«Անպտղության մակարդակը Հայաստանում շարունակում է մնալ բարձր». Արմեն Մուրադյան
![]() ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գրում է. «Անպտղության մակարդակը Հայաստանում շարունակում է մնալ բարձր և գրեթե հավասար է սահմանված 15% ճգնաժամային մակարդակին Ծնելիության վրա ազդող առողջապահական գործոններում առաջնահերթ նշանակություն ունի անպտղությունը, որի հաղթահարմանն ուղղված ռազմավարությունների համար անհրաժեշտ են անպտղության տարածվածության և պատճառագիտության վերաբերյալ փաստահեն տվյալներ: «Հերացի» վերլուծականը շարունակում է ժողովրդագրական վիճակի և վերջինի վրա ազդող գործոնների ուսումնասիրությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անպտղությունը սահմանում է, որպես տղամարդու կամ կնոջ վերարտադրողական համակարգի հիվանդություն, որը բնութագրվում է 12 ամիս և ավելի կանոնավոր անպաշտպան սեռական հարաբերությունից հետո հղիության ձախողմամբ: Անպտղությունը, ցավոք տարածված հիմնախնդիր է: Գնահատված է, որ ամբողջ աշխարհում 48 միլիոն զույգեր և 186 միլիոն անհատներ ապրում են վերոնշյալ խնդրով: Տղամարդկանց և կանանց մոտ անպտղությունը կարող է առաջանալ մի շարք տարաբնույթ գործոնների պատճառով։ Մասնավորապես, կանանց շրջանում տարածված պատճառներից են. • փողերի հիվանդություններ, օրինակ՝ առաջացած վտանգավոր աբորտների հետևանքով, • արգանդի հիվանդություններ, այդ թվում՝ բորբոքային (օրինակ՝ էնդոմետրիոզ), • ձվարանների հիվանդություններ, օրինակ՝ պոլիկիստոզային համախտանիշը, • ներզատական համակարգի խանգարումները, որոնք առաջացնում են վերարտադրողական հորմոնների դիսբալանս և այլն: Տղամարդկանց վերարտադրողական համակարգի խնդիրները կարող են պայմանավորված լինել. • վերարտադրողական օրգանների օբստրուկցիաներ, • հորմոնալ խանգարումներ, • սերմնահեղուկի արտադրության խնդիրներ, օրինակ՝ վարիկոցելեի պատճառով և այլն: Հարկ է նշել, որ բնակլիմայական և կենսակերպի գործոնները, ինչպիսիք են ծխելը, ալկոհոլի չարաշահումը և ավելցուկային քաշը, ևս կարող են ազդել ռեպրոդուկտիվ ֆունկցիայի վրա: Հայաստանում անպտղության խնդրի հետազոտություններ կատարվել են 1989-1990թթ., 1997-1998թթ., և 2009թ.: Վերջինի արդյունքները վերանայվել և հրապարակվել են 2014թ.: Համաձայն վերոնշյալ հետազոտության տվյալների անպտղությունը կանանց շրջանում կազմել է 16,8%, որից առաջնայինը՝ 5,4%, երկրորդայինը՝ 11,4%, իսկ տղամարդկանց շրջանում՝ 5,1%-ը անամնեզում նշել է ամլություն, որոնցից առաջնային՝ 2.3%, երկրորդային՝ 2,8%: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպության կողմից 2020-2021թ. իրականացված հետազոտության տվյալներով վերարտադրողական տարիքի միասին ապրող զույգերի շրջանում անպտղության տարածվածությունը կազմում է 16,8%, այդ թվում՝ առաջնայինը՝ 1,7%, իսկ երկրորդայինը՝ 15,1%: Կին հարցվածների շրջանում անպտղությունը կազմել է 14,3%, որից առաջնայինը՝ 1,3% է, իսկ երկրորդայինը՝ 13%: Այսպիսով, առկա տվյալները վկայում են, որ անպտղության մակարդակը Հայաստանում թեև որոշակի նվազել է, այնուամենայնիվ շարունակում է մնալ բարձր և գրեթե հավասար է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված 15% ճգնաժամային մակարդակին, որի դեպքում անպտղությունը դիտվում է որպես երկրի ժողովրդագրության վրա ազդող լուրջ գործոն և սոցիալ-բժշկական խնդրից վերածվում է համապետական, անգամ ազգային անվտանգության հիմնախնդրի»: Աղբյուրը` Արմեն Մուրադյան |

«Ու այսպիսի տվյալների վրա պետք է կառուցվի՞ ապահովագրությունը»․ Անուշ Պողոսյան
9316:18
Նյու Յորքում 15,000 բուժքույր գործադուլ է հայտարարել (տեսանյութ)
317Երեկ, 23:38
«Ինչո՞ւ հայկական արտադրության դեղը որակյալ չէ»․ Ոսկան Սարգսյան
112Երեկ, 16:12
«ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները»․ ՀՎԿԱԿ
132Երեկ, 12:12
«Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը». ՀՀ ԱՆ
20011.01.2026, 15:06
«Անգամ ամենաանմեղ թվացող կատակները կարող են վտանգավոր լինել»․ Հայկ Քոչարյան
12309.01.2026, 12:30
