Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Եղեգիս գետը ցամաքում է. ֆերմերն Արծվիկ Մինասյանին բանավեճի է հրավիրում

579
Չորեքշաբթի, 28 մարտի, 2018 թ., 16:35
Եղեգիս գետը ցամաքում է. ֆերմերն Արծվիկ Մինասյանին բանավեճի է հրավիրում

«Եղեգիս գետը դարձել է առվակ. հավատացնում եմ, մեկ ամիս հետո ցամաքելու է և տիրելու է ընդհանուր գարշահոտություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ֆերմեր Տիգրան Եղոյանը՝ նշելով, որ դրա պատճառը կառուցված ՀԷԿ-երն են։

Վերջինը տեղեկացրել է, որ Բնապահպանության նախարարին նամակ է ուղարկել՝ ներկայացրել խնդիրը: «Նշել էինք, որ կա գործող 19 գործող ՀԷԿ։ Նախարարից 1 ամիս անց ստացանք պաշտոնական նամակ, որով նա հայտարարեց, որ ոչ թե 19 ՀԷԿ, այլ ընդամենը 6 ՀԷԿ է գործում։ Ես նախարարի հայտարարությունը համարեցի ստահոդ և իրականությանը չհամապատասխանող։ Միգուցե 6 ՀԷԿ գտնվում է պետռեգիստրի ուշադրության կենտրոնում, մնացածը ստվերո՞ւմ են գործել»,- կարծիք է հայտնել Տիգրան Եղոյանը՝ հավելելով, որ դրանց թիկունքում կանգնած են «օլիգարխիկ անձնավորություններ»։

«Ես չեմ ուզում հարցը դարձնել քաղաքական, բայց այն, որ հորանը ներսից է քանդվում, սա արդեն փաստ է. որ հոգևորականը տեղում չի, նախարարը տեղում չի, նախագահն ու վարչապետը տեղում չեն… երեկվանից, ինչ իմացել են, որ պատրաստվում ենք մամուլի ասուլիս տալ Եղեգիս գետի վերաբերյալ, բնապահպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից արդեն 12 զանգ է եղել: Ասում են՝ եկեք բնապահպանության նախախարություն, կլոր սեղանի շուրջ այդ հարցին լուծում տանք: Ի՞նչ լուծում. գետն է ցամաքում: Սա ոչ թե գործարաններին է հարված, այլ հարված է ամբողջ 12 համայնքին, ամբողջ էկոլոգիային»,- շեշտել է բանախոսը:

Նա նշել է, որ գետում կար կարմրախայտ, բայց այսօր ձկների մասին խոսք լինել անգամ չի կարող։ Նրա խոսքով՝ այսօր արդեն 2 նոր ՀԷԿ է կառուցվում. «Հարգարժան Արծվիկ Մինասյանը, որ հայտարարում է, թե մեր հայտարարությունները մերկապարանոց են, նորից եմ կրկնում՝ ես հրավիրում եմ Ձեզ հեռուստաբանավեճի, հրավիրում եմ Վայոց Ձոր՝ տեղում ծանոթանալու իրավիճակին և պարզելու, թե ովքեր են այս ՀԷԿ-երի հեղինակները:

Տիգրան Եղոյանը հայտնել է, որ Վայոց Ձորի բնակչությունը պատրաստ է ստորագրություն հավաքել, և եթե հարցը լուծում չստանա նրանք հասարակական ընդվզման կգնան։