Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Այդ փաստաթուղթը բնավ չի նշանակում, որ փակվել է ազգային ինքնորոշման իրացման իրավական հնարավորությունը». Գևորգ Դանիելյան

448
Ուրբաթ, 07 հոկտեմբերի, 2022 թ., 19:48
«Այդ փաստաթուղթը բնավ չի նշանակում, որ փակվել է ազգային ինքնորոշման իրացման իրավական հնարավորությունը». Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի գրառումը. «Ընդամենը պետք է փաստենք, որ տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի Արցախում ազգային ինքնորոշման իրավունքի իրացման հետ: Այս երկու սկզբունքների միջև հակասություն են տեսնում միայն նեղ քաղաքական շահերով ուղղորդվողները, ինչը լայն տարածում ունի նաև այլ երկրների ղեկավարների պարագայում: Ղազախստանի նախագահ Տոկաևը վերջերս բացահայտ անհիմն պնդում էր, թե դրանք միմյանց հակասող սկզբունքներ են, մինչդեռ՝ դե ֆակտո փորձում էր այդպիսով իբր կանխել ապագա իր համար անցանկալի զարգացումները:

Մենք ի սկզբանե պետք է ղեկավարվեինք ոչ թե ազգային ինքնորոշման, այլ տարածքային ամբողջականության սկզբունքով, որի իրավական հիմքը դրվել էր Հայկ ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի խորհրդարանների «Վերամիավորման մասին» համատեղ որոշումներով: Մենք լիարժեք իրավունք ունեինք պահանջելու, որ հետ վերադարձվեն ոչ պետական, զուտ կուսակցական կառույցների որոշմամբ բռնակցված մեր պատմական տարածքները, ինչը, ցավոք, այդպես էլ կա՛մ հավուր պատշաճի չընկալվեց, կա՛մ «այդպես էր» պետք:

Պատմական պահը բաց ենք թողել (թեպետ՝ ոչ անդարձ). բայց նույնիսկ այս դեպքում, ազգային ինքնորոշման իրավունքը ոչ թե պահանջ է այլ երկրներից, այլ՝ զգալի փոխզիջում, քանզի մեզ պատկանող տարածքի ճակատագիրը կախվածության մեջ ենք դնում հանրաքվեից: Իսկ այն, ինչ ստորագրվեց տարածքային ամբողջականության մասով, ունի քաղաքական բնույթ և բոլորովին այլ ենթատեքստ. այդ փաստաթուղթը բնավ չի նշանակում, որ փակվել է ազգային ինքնորոշման իրացման իրավական հնարավորությունը, և այս դեպքում, ոչ մի նշանակություն չունի, թե կողմերը դրա տակ դե ֆակտո ինչ են նկատի ունեցել, պարզապես այսուհետ Արցախի ժողովուրդը կարող է արդեն լիովին ինքնավար որոշում կայացնել, այլևս կաշկանդված չէ ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ որևէ այլ պետության դիրքորոշմամբ և ստանձնած պարտավորություններով:

Հ. Գ. Քաղաքական բնույթ ունեցող պայմանագրերը ենթակա են վավերացման (Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ)....»:

Աղբյուրը`   Գևորգ Դանիելյան