Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 24 մայիսի, 2026 թ.

«Արցախցիներին ներկայացվող չզոհվելու մեղադրանքը պարկեշտության նվազագույն սահմաններից ստոր է»․ Հրանտ Խաչատրյան

55
Այսօր, 02:06
«Արցախցիներին ներկայացվող չզոհվելու մեղադրանքը պարկեշտության նվազագույն սահմաններից ստոր է»․ Հրանտ Խաչատրյան

ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանի գրառումը․ «ՊԱՐՏՔԸ ՀԱՏՈՒՑՈՒՄՈՎ Է ԳԵՂԵՑԻԿ
Արցախցիներին ներկայացվող չզոհվելու մեղադրանքն իհարկե զազրելի է, պարկեշտության բոլոր նվազագույն սահմաններից ավելի ստոր։ Բայց այն ընդամենը ավելի վաղ ասպարեզ նետված ավելի մեծ կեղծիքի շարունակությունն է, որ Արցախը, հանուն մայր Հայաստանի հետ վերամիավորվելու, ի վիճակի էր միայնակ կռվել, բայց լավ չկռվեց։ Նման ծայրահեղ երևույթներն, իհարկե, պետք է շեշտել, դատապարտել, քարկոծել, որպեսզի այլևս չկրկնվեն։
Սակայն անցյալի բացասականի վրա կենտրոնանալով՝ ներկայի դրականից շեղվելը անթուլատրելի է։ Հայը կասեր, սեփական աչքի փուշը քողարկելու համար դիմացինի աչքի գերանը ժողովրդի աչքը մտցնելով երկիր չես պահի։ Հայոց ձախողումների, առաջին հերթին Արցախի կորստի համար մեծ ու փոքր մեղավորներից, նրանց մեղսակիրներից շատերն այսօր ասպարեզում են, ու բավականին ակտիվ։ Համենայն դեպս որպես այդպիսին են պիտակվում ազատամարտի մասնակիցներից շատերը՝ ժողովրդական տարբեր խոշոր զանգվածների կողմից։ Համայն մարդկության արդար սկզբունքներից մեկը մեղանչածներին ապաշխարելու ու մեղքերը քավելու վերջին հնարավորություն տալն է։
Թո‘ղ, որ մեծ մեղավորներից շատերը մեր աչքին այլևս անուղղելի են թվում։
Թո‘ղ որ մեղավորների մի մասը ներքուստ զղջացել է, բայց իր անհավատ էությամբ պատրաստ չէ հրապարակորեն ապաշխարելու։
Թո‘ղ որ ոմանք այնքան անբարտավան են, որ կանեն, բայց դրա դիմաց նոր դափնիներ կակնկալեն։
Թո‘ղ որ կան անպատկառներ, ովքեր նորից են մեղանչելու՝ նախկին մեղքերը քավելու փոխարեն։
Բայց եկեք, եթե.
ոչ գթասրտությունից դրդված,
ոչ էլ որպես մեր ավանդական միամտության հերթական դրսևորում։
Այլ այս վճռական պահին.
որպես անտանելի ցավից արձակված վերջին հուսահատ ճիչ,
որպես ապուշացած խելոքների մտքի պայծառացում,
որպես հինավուրց փորձի վերջին հավաքական ճիգ,
որպես մեր դեմ վարվող հիբրիդային պատերազմի կանոնների թեթև խախտում,
թեկուզ ի հեճուկս մեր ոխերիմ թշնամիների ու ոխերիմ բարեկամների՝ ով ինչպես կուզի, ում ինչպես հարմար է, օգնենք պարտապաններին փակել ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՌԱՋ ԿՈՒՏԱԿԱԾ ԻՐԵՆՑ ՊԱՐՏՔԵՐԸ, կամ մասամբ հատուցել դրա մի մասը։
Վերջին հաշվով մեղանչած լինելը բոլորովին էլ պարտադիր չէ։ Բոլորս էլ պարտք ունենք հայրենիքին վճարելու, երբ այն նեղության մեջ է։ Իսկ պարտքը հատուցումով է գեղեցիկ»։

Աղբյուրը`   Հրանտ Խաչատրյան