Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Անբացատրելի բան է երկրի զգացողությունը». Հովիկ Չարխչյան

371
Ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ., 20:05
«Անբացատրելի բան է երկրի զգացողությունը». Հովիկ Չարխչյան

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անբացատրելի բան է երկրի զգացողությունը: Անհասկանալի բան է: Անտրամաբանական բան է: Վերացարկման մեջ այն քոնն է մինչև վերջին բջիջը, բայց նյութական երկիրը մի՞թե քոնն է: Այն սարը, այն գետը, այս փողոցն ու տունը, այգին ու գործարանը, չէ՞ որ դրանք իմը չեն, բայց իմն է դրանց ամբողջությունը: Իմն են առավել, որքան իմը չեն:
Արարման օրից ի վեր, երբ դեռ անուն չունեիր, մինչև ժամանակներն այն, երբ նորից դառնում էիր սեփական մաշկիդ ներառյալը, հաշվարկված ձայների քանակի մեջ կամ ճանաչման վավերագրերում պիտի չգտնեիր պատճառների պատճառը: Ու պիտի փնտրեիր դրանցից դուրս, լուսանցքներում պիտի փնտրեիր, որովհետև մեծը չի զետեղվում փոքրում, անսահմանի սահմանը չկա, անպայմանը նախապայման չունի: Իսկ նա մշտական է: Անկախ ամեն բանից: Անկախ քո անկախ լինել-չլինելուց:
Որովհետև այն, ինչ կա անկախությունից անկախ, հենց դա էլ անկախության ամենակայուն ու վստահելի հիմքն է: Երկրի սերը: Մեր սերն առ քեզ, Երկիր: Ու այդ սերն էլ, Երկիր, մեզ կթելադրի անել ամեն բան, որ դու լինես անկախ, իսկ մենք՝ քո կախյալը»: