«Ժողովրդավարության բաստիոնի գերիները». Հովհաննես Ավետիսյան
Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանն իր բլոգում գրել է իր ձերբակալման և իր հանդեպ իրականացված ապօրինությունների մասին. «Ժողովրդավարության բաստիոնի գերիները Նրանք պատրաստված էին եկել, առնվազն երկու նկարահանող ունեին, մեծ մասն էլ բարձրաստիճան ոստիկաններ էին: Ակնհայտ էր, որ պատահական չեն մոտեցել: Ասացին, որ ուզում են զննել մեքենան: Հարցիս, թե ունե՞ն արդյոք դատարանի թույլտվություն, ոչ պատասխանը հնչեց, բայց նաև ասացին, որ իմ համաձայնությամբ են ուզում մեքենան զննել: Քանի որ ապօրինի գործողություն չէինք արել և թաքցնելու որևէ ապօրինի առարկա չունեինք, համաձայնվեցի՝ նաև իմանալով նրանց հայտնվելու իրական շարժառիթը: Նախապես ասացի, որ մեքենայի մեջ, խցիկներից մեկում ունեմ գազային ատրճանակ, ցույց տվեցի թույլտվությունը, իրենցից երկուսը վերցրին ատրճանակը, զննեցին, համեմատեցին թույլտվության տվյալների հետ և վերադարձրին: Այնուհետ իրենց հրահանգով ցույց տվեցի մեքենայի բոլոր խցիկները այդ թվում բեռնախցիկը: Որևէ ապօրինի իր չգտնելով՝ քաշվեցին հետ և րոպեներ անց՝ զանգ անելուց հետո, մոտեցան և ասացին, որ պետք է գնանք Ոստիկանության Էրեբունու բաժին: Չէի ուզում գնալ, սակայն առաջարկն այսպիսին էր՝ «մեկ է գնալու ենք»: Անիմաստ քաշքշուկից խուսափելու համար համաձայնվեցի գնալ: Հետիս տղաներին տեղավորեցին իրենց մեքենայում, ոստիկաններից երկու հոգի նստեցին իմ մեքենան և գնացինք: Ոստիկանությունում՝ ինչ-որ տեղից եկած ցուցման հիման վրա (իմ համոզմամբ) նախաձեռնում են քրեական վարույթ՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու՝ իբր թե անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով: Այսպես կոչված անմիջականորեն ծագած կասկածը օրինական գազային ատրճանակի առկայությունն էր ավտոմեքենայի մեջ: Ինչ խոսք երկաթյատրամաբանություն է:
Այս նույն տրամաբանությամբ, ցանկացած անձ, որ ունի օրինական գազային ատրճանակ կամ օրինական այլ զենք, կարող է կասկածի տակ առնվել ապօրինի զենք-զինամթերք պահելու թեմայով և ձերբակալվել՝ Nիkոլյան ոստիկանական և քնչական համակարգերի ձեռամբ, իսկ դատական համակարգն առանց հարցեր տալու կթույլատրի մեքենայում և տանը խուզարկություններ անել: Ձերբակալության արձանագրությունը կազմելուց հետո ուղարկեցին քննիչի մոտ. Ասացի նրան, որ սա քաղաքական հետապնդում է, և որ ապօրինի զենք ունենալու հիմքով իրենց քրեական վարույթը շինծու է և հետևաբար հրաժարվում եմ ցուցմունք տալուց: Սա արձանագրում է տեսախցիկը, և այնուհետ համապատասխան արձանագրությունը: Այլևս քաղաքական բանտարկյալ էի: Ինձ առաջին անգամն է, որ զրկում էին ազատությունից և սա անում էին կեղծ մեղադրանքով, ինչի հիմքում բացառապես իմ հայացքներն են և դրանցից բխող իմ բոլոր գործողությունները, որոնք բացառապես օրինական դաշտում են: Ինձ ազատությունից զրկում էին հայրենիքը կորցրած՝ Ստեփանակերտի երբեմնի դատախազ, իսկ ներկայում ժողովրդավարության բաստիոնում քննիչ դարձած անձի ձեռամբ: Ինձ համար հաջորդիվ ակնհայտ դարձավ, որ նրան ցուցում էին տվել, որի կատարումից հրաժարումը թանկ էր իր վրա նստելու: Պետք է ընդունել, որ ոչ բոլոր մարդիկ են ունակ անհրաժեշտ պահին կամային հատկանիշների դրսևորման և երբ հանցավոր ռեժիմ է կառավարում երկիրը, շատերն ակամայից դառնում են հանցակից: Ի դեպ Արցախի մասին: Արցախի հայերի տեղահանությունը Հայոց նորօրյա պատմության մեջ դեռ դիտարկվելու է, որպես «Հայաստանի թողտվությամբ և համաձայնությամբ Ադրբեջանի կողմից իրականացված հայերի էթնիկ զտում և ցեղասպանություն»: Եվ սա իրագործվել է մեր բոլորիս աչքի առաջ, մեր անգործ համաձայնությամբ: 20-րդ դարի սկզբում ցեղասպանված ժողովուրդը, անցնում է ևս մեկ ցեղասպանության միջով 21-րդ դարի սկզբում, բայց դա անում է իր իսկ հանցավոր անտարբերությամբ և համաձայնությամբ: Սա ամոթալի էջ է՝ Մեծ Ամոթի շրջանը, որ միայն արյունով է մաքրվելու: Վերադառնամ պատմությանը: Ինձ և տղաներին տեղափոխեցին ձերբակալվածներին պահելու վայրերից մեկը՝ հենց հարևանությամբ գործող Էրեբունու ՁՊՎ: Այստեղ հրահանգեցին հանվել, զննեցին, այնուհետ ժամանեց շտապ օգնության բժիշկը, սա նույնպես զննեց ոստիկանի ներկայությամբ, այնուհետ անհասկանալի ձեռագրով ինչ-որ մատյանում գրառում արեց: Ստորագրեցի որ ծանոթացել եմ, քանի որ բժիշկը պատմեց, թե ինչ է գրել: Այո պատմեց, քանի որ, ինչպես ասացի, ձեռագիրն անընթեռնելի էր: Այնուհետ ինձ տվեցին որոշակի անկողնային պարագաներ և տեղափոխեցին խուց: Ցուցումը հետևյալն էր. Պետք է հիշել խցի համարը, որևէ կարիք ունենալու դեպքում, թակում ես մետաղյա դուռը, միցանցքից հարցնում են խցի համարը, դու պատասխանում ես (իմ դեպքում դա թիվ 9 խուցն էր), իրենք մոտենում են, բացում են խցի դռան վրայի փոքր պատուհանը և ասում ես կարիքդ: Շուրջ մեկ օր այս խցում պահվելու ընթացքում երկու հիմնական կարիք եմ խցի պատուհանից ներկայացրել՝ զուգարան և զբոսանք: Սահմանված ժամին զբոսանքի այդպես էլ չտարան՝ պատճառաբանելով, որ զբաղված են, չեն կարող: Իսկ իրական պատճառն իմ համոզմամբ այլ էր՝ ժամեր առաջ օրվա հերթապահության հետ՝ իրենց ոչ պատշաճ վարքագծի («արի ստե կանգնի ապե») պատճառով, մեր միջև առաջացած բանավեճը: Խցում միակ հետաքրքիր բանը որ կար՝ անկողնու նմանվող տեղին հարող պատի վրա փորագրված գրառումն էր, որ կարողանում էիր տեսնել, երբ պառկած ես ու մտքերիդ մեջ խորասուզված. «ՉԴՆԵՍ», ասված էր գրառման մեջ: Այս մեկ բառն մի ամբողջ գաղափարախոսություն ունի իր մեջ ներառված, և հայաստանցի տղամարդկանց մեծ մասը վստահաբար գիտի, թե սա ինչի մասին է: Խցում առկա անկողնային պարագաները՝ մասնավորապես, բարձն ու ներքնակը այնքան կեղտոտ էին, որ գետնին գլուխդ դնելը ավելի ցանկալի տարբերակ էր: Ստիպված ինձ հատկացված ծածկոցը բարձ դարձրի, իսկ իմ վերարկուն այդ գիշեր դարձավ իմ ծածկոցը: Սենյակում սառն էր, ջեռուցում չկար: Մի պատուհան կար, որը առավոտյան պարզվեց բացվում է դրսից էլեկտրոնային կառավարմամբ՝ ինչ-որ կոնկրետ ժամի, իսկ դրանից հետո անընդհատ փակ է: Գիշերվա ժամին երբեմն խուց էր սողոսկում ծխախոտի թանձր հոտը, հավանաբար ինչ-որ հերթապահ ոստիկան միջանցքում իր դարդերն էր վառում ծխախոտ քաշելով: Առավոտյան, երբ օրվա հերթափոխի ղեկավարին դժգոհելով ցույց տվեցի կեղտոտ բարձը, նա առաջարկեց բարձրաձայնել և բողոքել: Ակնհայտ ցուցադրում էր, որ դա իր մտահոգության առարկան չէ: Ուժեղ գլխացավ ունեի: Թակեցի դուռը: Միջանցքից լսվեց՝ «որն ա», պատասխանեցի՝ «ինը»: Մոտեցավ հերթապահ ոստիկանը, ասացի որ գլխացավ ունեմ, և գլխացավի դեմ հաբ է հարկավոր: Պատասխանեց, որ չկա հաբ և ընդհանրապես, այլևս ՁՊՎ-ում բժիշկ չունեն: Ասաց նաև, որ միակ տարբերակը շտապ օգնություն կանչելն է: Համաձայնվեցի այս տարբերակին, քանի որ արդեն տևական ժամանակ էր չէի կարողանում քնել, իսկ Nիkոլյան ժողովրդավարության այս բուռն դրսևորումներից միայն քունը կարող էր ինձ ազատել: Շտապ օգնությունը եկավ, ինձ տարան ներքևի սրահ՝ նրանց հետ հանդիպելու: Շտապ օգնության բժիշկն ասաց, որ չունեն գլխացավի հաբ, և որ կարող են միայն սրսկում անել, իսկ դեղն էլ սովետական ժամանակներից կիրառվող՝ կարծեմ Դիմեդրոլ անվամբ դեղն էր: Ստիպված համաձայնվեցի այս տարբերակին, սակայն սա էլ չօգնեց: Շտապ օգնության բժշկին ասացի նաև, որ ինձ հարկավոր է Էլ-տիրոքսին դեղամիջոց, քանի որ վահանաձև գեղձ չունեմ (տարիներ առաջ քաղցկեղով էր ախտահարվել և հեռացրել էին) և դա ամեն օր պետք է խմեմ, այլապես այդ հորմոնի պակասից սկսում եմ վատ զգալ և հավանաբար դա էլ կարող է լինել գլխացավի պատճառ: Պատասխանեցին, որ իրենք չունեն և դրսից դեղամիջոց բերել էլ չի կարելի՝ առանց իմ բժշկի կողմից նշանակված դեղատոմսի: Այդտեղ հասկացա, որ ցմահ օգտագործման ցուցումով դեղամիջոց ունենալու համար ժողովրդավարության բաստիոնի գերիները որևէ բժշկից դեղատոմս պետք է բերեն, իսկ թե ինչպես՝ իրենց դա առանձնապես հետաքրքիր չէ: Իսկ իմ բժիշկը Հայաստանում չէ, և ես մնացի առանց այս դեղամիջոց: Հ.Գ. 1 Վերոգրյալները՝ սկսած շտապ օգնության բժշկի կողմից զննման եղանակից մինչև դեղամիջոց չտրամադրելը մարդու իրավունքների խախտումներ են, խցում պահման պայմանները նույնպես մարդու իրավունքների խախտումներ են, իսկ Հայաստանը իբր թե միացել է այդ խախտումները կանխարգելող և ձերբակալվածների համար ստանդարտներ (անգլերենով անվանում են CPT Standards) սահամանող եվրոպական կոնվենցիային (հղում՝ https://www.justice.gov.sk/dokumenty/2021/05/CPTstandards.pdf): Այս ամենին մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը անհաղորդ մնաց, քանզի ՄԻՊ պաշտոնը զբաղեցնող անձը չցանկացած տեսախցիկների ներկայությամբ լսել այս ամենը, երբ մի խումբ մարդկանցով ձերբակալությունից ազատման հաջորդ օրը գնացել էինք նրանց գրասենյակի մոտ՝ իրեն հանդիպելու և ներկայացնելու այս ամենը: Այս գրությունը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ցանկացած տեղական կամ միջազգային կառույց կարող է ընդունել որպես հաղորդում Հայաստանում մարդու հիմնարար իրավունքների խախտումների մասին՝ սանձազերծված և ուղղորդված օրվա իշխանությունների կողմից՝ ընդդիմադիր հայացքներ ունեցողներին ճնշելու և լռեցնելու նպատակով: Հ.Գ. 2 1971 թվականին՝ Բանգլադեշի ազատագրական պատերազմ անունը ստացած իրադարձությունների ընթացքում մի գաղտնի նամակ գրվեց ԱՄՆ Պետական դեպարտամենտին այդ ժամանակ Արևելյան Պակիստան անվանվող տարածքում (ներկայում պետություն՝ Բանգլադեշ անվամբ) այս դեպարտամենտի որոշ ներկայացուցիչների կողմից: Սա հետագայում գաղտնազերված նամակի հղումն է՝ https://nsarchive2.gwu.edu/NSAEBB/NSAEBB79/BEBB8.pdf Այս նամակի շարժառիթ էր դարձել այն հանգամանքը, որ Արևմտյան Պակիստանը, որ որոշել էր ճնշել Արևելյան Պակիստանի անկախության ընթացքը, մտել էր էթնիկ զտումների և մասսայական սպանությունների և տեղահանությունների չարաբաստիկ գործընթացի մեջ և սա անում էր ԱՄՆ կողմից նախորդիվ տրված ռազմական օգնության և վերջինիս կողմից քար լռության ներքո: Այս նամակում մի շարք այլ հիշարժան մտքերի շարքում ասվում է հետևյալը՝ «Մեր կառավարությունը ձախողել է դատապարտել ժողովրդավարության ճնշումը: Մեր կառվարությունը ձախողել է դատապարտել վայրագությունները: Մեր կառավարությունը ձախողել է գործուն քայլեր ձեռնարկել … Մեր կառավարությունը ձախողել է … »: Տեսնես կպատահի՞ մի օր, որ պարզվի, թե նման նամակ նաև եղել է Հայաստանում ԱՄՆ ներկայացուցչության որևէ պաշտոնյայի կողմից՝ ուղղված ԱՄՆ Պետական Դեպարտամենտին. «ԱՄՆ-ը ձախողել է չթույլատրել հայերի էթնիկ զտումները և Արցախի հայաթափումը, քանի որ դա պետք էր հայերին ռուսների դեմ տրամադրելու համար… ԱՄՆ-ը ձախողել է դատապարտել քաղաքական հետապնդումները և ժողովրդավարության անկումը…ԱՄՆ-ը ձախողել է՝ իր քաղաքական ծրագրի իրականացման դերակատարումը Հայաստանի շահերի դեմ գործող Nիkոլյան ռեժիմին վստահելով: ԱՄՆ-ը ձախողել է …»: Այս նամակը չի լինի, իսկ նույնիսկ եթե լինի, դա մեզ ոչինչ չի տա: Հայաստանն ու հայ ժողովուրդը իր ազատության պայքարում միայնակ է: Իսկ ներկայի Հայաստանը դավաճանների կառավարման ներքո»: Աղբյուրը` Հովհաննես Ավետիսյան |
«ՔՊ-ական համայնքապետը շատ էժան գներով երկու հողամաս է օտարել «Գետափ»-ի տիրոջը». Ոսկան Սարգսյան
3913:30«Երևանի օդի աղտոտվածության վերաբերյալ տվյալներն այս կայքում հավաստի չեն»․ Արսեն Թորոսյան
5113:06«Տիչինա փողոց․ մարտի դաշտերը փառք են»․ Վարդան Ղուկասյանը հրապարակել է քաղաքացու նամակը
6811:12«Փաստորեն COVID-ն էր մեղավոր». Արթուր Խաչատրյան
7811:00«Այս գաղջ իրավիճակում մի լուսավոր դեպք պատմեմ»․ Մարինա Խաչատրյան
7110:24«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
9209:24