Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ.

«Առկա բացասական միտումներն աղքատության մակարդակը բարձրացնող և արտագաղթը խթանող գործոններ են»․ Թադևոս Ավետիսյան

76
Երեկ, 22:12
«Առկա բացասական միտումներն աղքատության մակարդակը բարձրացնող և արտագաղթը խթանող գործոններ են»․ Թադևոս Ավետիսյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2024 թվականի սոցիալ-տնտեսական ամփոփում․

Բարեկեցիկ ապրելու և կյանքի որակը բարելավելու վերաբերյալ օրվա իշխանության խոստումներն անդառնալիորեն խզվում են իրականությունից։

Արդեն հնամաշ և նույնաբովանդակ, անսահման պոպուլիստական և իրականում սուտ խոստումների նոր փաթեթավորումներն են․

«Խաղաղության խաչմերուկ», «որտեղ հաց, այնտեղ կաց», «հարկ վճարողը հերոս է, ոչ թե տուգանքի մատերիալ», «նպաստից դեպի աշխատանք, աղքատության կրկնակի կրճատում, ծայրահեղ աղքատության վերացում», «պետական բյուջեն յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեն է», «տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ», «տնտեսական կառուցվածքի բարելավում», «արտաքին տնտեսական կախվածության թուլացում և դիվերսիֆիկացիա», «պետական ծախսերի արդյունավետության բարձրացում»։

Իսկ հիմա ներկայացնենք իրականությունը՝ բացասական խորացող միտումներով և անորոշություններով։

1․ Տնտեսական անվտանգության աճող ռիսկեր

Օդում կախված է պատերազմի սպառնալիքը։ Ռազմական էսկալացիայի պարբերական գործադրումները, իշխանությունների աշխարհաքաղաքական անհեռատեսությունը և կեղծ օրակարգերի առաջ մղումն ունեն տնտեսական անվտանգության բացասական կայուն հետևանքներ։ Ադրբեջանական օկուպացիայի տակ են ՀՀ 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության ավելի քան 200 քառակուսի կմ տարածքներ։ Թշնամին կրակում է օտարերկրյա կապիտալով նոր ստեղծված ձեռնարկության վրա, որի հետևանքով Հայաստանի ինքնիշխան տարածքից այդ ձեռնարկությունը տեղափոխվում է՝ առաջացնելով տնտեսական անվտանգության լրջագույն ռիսկեր։ Հանքարդյունաբերական նշանակության տարածքի օկուպացիան և նոր ռազմական էսկալացիայի իրական վտանգը խաթարել են այդ հանքերի բնականոն շահագործումը, որի հետևանքով կրճատվել են տասնյակ աշխատատեղեր, միլիոնավոր դրամի պետական բյուջեի մուտքեր, խորացել են այդ սահմանամերձ բնակավայրերի սոցիալական խնդիրներն ու արտագաղթի ռիսկը։ Հանրապետական նշանակության ճանապարհների կարևորագույն հատվածներ գտնվում են թշնամու զինված ուժերի ուղիղ նշանառության տակ՝ անվտանգային անկանխատեսելի ռիսկերով։

2․ Տնտեսական աճի ներուժի կրճատում

Նախորդ երկու տարիներին երկնիշ տնտեսական աճի առյուծի բաժինը ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված արտաքին, պատահական գործոնի ավարտվող ազդեցությամբ էր։ Կարճաժամկետ այս հնարավորությունը վերանում է, և այդպես էլ չավելացրեցին տնտեսական աճի երկարաժամկետ հնարավորությունները։ Հակառակը՝ առաջ են եկել մակրոտնտեսական անկայունության նոր ռիսկեր՝ պետական պարտքի առաջանցիկ աճ, օտարերկրյա ներդրումների «փախուստ», հարկային մուտքերի աճող թերակատարում՝ ստիպված հարկային բեռի ավելացում և հարկային տեռորի դրսևորումներ, սոցիալապես անապահովների իրական եկամուտների նվազում և այլն։

Իսկ այս տարի արդեն առնվազն 7 տոկոսանոց տնտեսական աճի ապահովման խոստումը չի իրականանալու։ 2024 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 6,6 տոկոս, որը կայուն նվազելով՝ երրորդ եռամսյակում դարձել է 5,2 տոկոս։ Այս տեմպերը պահպանվելու դեպքում տարին կամփոփվի լավագույնը՝ շուրջ 5 տոկոս ՀՆԱ-ի աճի ցուցանիշով։

2025 թվականի պետական բյուջեի հիմքում սկզբնապես դրել էին 5,6 տոկոս աճի ցուցանիշը, իսկ երկու շաբաթ անց այն նվազեցվեց՝ դառնալով 5,1 տոկոս, որն արդեն իսկ շուրջ 2,5 անգամ զիջում է 2022-2023 թվականներին արձանագրված տնտեսական աճերի փաստացի ցուցանիշներին։ Ի դեպ, հեղինակավոր միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունների կանխատեսումը նույնիսկ այս նվազեցված ցուցանիշից ավելի ցածր է։

3․ Տնտեսական կառուցվածքի բացասական միտումներ

Այս տարվա առաջին կիսամյակում ռուսական ոսկու վերարտահանման արդյունքում ձևավորված՝ արդյունաբերության ոլորտի 18,2 տոկոսանոց աճի ցուցանիշը, 3,5 անգամ նվազելով, հոկտեմբերին դարձել է 5,3 տոկոս։ Ի դեպ, իշխանությունն այս բարձր ցուցանիշով շատ էր հպարտանում՝ անտեսելով այն փաստը, որ առանց ոսկու վերարտահանման այդ նույն ժամանակահատվածում գրանցվել էր արդյունաբերության ոլորտի անկում։

2024 թվականի բերքահավաքի հիմնական շրջանում՝ երրորդ եռամսյակում, գյուղատնտեսության ոլորտը նորից գրանցել է անկում։

2024 թվականի հունվար-հոկտեմբերին տեղեկատվության և կապի, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի անկումը շարունակաբար խորանալով՝ հոկտեմբերին կազմել է 11 տոկոս։

Այս նույն ժամանակահատվածում երկնիշ աճում է խաղամոլության ոլորտը՝ դառնալով շուրջ 520 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ օրական՝ շուրջ 2 միլիոն ԱՄՆ դոլար։

Իսկ 2023 թվականին միայն խաղատների գործունեությունը՝ նախորդ տարվա համեմատ աճել է նախադեպը չունեցող չափով՝ 2,7 անգամ։ Ի դեպ, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական գործունեության կազմակերպման ոլորտն իր պատմական ամենամեծ աճի՝ արդեն իսկ հասկանալի բոնուսը ստացել է իշխանափոխության տարում․ 2018 թվականին այս ոլորտի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 46 տոկոսով՝ շրջանառությունը հասցնելով 306 միլիարդ դրամ։

4․ Արտաքին տնտեսական կախվածության խորացում

2024 թվականի հունվար-հոկտեմբերին արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 68 տոկոսով՝ ներառյալ ռուսական ոսկու վերարտահանման թռիչքաձև աճը։ Ի դեպ, նախորդ տարի ունեցել ենք արտաքին առևտրաշրջանառության գրեթե կրկնապատկում։

Ընդ որում՝ ՌԴ-ի հետ արտաքին առևտրաշրջանառությունը նորից գրանցել է բարձր աճ՝ 92 տոկոս, որի արդյունքում ՀՀ արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքում ՌԴ-ի տեսակարար կշիռը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5,5 տոկոսային կետով, դարձել է 41,5 տոկոս։

Այս նույն ժամանակահատվածում արտաքին առևտրաշրջանառությունը Ղազախստանի հետ նվազել է 23 տոկոսով, Ղրղզստանի հետ նվազել է 55 տոկոսով, ի դեպ՝ Բելառուսի հետ աճել է 7,5 տոկոսով, Իրանի հետ չնչին՝ 4,7 տոկոսով, Վրաստանի հետ՝ գրեթե զրոյական աճ, իսկ ԵՄ անդամ երկրների հետ նվազել է 15 տոկոսով, ԱՄՆ-ի հետ նվազել է 40 տոկոսով։ Ռուսական ոսկին վերարտահանվել է Արաբական Միացիալ Էմիրություններ, որի արդյունքում ԱՄԷ-ի հետ ՀՀ-ի առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 6 անգամ, իսկ տեսակարար կշիռը դարձել է 19 տոկոս՝ աճելով 3 անգամ։

Ի դեպ, այս տարվա 10 ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքում ԵՄ-ի տեսակարար կշիռը նվազել է 2 անգամ՝ դառնալով 7,3 տոկոս, ԱՄՆ-ի տեսակարար կշիռը ևս նվազել է 3 անգամ՝ դառնալով 1,4 տոկոս, Իրանի տեսակարար կշիռը նվազել է 1,5 անգամ՝ դառնալով 2,3 տոկոս։

5․ Կապիտալի «փախուստ»

2024 թվականի առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 334 միլիոն ԱՄՆ դոլարով, իսկ ՕՈՒՆ-ի ընդհանուր զուտ ներհոսքը կազմել է բացասական՝ -55 միլիոն ԱՄՆ դոլար։ Ի դեպ, ՕՈՒՆ դրական զուտ ներհոսք ամենամեծը գրանցվել է Ռուսաստանից՝ +22 միլիոն ԱՄՆ դոլար։

6․ Արտաքին պարտքի և դրա սպասարկման ծախսերի առաջանցիկ աճ

Պետական պարտքն այս տարվա 10 ամիսներին աճել է 6,7 տոկոսով, այսինքն՝ ՀՆԱ-ից ավելի արագ չափով և կազմում է 12,633 միլիարդ ԱՄՆ դոլար, որը 2018 թվականի ցուցանիշը գերազանցում է ավելի, քան 2 անգամ։

Անշեղորեն աճում են պետական պարտքի և դրա սպասարկման տարեկան ծախսերը։ 2025 թվականին պետական պարտքը կաճի արդեն 18 տոկոսով (2,4 միլիարդ ԱՄՆ դոլարով)՝ 3,5 անգամ գերազանցելով սպասվող տնտեսական աճի ցուցանիշին, իսկ դրա սպասարկումը աճելու է 13 տոկոսով կամ 50 միլիարդ դրամով։ Պետական պարտքի սպասարկման համար 2025 թվականին ծախսվելու է շուրջ 400 լիլիարդ դրամ (1 միլիարդ ԱՄՆ դոլար), որը սոցիալական պաշտպանությանը հատկացվող ընդհանուր ֆինանսավորման 45 տոկոսն է կազմում։ Համեմատության համար՝ 2025 թվականին կենսաթոշակառուներին՝ ներառյալ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, վճարվելու է ընդամենը 350 միլիարդ դրամի կենսաթոշակ։ Այսինքն՝ արտաքին պարտքի տոկոսներով կարելի էր առնվազն կրկնապատկել յուրաքանչյուր կենսաթոշակառուի թոշակի չափը, սակայն հաջորդ տարի կենսաթոշակի բարձրացում նախատեսված չէ։

7․ Հարկային մուտքերի և ծախսերի թերակատարում և բեռի ավելացում

2024 թվականի առաջին ինը ամիսներին հարկային ծրագրված մուտքերի թերակատարումը կազմել է 8 տոկոս կամ 150 միլիարդ դրամ, իսկ պետական ծախսերինը՝ 13 տոկոս կամ 290 միլիարդ դրամ, որի հիմնական մասը կապիտալ ծախսերի գծով (դպրոցաշինություն, ջրամբարաշինություն, ճանապարհաշինություն և այլն)՝ 30 տոկոս կամ 124 միլիարդ դրամի թերակատարում։

Ի դեպ, իրենց վերապահված ոլորտները տոտալ ձախողած բարձրաստիճան պաշտոնյաների պարգևատրումները վճարվել են 100 տոկոսով։

Զուգահեռաբար արձանագրվում է պետական բյուջեի ծախսերի արդյունավետության խնդրահարույց միտում՝ մեկ անձից պետական գնումների առաջանցիկ աճը, կոռուպցիոն ռիսկերի տարածումը, չափելի արդյունքների բացակայությունը, չափելի արդյունքներով ծրագրային վարկերի փոխարինումը անհետագծելի և վերահսկողության տեսանկյունից խիստ խոցելի բյուջետային վարկերով, պետական-մասնավոր ներդրումային ծրագրերի ձախողումը (օրինակ՝ ԱՆԻՖ հիմնադրամի կողմից 10 միլիարդ դրամի փոշիացումը) և ըստ այդմ՝ պետության միջազգային հեղինակության անկումը և այլն։

2025 թվականի հունվարի 1-ից կրկնապատկվելու է փոքր և միջին բիզնեսի հարկային բեռը՝ շրջանառության հարկի դրույքաչափը։ Ավելին՝ օրվա իշխանությունը քննարկում է նաև հաջորդիվ նշված տնտեսվարողների հարկային արտոնություններն ամբողջապես վերացնելու նախագծեր, ինչի հետևանքով տնտեսական տարբեր ոլորտների հարկային բեռը կարող է աճել շուրջ 6 անգամ։ Օրինակ՝ սկզբում արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների այլ երկրում ստացած աշխատավարձը հարկելու նախագիծն ընդունվեց, իսկ հիմա էլ նախատեսում են շինարարության ոլորտում ինքնազբաղված վարպետների հարկային բեռը պատիկներով ավելացնել։

Դրան զուգահեռ՝ ՓՄՁ սուբյեկտների նկատմամբ կիրառվում են հարկային վարչարարության ապորինի գործադրումներ, տուգանքներ, օրենքով նախատեսված՝ վճարված հարկերը տնտեսվարողին վերադարձնելու գործընթացի արհեստական խոչընդոտներ և այլ։

Այս իշխանության օրոք հետևողականորեն վերացվեց նաև հարկային համակարգի սոցիալական բաղադրրչը։ Նախ սկզբից համահարթեցրին եկամտային հարկի պրոգրեսիվ դրույքաչափերը և վերացրին սոցիալապես արդար՝ «շատ եկամտից՝ շատ, քչից՝ համեմատաբար քիչ» հարկման սկզբունքը։ Սրա հետևանքով՝ նվազագույն աշխատավարձ ստացող աղքատ աշխատողի և ամսական մի քանի միլոն դրամ վաստակողների եկամտային հարկի բեռը հավասարեցվեց։

Հետո էլ գերթանկարժեք գույքերի համար բարձր հարկ սահմանելու («պերճանքի հարկ») խոստման փոխարեն՝ 2021-2026 թվականներին շեշտակի՝ շուրջ 4 անգամ բարձրացրին բոլոր քաղաքացիների (ներառյալ սոցիալապես անապահով ընտանիքները) գույքահարկը՝ 6 տարվա ընթացքում փուլային եղանակով։ Ընդ որում՝ 2025-2026 թվականներին գույքահարկի վճարները կավելանան տարեկան 50 տոկոսով։

8․ Սոցիալական խնդիրների խորացում

2023 թվականին աղքատության մակարդակը կրճատվել է ընդամենը 1,1 տոկոսային կետով և այս իշխանության տարիներին սկզբնական բարձր աճերից հետո նոր-նոր է մոտենում է 2018 թվականի մակարդակին։ Աշխատողների շուրջ 25 տոկոսը աշխատող աղքատներ են, իսկ բնակչության շուրջ 60 տոկոսը չափավոր աղքատներ՝ մեկ անձի հաշվով ընտանիքը ստանում է նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքից (75530 դրամ) ցածր ամսական եկամուտ։

Ի դեպ, նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքից շուրջ 2,1 անգամ պակաս են նվազագույն կենսաթոշակի և սոցիալական նպաստի չափերը, 1,5 անգամ պակաս է աշխատանքային կենսաթոշակի միջին չափը, 530 դրամով պակաս է նվազագույն աշխատավարձի չափը։

Սոցիալ-տնտեսական, անվտանգային խնդիրների հետևանքով միայն այս տարվա առաջին 9 ամիսներին շուրջ 20 հազար 400 ՀՀ փաստաթղթերով քաղաքացիներ արտագաղթել են՝ ավելի շատ գնացել են Հայաստանից, քան եկել են։

Եվ այս պայմաններում 2025 թվականին սոցիալական պաշտպանության ծախսերը 110 միլիարդ դրամի ավելացումն ուղղվելու է ոչ թե կենսաթոշակների, նպաստների, նվազագույն աշխատավարձի չափի բարձրացմանը կամ այս իշխանության օրոք սահմանամերձ դարձած բնակիչների սոցիալ-տնտեսական առաջանցիկ ավելացող խնդիրները և հայրենիքից զրկված արցախցի մեր հայրենակիցների սոցիալական խորացող խնդիրները ինչ-որ չափով մեղմելուն, այլ պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին հատկացվող պետական միջոցների թռիչքաձև աճի ֆինանսավորմանը (210 միլիարդ դրամ), որն, ի դեպ, խոստանում էին իշխանության գալուց հետո վերացնել։

2025 թվականին ևս կենսաթոշակների, անապահովության նպաստների և նվազագույն աշխատավարձի չափերը չեն աճելու։ Արցախահայությանը տրամադրվող դրամական աջակցության չափերը նվազեցվելու են, իսկ տարվա երկրորդ կեսից նախատեսում են դադարեցնել։

Այսինքն՝ այս տարվա 2-3 տոկոս և հաջորդ տարվա կանխատեսվող 4-5 տոկոս գնաճի պարագայում սոցիալապես անապահով մեր քաղաքացիների իրական եկամուտները նվազելու են, հետևաբար նրանք ավելի վատ են ապրելու, քան այս տարի։

Մյուս կողմից՝ միկրոբիզնեսի, փոքր և միջին ձեռնարկատիրության հարկային բեռի շեշտակի ավելացումը, հատուկ արտոնությունների նախատեսվող վերացումը իրապես հանգեցնելու են այս ոլորտի հազարավոր տնտեսվարող սուբյեկտների սնանկացման, իսկ նրանց տասնյակ հազարավոր աշխատողների՝ գործազրկության։

Այս բացասական միտումները աշխատող աղքատների թիվը, աղքատության միջին մակարդակը, չափավոր աղքատությունը և հատկապես՝ ծայրահեղ աղքատությունն ավելացնող, ինքնազբաղվածությունը նվազեցնող, աշխատանքային միգրացիան և արտագաղթը խթանող էական գործոններ են»

Աղբյուրը`   Թադևոս Ավետիսյան