Էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ hաճախ հնչող հարցեր. մաս 2
215
Չորեքշաբթի, 06 մարտի, 2024 թ., 23:18
Առողջապահության նախարարությունը ներկայացել է էլեկտրոնային դեղատոմսերի մասին հաճախ հնչող հարցերի վերաբերյալ տեղեկությունների երկրորդ մասը: Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ, իսկ երկրորդը ներկայացնում ենք ստորև. 1. Տարեցները, հենաշարժողական խնդիր ունեցող անձինք ինչպե՞ս են օգտվելու էլեկտրոնային դեղատոմսից: Պացիենտը կամ նրա կողմից լիազորված անձը (պացիենտի կողմից տրված գրավոր համաձայնություն) կարող է դիմել դեղատուն և ստանալ դեղն՝ առանց ավելորդ թղթաբանության: Այն պացիենտները, որոնք արդեն իսկ ունեն լիազորված անձ և վերջինս շարունակելու է մնալ լիազորված անձ, բժիշկը նրա անունը մուտք է անում էկեկտրոնային համակարգ։ 2. Հորմոնային դեղերի դուրսգրումը էլեկտրոնային դեղատոմսով արդյո՞ք անհարմարություն չի պատճառի, օրինակ՝ էնդոկրին հիվանդանդություններ ունեցող անձանց, ովքեր երկարաժամկետ կտրվածքով ընդունում են հորմոնային դեղեր: Խնդիրներ չպետք է առաջանան այն պատճառով, քանի որ նույն դեղատոմսերը բժիշկը կարող է դուրս գրել երկարաժամկետ: Դեղատոմսը կարող է դուրս գրել ինչպես տվյալ հետազոտությունը և դեղը նշանակած նեղ մասնագետը, այնպես էլ խորհրդատվության թերթիկով՝ տեղամասային բժշկի կողմից: Պացիենտի հսկողությունն այդ դեպքում իրականացնում է ինչպես նեղ մասնագետը, այնպես էլ իր բժիշկը: 3. Արդյո՞ք էլեկտրոնային դեղատոմս ձեռք բերելու համար պոլիկլինիկաներում անվերջ հերթեր չեն առաջանա: Պոլիկլինիկաների հերթերը կառավարվում են էլեկտրոնային համակարգով: Այս պահին Երևանի բոլոր պոլիկլինիկաներն ունեն առցանց հերթագրման եղանակ՝ հավելվածի միջոցով, ինչպես նաև քաղաքացիները կարող են նախապես զանգահարել մատենավարման բաժին, հերթագրվել, և նշված ժամին դիմել: Այս պահին աշխատանքներ են տարվում մարզային պոլիկլինիկաների հետ, որպեսզի նրանք նույնպես կազմակերպեն առցանց հերթագրումը, ինչը կբերի նաև հերթերի կառավարմանը: 4. Քրոնիկ հիվանդությունների դեպքում հնարավոր չէ՞ դեղատոմսը ստանալ առցանց։ Ցանկացած քրոնիկ հիվանդություն պահանջում է դինամիկ հոսկողություն և քրոնիկ հիվանդության դեպքում նույնպես ժամանակ առ ժամանակ թե՛ բժշկի խորհրդատվություն, թե՛ հետազոտություն է պահանջվում, ուստի, առանց պացիենտին զննելու, դեղերի դուրսգրումը թույլատրելի չէ: Բացի այդ, կա նաև երկարատև դեղատոմսի ձևաչափ, որի դեպքում դեղը դուրս է գրվում միանգամից 180 օրվա համար: 5. Արդյո՞ք չի խախտվում պացիենտների մասին տեղեկատվության գաղտնիությունը: Դեղատան աշխատակիցը չի տեսնում պացիենտի ախտորոշումը, այլ միայն պացիենտի տվյալները և դուրսգրված դեղաքանակը, ինչը նախկինում էլ արտացոլվում էր թղթային դեղատոմսի մեջ: Որևէ լրացուցիչ հետազոտություն և այլ տեղեկատվություն էլեկտրոնային դեղատոմսը չի պարունակում: