Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Գործող վարչախմբի առաջնորդի հաջորդ նվերը Ադրբեջանին լինելու են Գեղարքունիքի երկու գյուղերը». Միհրան Պողոսյան

222
Հինգշաբթի, 21 մարտի, 2024 թ., 12:24
«Գործող վարչախմբի առաջնորդի հաջորդ նվերը Ադրբեջանին լինելու են Գեղարքունիքի երկու գյուղերը». Միհրան Պողոսյան

ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր,

Հայոց համազգային կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանը հայտարարություն է տարածել. «Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի գործող վարչախմբի ղեկավարը բացեիբաց հայտարարում է, որ պատրաստվում է Տավուշի մարզի 4 գյուղերը անհապաղ հանձնել Ադրբեջանին։

Հողատուի հակահայկական հերթական մտադրությունը պատճառաբանվում է շանտաժով, թե «հակառակ պարագայում պատերազմ կլինի, Ադրբեջանը ուժով կվերցնի, իսկ մենք չենք կարող դիմակայել»:

Զուգահեռաբար իշխանական քարոզչամեքենան ամեն կերպ փորձում է արդարացնել վարչախմբի ղեկավարի հերթական միակողմանի զիջումները։

Ներկայիս վարչախմբի ղեկավարը ևս մեկ անգամ փաստում է, որ նա մեզանից մեկը չէ։

«Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր» սկզբունքով հերթական նենգ դավադրությունն է նախապատրաստվում։ Բոլորիս աչքի առաջ Հայաստանի տարածքները նվիրաբերվում են թշնամուն։

Հողատուի այս զիջմամբ վերանալու է 3-րդ բանակային կորպուսի պաշտպանական գիծը։ Եվ սա միայն սկիզբն է լինելու, ու դժվար չէ հասկանալ Ադրբեջանի հետագա գործողությունների տրամաբանությունը։

Ավելին՝ ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, գործող վարչախմբի առաջնորդի հաջորդ նվերը Ադրբեջանին լինելու են Գեղարքունիքի մարզի երկու գյուղերը, ինչի արդյունքում թշնամին անմիջական ելք է ունենալու Սևանա լիճ։

Փաստացի կյանքի է կոչվում Սևանա լճի ափին թեյ խմելու Ալիևի վաղեմի երազանքը։

Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր բոլորիս գլխավերևում առկախված արհավիրքը բացահայտ նշանակում է պետականության կորուստ։ Կորցնում ենք բոլորս։

Առաջիկայում կտեղեկացնենք Հայոց համազգային միասնություն կուսակցության ձեռնարկելիք գործողությունների մասին»: