Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Գաբրիել Սարգսյանը կես միավոր զիջեց «Աբու Դաբի մասթերս» մրցաշարի հաղթողին

274
Հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ., 16:10
Գաբրիել Սարգսյանը կես միավոր զիջեց «Աբու Դաբի մասթերս» մրցաշարի հաղթողին

Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտվեց «Աբու Դաբի Մասթերս» խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 31 երկրների 158 շախմատիստ: Մասնակիցների թվում էին 47 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին եռակի Օլիմպիական չեմպիոններ Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը և կրկնակի Օլիմպիական չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը: Մրցաշարի մասնակիցների թվում է նաև պատանի շախմատիստ Էդուարդ Հակոբյանը:
Մեր մասնակիցներից մրցաշարում բարձր արդյունք ցույց տվեց Գաբրիել Սարգսյանը, ով մրցաշարն անցավ առանց պարտության՝ տոնելով 5 հաղթանակ և 4 պարտիա ավարտելով հաշտությամբ: Գաբրիելը նաև 11 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը, սակայն նման բարձր արդյունքը, ցավոք, բավարար չեղավ տեղ գրավելու լավագույն եռյակում. Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիիլ Դուբովը, ուկրաինացի գրոսմայստեր Անտոն Կորոբովը և ԱՄԷ ներկայացուցիչ Սալեմ Սալեհը վաստակեցին 7.5-ական միավոր և կիսեցին 1-3-րդ հորիզոնականները:
Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո հաղթող դարձավ Դանիիլ Դուբովը: Սարգսյանը կես միավորով հետ մնաց մրցաշարի հաղթողից:
Մրցաշարում հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը 6 միավորով գրավեց 18-րդ հորիզոնականը, Տիգրան Լ. Պետրոսյանը իր ակտիվում գրանցեց 5.5 միավոր և հանգրվանեց 41-րդ տեղում, իսկ Էդուարդ Հակոբյանը 3 միավորով գրավեց 139-րդ հորիզոնականը: