Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2024 թ.

«Մանկավարժին ձերբակալելով՝ ոստիկանությունը փաստացի երեխաներին մղել է անսանձ գործողությունների»․ Նաիրի Հոխիկյան

39
Այսօր, 16:12
«Մանկավարժին ձերբակալելով՝ ոստիկանությունը փաստացի երեխաներին մղել է անսանձ գործողությունների»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տավուշի Աչաջուր գյուղում դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրենը 14-ամյա աշակերտի մոտից գտել է ծխախոտ կամ դրա նման մի բան ու մի քանի ապտակ հասցրել երեխային, տարել տնօրենի մոտ, այնտեղ 2 անգամ հարվածել մեջքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Եթե պաշտոնական հաղորդագրությունները համապատասխանում են իրականությանը, երեխան իր մայրիկի հետ գնացել է ոստիկանություն, որտեղ տված ցուցմունքի հիման վրա ձերբակալել են երեխային ապտակած 70-ամյա ուսուցչին։

Մարդու իրավունքի պաշտպանության տեսանկյունից, իհարկե, կասենք, որ չի կարելի ծեծել երեխային։ Դաստիարակության այլ մեթոդներ կան, բայց ինչպե՞ս կանխել երեխայի առողջության քայքայումը, ինչպե՞ս զսպել դեպի կործանում վազող անչափահասներին։

Վաստակավոր մանկավարժին ձերբակալելով՝ ոստիկանությունը բնականաբար ազատել է երեխաների ձեռքերը և փաստացի մղել արդեն անսանձ գործողությունների՝ ծխել, խմել, գուցե նաև թմրանյութ օգտագործել։

Իմ դպրոցական տարիներին՝ կարծեմ 4-րդ կամ 5-րդ դասարանում, ուսուցչուհիս մի անգամ նկատեց, որ եղունգներս մի քիչ երկարել էին։ Փայտիկով հարվածեց մատներիս և նկատողություն արեց։ Այդ հարվածի զգացումները միշտ ուղեկցել են ինձ հիգիենայի պահպանության անհրաժեշտության առումով։

Երեխան երբեմն մի ծնողական (այդ թվում մանկավարժի) ապտակից խելքի է գալիս ու գնում ճիշտ ճանապարհով։

Հուսով եմ, երեխայի ծնողները և Աչաջուրի բնակիչները 14-ամյա երեխային կբացատրեն, որ ծխելը վատ բան է, որ այդ ծխախոտը սպանում է մարդուն, իսկ ոստիկանությունը կհասկանա, որ չի կարելի հեղինակազրկել երեխայի առողջության մասին մտածող թեկուզև կոպիտ մանկավարժին»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան