«ՀՀ կառավարությունը պարտավոր է տարբերել խաղողի արտադրությունը լոլիկի արտադրությունից». Ն. Նորիկյան
1253
Ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2022 թ., 15:30
«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի գրառումը. «Խաղողի մթերման գործընթացը մեր երկրում տարիներ շարունակ մնում է խնդրահարույց։ Ցավոք սրտի, պետությունը չի կարողանում ստեղծել խաղի այնպիսի կանոններ, որը հնարավորություն կտա մի կողմից խթանելու արտադրությանը, մյուս կողմից՝ ապահովելու արտադրված խաղողի անխափան ու փոխշահավետ մթերումը։ Հպանցիկ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պետությունը խաղող մթերող ընկերությունների համար ստեղծել է բարենպաստ պայմաններ, մասնավորապես՝ 1․ Համապատասխան իրավակարգավորումների պայմաններում խաղող մթերող գործարարնները ստացել են արտոնյալ պայմաններով վարկային միջոցներ ներգրավելու հնարավորություն։ 2․ Նոր սարքավորումներ ներմուծելիս ժամանակավորապես ազատվել են ավելացված արժեքի հարկի վճարումից։ Սակայն պետությունը ձեռքերը լվացել և քաշվում է մի կողմ, երբ հերթը հասնում է գյուղացիների կամ խաղողագործների շահերի պաշտպանությանը։ Իրավասու պետական մարմինների կողմից որևէ քայլ չի ձեռնարկվում խաղողի շուկայական արհեստական գնագոյացումը արգելելու համար, ավելին, պետությունն անզոր է խաղող մթերող մի քանի գործարանատերերի փակ կարտելային համաձայնությունների դեմն առնելու հարցում։ Եթե թանկացել է մթերող գործարարնների կողմից խաղողի վերամշակման ծախսերը, ապա նույն չափ թանկացել է խաղող արտադրելը։ Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞վ է հիմնավորվում այն հանգամանքը, որ գործարանները պետությունից ստանում են աջակցություն, իսկ գյուղացիները՝ ոչ։ Ինչո՞ւ պետք է վերամշակողը ստանա գերշահույթ, իսկ արտադրողը՝ չնչին գումար։ ՀՀ կառավարությունն ու առանձին նախարարներ պարտավոր են տարբերել խաղողի արտադրությունը լոլիկի արտադրությունից, քանի որ եթե լոլիկի դեպքում գյուղացիներն այս տարի չարտադրեն, կարող են արտադրել մյուս տարի, բայց խաղողի դեպքում, եթե քանդեն այգին, տարիներ են անհրաժեշտ լինելու նոր այգի տնկելու ու խաղողի բերք ստանալու համար։ Բացի այդ, կան լրջագույն կասկածներ, որ խաղողի վերամշակմամբ զբաղվող գործարարնների սեփականատերերը պայմանավորվում են միմյանց հետ թելադրում ոչ մրցակցային գին, գրեթե միշտ ցույց են տալիս ուռճացրած ծախսեր՝ հիմնավորելով ցածր գինը։ Ցավոք սրտի, անարդյունավետ կառավարման, խաղողի վերամշակման գործընթացում արտաքին շուկայում երբեմն ոչ մրցունակ արտադրության կազմակերպումը պատճառաբանվում է որակյալ հումքի բացակայությամբ։ Այս համատեքստում գործարանների սեփականատերերը ո՞ր տրամաբանությամբ են որակյալ հումք պահանջում գյուղացուց, երբ ամեն ինչ առնվազն 20 տոկոսով թանկացել է, իսկ խաղողի մթերման գինը՝ շուրջ 20 տոկոսով էժանացել։ Այս իրավիճակում, երբ տարիներ շարունակ խաղողի մթերման գործընթացում խաղող արտադրող հազարավոր գյուղացիների համար ստեղծվում են խնդիրներ, կառավարությունը պարտավոր է ձեռնարկել այնպիսի ռազմավարական քայլեր, որոնք տեսանելի ապագայի կտրվածքով կլուծեն այս հարցը։ Հաշվի առնելով խաղողագործության առանձնահատկությունը, մեր դեպքում՝ նաև դրա ռազմավարական բնույթը, պետությունը պասիվ կարգավորման գործառույթի իրագործումից պետք է անցում կատարի ակտիվ քայլեր ձեռնարկողի կարգավիճակի դերին՝ ստեղծելով այնպիսի պայմաններ, որ գյուղացին հնարավորություն ունենա անխափան ու մրցունակ գներով մթերել իր արտադրած խաղողը։ Այլ կերպ ասած, եթե խաղողագործության ոլորտում պայմանականորեն գործում են երկու կողմ՝ արտադրողն ու վերամշակողը, ապա առնվազն ԱՐԴԱՐ չէ, որ վերամշակողը ստանա գերշահույթ, իսկ արտադրողը՝ ոչինչ․․․»: