Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2024 թ.

«Առավել կարևոր կարող է լինել ոչ թե Մակրոնի, այլ Բարնիեի հետ հանդիպումը»․ Հակոբ Բադալյան

60
Այսօր, 13:30
«Առավել կարևոր կարող է լինել ոչ թե Մակրոնի, այլ Բարնիեի հետ հանդիպումը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ ԲԱդալյանի թելեգրամյան գրառումը․ «Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, որտեղ մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Փաշինյանը հանդիպելու է Մակրոնի հետ, ինչպես նաև Ֆրանսիայի նոր վարչապետ, աջ-պահպանողական թևի ներկայացուցիչ Բերնիեյի հետ: Ըստ իս, Մակրոնի հետ հանդիպումից առավել էական կարող է լինել հենց հանդիպումը Բերնիեյի հետ:

Այստեղ նրբերանգն այն է, որ այդ գործիչը ներկայացնում է ֆրանսիական քաղաքականության այն գաղափարական թևը, որն այսօր թերևս ըստ էության ունի ամենամեծ պահանջարկը ֆրանսիական հանրության շրջանում: Իհարկե գոյություն ունեցող քաղաքական և ընտրական համակարգի միջոցով Ֆրանսիայում չեզոքացվում է աջերի հաղթանակը, քանի որ դրա առավելագույն կապիտալիզացիան ապահովողը Մարին Լե Պենի կուսակցությունն է, բայց միեւնույն է հնարավոր չէ հաշվի չառնել ընդհանուր հանրային տրամադրությունների հանգամանքը:

Ըստ իս, հենց դա հաշվի առնելով է նաև, որ Մակրոնը վարչապետ է նշանակել իր կյանքի 7-րդ տասնամյակը բոլորած Միշել Բերնիեյին: Իսկ ի՞նչ է նշանակում աջ-պահպանողական Ֆրանսիա: Դա նշանակում է Ֆրանսիա, որի քաղաքականության հիմքում քրիստոնեական արժեհամակարգն ու քրիստոնեությունը՝ որպես համաշխարհային գործընթացների դավանա-քաղաքական էական բաղադրիչ ունի կարեւոր տեղ ու նշանակություն:

Խոշոր հաշվով, Բերնիեյի՝ վարչապետի պաշտոննում այսպես ասած հաջողությունից Ֆրանսիայի համար կախված է շատ բան: Ի դեպ, այստեղ նկատեմ մի բավականին նուրբ հանգամանք ևս, որը մեզանում գրեթե չարժանացավ ուշադրության:

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը օրեր առաջ մերժել էր Փարիզ մեկնելու և Աստվածամոր տաճարի վերաբացմանը մասնակցելու Էմանուել Մակրոնի հրավերը: Սա Վատիկանի վերաբերմունքն է Մակրոնին եւ Մակրոնի Ֆրանսիային: Իսկ Ֆրանսիայի միջազգային դերակատարման ՕԳԳ-ի հարցում Վատիկանի վերաբերմունքը ունի առանձնահատուկ նշանակություն:

Վերադառնալով Նիկոլ Փաշինյանի այցին, կրկնեմ, ըստ իս առավել կարեւոր և նշանային կարող է լինել ոչ թե Մակրոնի, այլ Բերնիեյի հետ հանդիպումը:

Բայց այստեղ կա նաև մյուս հարցը, թե ինչպե՞ս են Ֆրանսիայի աջերը վերաբերում Հայաստանն առաջնորդող քաղաքական գործչին, նրա վարած քաղաքականության հարցում: Ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի կամ Թուրքիայի ուղղությամբ քաղաքականության, որտեղ Ֆրանսիան ունի էքզիստենցիալ վտանգներ ու մարտահրավերներ, այլ նաեւ հայկական պետական ինքնության, մասնավորապես դրանում քրիստոնեականության եւ դավանա-քաղաքական բաղադրիչի հանդեպ:

Ի դեպ հենց այդ ֆոնին կառաջարկեմ ուշադրության արժանացնել, որ Փաշինյանը ընդունեց Մայր Աթոռի հրավերն ու մասնակցեց Մայր Տաճարի վերաօծմանը: Կարծում եմ, որ այդ արարողությունից մի քանի օր անց Ֆրանսիա կատարելիք այցը այսպես ասած վերջին նշանակությունը չի ունեցել հրավերն ընդունելու որոշման ձեւավորման հարցում:

Մյուս կողմից սակայն, Փաշինյանն իր մասնակցությունն «օժտեց» նաև որոշակի «ընդվզման» տարրով, այսպես ասած՝ մյուս կողմին էլ դժգոհ չթողնելու համար, խոշոր հաշվով դուրս գալով արարողության ամբողջական ավարտից ավելի շուտ»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան