալը, ավագ մասնագետերից մեկը և նույնպես սկսում գոռալ ինձ վրա: ՏԵՂԱԿԱԼ (հեգնանքով) - Տենց լավ չի, գնա միանգամից վարչապետի մոտ , եթե սենյակի տեղը չգիտես՝ կարող եմ ցույց տալ: ՊԱՊԻԿՅԱՆ - Ես քեզ հետ չեմ աշխատի, չեմ աշխատի: ՆԱՐԵ - Եթե չեք ուզում ինձ հետ աշխատել, հեռացրեք: Եվ ես դուրս եկա նրա մոտից: Երկուշաբթի՝ դրանից երեք օր հետո, Պապիկյանն ինձ արհամարհական տոնով ասաց՝ "դիմումդ գրի դուրս արի, միևնույն է՝ քեզ հետ չեմ աշխատի":Ես խնդրեցի գոնե մեկ ամիս ժամանակ տալ, չտվեց:
Հարգելի պարոն Փաշինյան: Հեղափոխությունն էլ եղավ՝ դարձյալ արդարություն չգտանք: Ես այսօր գործազուրկ եմ: Ամուսինս մահացել է երկու տարի առաջ, ծնողներիցս զրկվել եմ վաղ հասակում, միակ իմ հույսն ու լույսը իմ մինուճար զավակն է,որին պետք է մեծացնեմ: Նա ապագա զինվոր է,Հայաստանի Հանրապետության ապագա հպարտ քաղաքացի: Աստված Աղաջանյանի և Պապիկյանի հետ,իմ վերջին հույսը Դուք եք: Հ.Գ. - Չափից արագ, կարճ ժամանակահատվածում հրապարակի պարզ ու հասարակ տղաները չինովնիկ դարձան, ինչի համար ցավ եմ ապրում»: