Երևան`   -5 °C
Այսօր`   Երկուշաբթի, 29 դեկտեմբերի, 2025 թ.

«Հայաստանը կանգնած է քաղաքական վերափոխման շեմին»․ Տիգրան Դումիկյան

73
Այսօր, 09:24
«Հայաստանը կանգնած է քաղաքական վերափոխման շեմին»․ Տիգրան Դումիկյան

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանը նոր ճանապարհի շեմին․ 2025 թվականի քաղաքական և հասարակական գործընթացները
Անցնող տարին Հայաստանի Հանրապետության համար կարելի է բնութագրել որպես համակարգային լարվածությունների խորացման և պետական կառավարման արդյունավետության վերաբերյալ հիմնարար հարցադրումների տարի։ Այն, միաժամանակ, համադրեց տնտեսական, արտաքին քաղաքական, ինստիտուցիոնալ և արժեքային մի շարք գործընթացներ, որոնք հանրային և փորձագիտական շրջանակներում լուրջ քննարկումներ ու մտահոգություններ առաջացրեցին գործող իշխանությունների որդեգրած քաղաքական ուղեգծի կենսունակության վերաբերյալ։
Տնտեսական քաղաքականություն․ աճի ցուցանիշներ և ոչ հուսալի ներդրումային միջավայր
Տնտեսական ոլորտում հիմնական մտահոգությունը շարունակում է մնալ պետական պարտքի աճի միտումը։ Չնայած տնտեսական աճի վերաբերյալ պաշտոնական ցուցանիշներին՝ պարտքի ավելացման տեմպերը առաջացնում են երկարաժամկետ ֆինանսական կայունությանը սպառնացող լրջագույն հարցեր։ Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ պարտքային ռեսուրսների զգալի մասը չի վերածվել կառուցվածքային բարեփոխումների, արդյունաբերական քաղաքականության զարգացման կամ արտադրողականության իրական աճի։
Ավելին՝ ներդրումային միջավայրի որակական բարելավման բացակայությունը, բարձր տեխնոլոգիական և արտահանելի ոլորտների սահմանափակ զարգացումը վկայում են, որ տնտեսական աճը մեծապես կրում է իներտ և արտաքին գործոններից կախված բնույթ։ Այս պայմաններում կարելի է եզրակացնել, որ 2025 թվականին պարտքի կառավարումը չունեցավ ռազմավարական, զարգացմանն ուղղված տրամաբանություն և առավելապես ծառայեց ընթացիկ քաղաքական ու սոցիալական պարտավորությունների սպասարկմանը՝ առանց ապագա դիմակայունության ամրապնդման։
Տնտեսական միջավայրի նկատմամբ վստահության նվազմանը էապես նպաստեց նաև ՀԷՑ-ի շուրջ ծավալված գործընթացը, որը հանրային և մասնագիտական շրջանակներում գնահատվեց որպես պետության կողմից սեփականության ապօրինի զավթում՝ առանց իրավական հստակ, թափանցիկ և կանխատեսելի մեխանիզմների։ Այս նախադեպը երկարաժամկետ կտրվածքով լրջորեն վնասեց Հայաստանի ներդրումային դաշտի հեղինակությանը՝ ձևավորելով ընկալում, որ երկրում սեփականության պաշտպանությունը կարող է կախված լինել քաղաքական նպատակահարմարությունից, ինչը էապես նվազեցնում է արտաքին և ներքին ներդրումների ներգրավման հնարավորությունները։
Արտաքին քաղաքականություն. խաղաղության օրակարգի ռիսկերը
Արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, 2025 թվականին շարունակեց մնալ հանրային և մասնագիտական շրջանակների բանավեճերի կենտրոնում։ Խաղաղության օրակարգը ներկայացվեց որպես տարածաշրջանային կայունության նախապայման, սակայն դրա իրական բովանդակությունն ու հնարավոր հետևանքները առաջացրին լուրջ մտահոգություններ։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև նախաստորագրված փաստաթուղթը, թեև ներկայացվեց որպես վերջնական խաղաղության հաստատում, իրավական պարտադիր ուժ չունեցող քաղաքական հայտարարություն էր։ Այն չներառեց անվտանգության երաշխիքներ, միջազգային վերահսկման մեխանիզմներ կամ պատասխանատվության հստակ համակարգ, ինչը էապես սահմանափակում է դրա գործնական արժեքը։
Ու թեև նախաստորագրումից հետո Ադրբեջանի հետ արձանագրվեցին որոշ տնտեսական շփումներ, դրանք չեն փոխում հիմնական իրողությունը, և Հայաստանը տարածաշրջանում շարունակում է գտնվել ուժային անհավասարակշռության պայմաններում՝ սահմանափակ ռազմական, տնտեսական և դիվանագիտական լծակներով։ Այս իրավիճակում խաղաղության օրակարգի առաջմղումը՝ առանց պաշտպանունակության վերականգնման, անվտանգության համակարգերի ամրապնդման և միջազգային պարտավորությունների հստակեցման, դառնում է բարձր ռիսկային քաղաքական ընտրություն։
Հասարակական և փորձագիտական շրջանակներում ավելի լայն տարածում է ստացել այն ընկալումը, որ իշխանությունները տվյալ հարցում դրսևորում են ռազմավարական անգործություն՝ հույսը մեծապես դնելով Ադրբեջանի ղեկավարության «բարի կամքի» վրա, ինչը միջազգային հարաբերությունների իրականության մեջ, մեղմ ասած, չի կարող կայուն հիմք լինել։
Միջազգային հարաբերություններ․ ակտիվություն առանց արդյունքի
2025 թվականը միջազգային գործընկերների հետ հարաբերություններում չարձանագրեց նշանակալի որակական առաջընթաց։ Չնայած դիվանագիտական ակտիվությանը և տարբեր հարթակներում ներգրավվածությանը՝ Հայաստանը չկարողացավ այդ գործընթացները վերածել գործնական արդյունքների՝ անվտանգության, քաղաքական աջակցության կամ տնտեսական համագործակցության խորացման տեսքով։
Արդյունքում արտաքին քաղաքականությունը հաճախ սահմանափակվում էր հայտարարությունների և խորհրդանշական հանդիպումների մակարդակով՝ առանց հստակ չափելի արդյունքների։
Ներքաղաքական գործընթացներ․ ինստիտուցիոնալ ճգնաժամի ստեղծում
Ներքաղաքական դաշտում առանձնահատուկ ուշադրության է արժանի պետություն–եկեղեցի հարաբերությունների սրումը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ զարգացումները և բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունները պետական իշխանության՝ ազգային ինստիտուտների նկատմամբ վերաբերմունքի դրսեւորումներից են։
Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ հանդես է եկել որպես ազգային ինքնության, պատմական շարունակականության և հասարակական համախմբման կարևոր հենասյուն։ Ընթացիկ տարվա հակաեկեղեցական զարգացումները լայն շրջանակներում ընկալվեցին ոչ թե որպես իրավական, այլ արժեքային ու քաղաքական խնդիր, որն ուղիղ վտանգում է հասարակական համերաշխությունը։
Նույն քննադատական համատեքստում դիտարկվեց նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանավորման փաստը։ Հանրային և միջազգային բազմաթիվ հեղինակավոր իրավապաշտպան կառույցների գնահատմամբ այն բացառապես քաղաքական ենթատեքստ ունի։ Առհասարակ, այս համատեքստում առանձին ուշադրության է արժանի քաղաքական բանտարկյալների խնդիրը, քանի որ անցնող տարում շարունակվեց քաղաքական և հասարակական գործիչների, այդ թվում՝ լրագրողների կալանավորումն ու նրանց նկատմամբ տարբեր բռնաճնշումների գործադրումը։
Անկախ իրավական գնահատականներից՝ այս ամենը խորացրեց հասարակության զգալի մասի անվստահությունը դատական համակարգի և իշխանության միջև հարաբերությունների նկատմամբ՝ ուժեղացնելով ընտրովի արդարադատության մասին մտահոգությունները։
Հանրային վստահության անկում և ընտրական հեռանկարներ
Վերոնշյալ բոլոր գործընթացների համադրումը 2025 թվականի ավարտին ձևավորեց ակնհայտ հասարակական դժգոհություն և իշխանությունների նկատմամբ վստահության զգալի անկում։ Գալիք տարում նախատեսվող համապետական ընտրություններն այս ամենի համապատկերին ձեռք են բերում վճռորոշ նշանակություն։
Քաղաքական վերլուծությունների և սոցիոլոգիական հարցումների մեծ մասը ցույց է տալիս, որ գործող իշխանությունների վերարտադրվելու հնարավորությունները սահմանափակ են՝ պայմանավորված քաղաքական օրակարգի նկատմամբ հանրային մեծ անվստահությամբ։ Դեռևս իրավական ոչ մի հիմք չունեցող խաղաղության օրակարգի ներկայացումը որպես հիմնական ձեռքբերում, առկա սոցիալ-քաղաքական իրողությունների պայմաններում, դժվար է դիտարկել որպես ընտրական հաջողության արդյունավետ գործիք։
Այսպիսով, Հայաստանը կանգնած է քաղաքական վերափոխման շեմին։ Հանրային պահանջը նոր իշխանության, կառավարման նոր մշակույթի և զարգացման նոր ռազմավարության նկատմամբ դառնում է ավելի հստակ և ձևակերպված։ 2025 թվականը կարելի է դիտարկել որպես նախադրյալ՝ սպասվող համապետական ընտրություններում իշխանափոխության համար, որը Հայաստանի Հանրապետության համար կարող է բացել պետական ինստիտուտների վերականգնման, անվտանգային հավասարակշռության վերաձևավորման և համակողմանի զարգացման իրական հնարավորություն։
Որպես ընդհանրացում՝ գալիքի հանդեպ լավատեսությամբ շնորհավորում եմ բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը, խաղաղություն, բարգավաճում և, հաշվի առնելով սպասվող ընտրական գործընթացները, քաղաքական իմաստնություն բարեմաղթում՝ այդ կարևոր փորձությունը միասնաբար ու արժանապատվորեն հաղթահարելու համար»։

Աղբյուրը`   Տիգրան Դումիկյան