Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

320 ընդերքօգտագործողներ 523 մլն դրամի չափով ռեկուլտիվացիոն վճարների գծով պարտավորություններ չեն կատարել

465
Չորեքշաբթի, 27 հունիսի, 2018 թ., 20:35
320 ընդերքօգտագործողներ 523 մլն դրամի չափով ռեկուլտիվացիոն վճարների գծով պարտավորություններ չեն կատարել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերը պարզելու նպատակով ուսումնասիրություն է իրականացրել ընդերքօգտագործողների կողմից ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով սահմանված շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների գծով պարտավորությունների կատարման, ինչպես նաև չկատարված պարտավորությունների գծով իրավասու պետական մարմինների կողմից ձեռնարկված միջոցների վերաբերյալ:

Ուսումնասիրության շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարությունից պահանջվել և ստացվել են անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները, որոնց վերլուծությունից պարզվել է, որ ռեկուլտիվացիոն վճարների գծով 2018թ. հունիսի 5-ի դրությամբ թվով 320 ընդերքօգտագործող՝ ընդհանուր շուրջ 523 միլիոն դրամի չափով պարտավորություն ունի:

Չնայած ուսումնասիրությունները շարունակվում են, սակայն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից հանձնարարվել է ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ պարզելու ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման վճարների գծով պարտավորությունների չկատարման պատճառները, պարտավորությունների կատարումից միտումնավոր խուսափելու հնարավոր մեխանիզմների առկայությունը, ինչպես նաև՝ իրավասու պետական մարմինների հետ ձեռնարկել գործուն քայլեր չվճարված միջոցները վերականգնելու ուղղությամբ:

Այդ համատեքստում, ՀՀ գլխավոր դատախազությունը նաև դիմել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ ռեկուլտիվացիոն վճարների գծով չկատարված պարտավորությունների վճարումների ընթացքի և գանձման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունն ստանալու համար:

Դրանց վերլուծության արդյունքներից ելնելով՝ անհրաժեշտության դեպքում կկիրառվեն դատախազական ներգործության բոլոր միջոցները՝ ինչպես պարտավորությունների չկատարման պատճառներին իրավական գնահատականներ տալու, այնպես էլ միջոցների վերականգնման նպատակով պետական շահերի պաշտպանության հայցերի հարուցման գործընթաց ապահովելու ուղղությամբ: