Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2024 թ.

«Ադրբեջանի վտանգավորությունը անկանխատեսելի է»․ Տիգրան Աբրահամյան

58
Այսօր, 13:54
«Ադրբեջանի վտանգավորությունը անկանխատեսելի է»․ Տիգրան Աբրահամյան

«Խաղաղության պայմանագրի շրջանակներում, երբ արձանագրվում է որևէ պայմանավորվածություն, դրանք փաստաթղթային տեսք են ստանում, սակայն Ադրբեջանը ոչ միայն իր պարտավորությունը չի կատարում, այլև հանդես է գալիս նոր սպառնալիքներով ու պահանջներով»,- ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ նշելով Ադրբեջանի կողմից վերջին շրջանում դրսևորվող մի քանի վտանգավոր մոտեցումներ․ «Առաջինը՝ ՀՀ-ին ուղղված ապառազմականացման դրույթն է, որն Ադրբեջանը բերում և տեղավորում է ակտիվ օրակագրի շրջանակներում։ Երկրորդը՝ ադրբեջանցիների, այսպես կոչված, Հայաստան վերադարձի մոտեցումն է։ Ադրբեջանը դրանով ոչ միայն փորձում է փակել արցախցիների Արցախ վերադարձի ճանապարհը՝ ցույց տալու համար, թե դրանք մեկ հարթության մեջ են, այլ նաև պարտադրել, որ դրույթի չիրականացման դեպքում այլ պայմաններ իրացվեն։ Երկրորդը՝ անհետ կորածների հարցն է։ Ադրբեջանը առաջ է տանում այն մոտեցումը, թե ՀՀ-ն թաքցնում է առաջին պատերազմի զոհերի տվյալները։ Այս պահին ՀՀ իշխանություններն առավելագույնը փորձում են զիջողականություն դրսևորել, բավարարել պահանջները, բայց իրականությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը եղած ցանկով չի սահմանափակվում և հանդես է գալիս նոր նախապայմաններով, ինչը ուղեկցվում է շանտաժի և սպառնալիքների մոտեցմամբ»,-ասաց նա՝ նշելով, որ Ադրբեջանը մեծ ծավալի սպառազինություն է գնում, տեսականու առումով տեղեկությունը գաղտնի է, ինչն էլ անկանխատեսելի է դարձնում Ադրբեջանի վտանգավորությունը։

«Ադրբեջանի վտանգավորությունը անկանխատեսելի է»․ Տիգրան Աբրահամյան