Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ինչո՞ւ գրիպի դեմ անվճար պատվաստումներ չեն իրականացվում». օգտատերը՝ Լիանա Թորոսյանին

687
Երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ., 17:05
«Ինչո՞ւ գրիպի դեմ անվճար պատվաստումներ չեն իրականացվում». օգտատերը՝ Լիանա Թորոսյանին

ՀՀ-ում սուր շնչառական վարակների ակտիվացման մասին «Ազատության» ֆեյսբուքյան եթերում խոսել է ԱՆ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Հոսպիտալացված 700 հիվանդների գերակշիռ մասը 0-2 տարեկան երեխաներն են:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքներով 2017 թվականի նոյեմբերից Հայաստանում շրջանառում են գրիպի Ա և Բ տեսակներն, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ:

«Կա գրիպի դեմ պատվաստանյութ, ինչո՞ւ համատարած անվճար պատվաստում չի իրականացվում՝ գոնե խոցելի խմբերի շրջանում»,- դիմելով մասնագետին՝ հարց են ուղղել օգտատերերը. «Այդպես չէ. պատվաստումների մասին բազմիցս հրապարակվել է, ու պոլիկլինիկաները զանգում, հրավիրում են խոցելի խմբի ներկայացուցիչներին: Որոնք են նրանք՝ վաղ հասակի երեխաները, հղիները, զուգակցող հիվանդություններով անձինք, 65-ից բարձր անձինք: Պատվաստանյութը կա, որը կոչված է պաշտպանելու գրիպի երկու տեսակներից»,- արձագանքեց բժիշկը:

Ճշտող հարցին՝ գրիպի դեմ պատվաստումը մեկ սեզոն կարող է պաշտպանել, ինչպե՞ս եք իմանում՝ հաջորդ տարի ինչ գրիպ է լինելու, որ դրա դեմ պատվաստեք, Թորոսյանն ասաց. «ԱՀԿ-ն տարբեր տարածաշրջաններում գիտական կանխատեսումներ է անում, թե եկող տարի որ հարուցիչն է շրջանառվելու: Սա գիտական մոտեցում է ու ինքնանպատակ չէ»:

Մյուս հարցին՝ ինչ դեղորայք կարելի է օգտագործել վարակից պաշտպանվելու համար, Թորոսյանն ասաց՝ կրել դիմակ, խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից: Իսկ թե ինչու պետք չէ վիրուսի դեպքում հակաբիոտիկ օգտագործել, ասաց. «Հակամանրէային պատրաստուկները բակտերիայի դեմ են ուղղված, ոչ թե վիրուսի: Եթե գրիպի ժամանակ հակաբիոտիկ ենք օգտագործում, ճնշում ենք իմունիտետը՝ բաց հարթակ ստեղծելով վիրուսի համար»: