«Սա ընտրովի արդարադատության դասական օրինակ է»․ Սուրեն Սուրենյանց
172
Ուրբաթ, 14 նոյեմբերի, 2025 թ., 01:12
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Դիմակավորված ձերբակալությունները՝ ընդդիմադիր մեդիայի դեմ կիրառվող պետական ճնշման հերթական դրսևորում Այսօր առավոտյան Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներում իրականացված խուզարկությունները, նրանց ձերբակալությունը, ինչպես նաև Antifake-ի գրասենյակում ընթացող գործողությունները, իրավական գործընթացից ավելի շատ հիշեցնում են իշխանության կողմից կազմակերպված քաղաքական ակցիա։ Դիմակավորված ուժայիններ, շուտափույթ իրականացված գործողություններ, և՝ ամենակարևորը, ամբողջ գործընթացի ցուցադրական բնույթ․ սա ակնառու ճնշում է ոչ միայն երկու լրագրողների, այլև ամբողջ ընդդիմադիր հանրության նկատմամբ։ Պատմությունը, սակայն, սկսվել է շատ պարզ մի փաստից։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը առաջինը հրապարակային կերպով դիմել է բացարձակ անպատշաճ և խուլիգանական բառապաշարի՝ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին անվանելով «շան լակոտ»։ Նրանց պատասխանը, ինչպիսին էլ եղել է, տրամաբանական էր նույն տոնով։ Սակայն այսօր մենք ականատես ենք մեկ վտանգավոր իրողության․ ․ իշխանության ներկայացուցիչը շարունակում է վայելել լիակատար անպատժելիություն, ․ իսկ նրան պատասխանողները ենթարկվում են ցուցադրական քրեական հետապնդման։ Սա ընտրովի արդարադատության դասական օրինակ է, երբ օրենքը չի ծառայում հավասարության սկզբունքին, այլ վերածվում է իշխանության քաղաքական կամքը սպասարկող գործիքի։ Չափազանց դժվար է չկապել այս գործողությունները Antifake-ի և «Իմնեմնիմի» լրագրողական թիմերի՝ վերջին տարիներին ձևավորված ազդեցիկ քննադատական գործունեության հետ։ Նրանց քննադատական ու անհարմար հնչող ձայնը իշխանությունը փորձում է լռեցնել ոչ թե հանրային բանավեճում, այլ ուժային մեթոդներով՝ ընտրություններից առաջ վերահսկելով տեղեկատվական դաշտը և կանխելով ոչ ցանկալի քննադատությունը։ Իշխանությունը փորձում է վախի, ճնշման և իրավապահների ցուցադրական ներգրավման միջոցով սահմանափակել ընդդիմադիր մեդիան և հասարակության քննադատական միտքը։ Հատկապես ցինիկ է, որ մարդը, ով թքել է քաղաքացու վրա և մնացել անպատիժ, այսօր ուրիշների է մեղադրում խուլիգանության մեջ»։