«ԵՄ-ն Փաշինյանին կոչ է անում «հնարավորինս արագ» կատարել Բաքվի պահանջները»․ Սուրեն Սուրենյանց
277
Հինգշաբթի, 17 ապրիլի, 2025 թ., 23:18
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԵՄ-ն Փաշինյանին կոչ է անում իջեցնե՞լ նշաձողը... ԵՄ արտաքին գործունեության ծառայության գրասենյակը ողջունել է խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի և Բաքվի ու Երևանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման մասին հայտարարությունները։ «Մենք բարձր ենք գնահատում անցած տարիների ընթացքում երկու կողմերի կայուն ջանքերը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հանրության մասնակցությամբ։ Կարևոր է պահպանել ձեռք բերված առաջընթացը և գործընթացը ավարտին հասցնել նույն կառուցողական և փոխզիջումային մոտեցմամբ: Կոչ ենք անում կողմերին հնարավորինս արագ ստորագրել համաձայնագրի նախագիծը», - ասված է հայտարարության մեջ: Բրյուսելից հնչած այս հայտարարության տեքստում բանալի է համարվում «գործընթացը ավարտին հասցնել նույն կառուցողական և փոխզիջումային մոտեցմամբ» ձևակերպումը: Խաղաղության պայմանագիրը համաձայնեցվել է բացառապես հայկական կողմի զիջումների հաշվին, ինչն արձանագրել էր անգամ Գերմանիայի ԱԳ նախարար Բերբոքը: Ըստ այդմ, տպավորություն է, որ «նույն կառուցողական և փոխզիջումային մոտեցումը» ԵՄ-ն Հայաստանից ակնկալում է նաև Բաքվի նախապայմանների բավարարման հարցում: Չնայած Սահմանադրությունը փոխելու և Մինսկի խմբի լուծարման հարցում Փաշինյանը երրորդ կողմի հուշարարության կարիքը չունի և բովանդակային առումով համակարծիք է Ալիևի հետ. տարակարծությունը տեխնիկական բնույթ ունի ու կապված է ժամկետների հետ: Ահավասիկ, ԵՄ-ն Փաշինյանին կոչ է անում «հնարավորինս արագ» կատարել Բաքվի պահանջները»: