Ի՞նչ էր գրված Խրիմյան Հայրիկի ոտքերի տակ ընկած` ցարի ուղարկած նամակում
330
Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ., 00:00
Նշանավոր նկարիչ Վ. Սուրենյանցի վրձնին է պատկանում Հայ առաքելական եկեղեցու 125-րդ կաթողիկոսի՝ Խրիմյան Հայրիկի այս նշանավոր դիմանկարը, որն ստեղծվել է 1906 թվականին: Կտավում պատկերված է հայ ժողովրդի համար բախտորոշ շրջաններից մեկը, երբ ռուսաց ցար Նիկոլայ II-ի հրովարտակով անհապաղ փակվում էին Ռուսական կայսրության տարածքում գտնվող հայկական բոլոր դպրոցները (1903 թվականի հունիսի 12): Կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը, քաջ ծանոթ լինելով ցարի նամակի բովանդակությանը, իր ոտքերի առջև է նետում չբացված նամակը, այդ կերպ իր բողոքն արտահայտելով նման անարդարության դեմ: Նամակի բովանդակության մասին հայոց կաթողիկոսին պատմել էր նամակաբերը՝ նույն այդ օրենքի նախաձեռնողներից մեկը, իր հայատյացությամբ հայտնի՝ Երևանի նահանգի նահանգապետ Միխայիլ Նակաշիձեն։ Կեղծ ցավակցությամբ դիմելով կաթողիկոսին, իշխանն ասել է. - Վեհափա՛ռ, ստիպված եմ կատարելու օրենքը, այլապես ի՞նչ պատասխան պետք է տամ Աստծո և իմ երեք զավակների առջև: Հարցին հարցով է պատասխանել Խրիմյանը. - Իսկ ես ի՞նչ պատասխան պետք է տամ իմ երեք միլիոն զավակների առջև, պարոն նահանգապետ: Այդ տեսարանի ականատեսները հետագայում գրել են իրենց հուշերում, որ երբ Նակաշիձեն դուրս է եկել վեհարանից՝ ցարի հրամանն անմիջապես ի կատար ածելու պատրաստակամությամբ, կաթողիկոսը ձեռքերը դեպի երկինք է բարձրացրել և արտասանել ժամանակին մեծ հնչեղություն ստացած իր հայտնի նզովքը ռուսական միապետությանը. «Թող կործանվի այս աստվածընդդեմ ու բանտածվար կայսրությունը»: Ռուսաց ցարի խայտառակ հրովարտակն, այնուամենայնիվ, չեղարկվեց երկու տարի անց: 1905 թ. օգոստոսի 1-ին Նիկոլայ II-ն ստորագրել է հրամանագիր, որով Հայ առաքելական եկեղեցուն է վերադարձրել վերջինիս գույքը և կրկին թույլ է տվել վերաբացել հայկական դպրոցները Ռուսական կայսրության տարածքում։ Վ. Սուրենյանցի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը համարվող այս կտավը ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահում: