Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Մեր սխալներից դասեր է պետք քաղել, ոչ թե նզովել, վհատվել ու հանձնվել»․ Նարինե Դիլբարյան

326
Երկուշաբթի, 08 օգոստոսի, 2022 թ., 02:12
«Մեր սխալներից դասեր է պետք քաղել, ոչ թե նզովել, վհատվել ու հանձնվել»․ Նարինե Դիլբարյան

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակի մարտահրավերը՝ ի՞նչ առաջնահերթ քայլեր են անհրաժեշտ հայկական վթարված և արգելակները թուլացած պետականության գնացքի անվտանգ ընթացքը վերականգնելու համար:

Ա. Գնացքից թռչելն այսօր չի օգնի. սա պետք է գիտակցի ողջ ազգը, հատկապես իշխանության տարբեր օղակներում գտվողները: Առանձին-առանձին փրկվել ոչ ոքի չի հաջողվի, սին հույսեր են, այս օրերին աջ ու ահյակ Պոնտոս Պիղատոսի նախադեպով իրավիճակի իրենց բաժին պատասխանատվությունից ձեռքերը լվացողներին նույն կործանումն ու դժոխքն է սպասում, հակառակորդը գրկաբաց և ներողամիտ չի լինելու, ինչպես և անխուսափելի ճակատագիրը:

Բ.Կայունացումն ու ելքը, պետության ինքնիշխանության, այսինքն՝ քաղաքացիների կյանքի անվտանգությունը, հայրենի հողի վրա մեր բաժին արեգակի լույսերի ներքո ապրելու իրավունքը 100 կամ անգամ տասնյակ հազարները չեն բերելու՝ հրապարակները լցված: Մովսեսը Աստուծո հետ երկար ընդդիմախոսելուց հետո համախոհների մի փոքր խմբով հրեից ազգին ազատեց գերության և անելանելիության անապատից: Հիսուս Նազովրեցին իր 12 աշակերտների հետ քրիստոնեության լույսը՝ «Սիրեցէք զմիմեանս» կարգախոսով տարածեց աշխարհում: Գարեգին Նժդեհը Լեռնահայաստանը փոքրաթիվ, բայց երդվյալ գաղափարակիցներով կայացրեց: Եվ ուստի պետք է գտնենք համախոհության և գործունակության մեր հարթակը, պայմանավորվենք, փոքր խմբերով՝ գրագետ և առողջ պահպանողականության ոգով, հույսներս մեզ վրա դրած՝ առանց ավելորդ և ինքնաոչնչացնող անհանդուրժողականության, դա միայն խանգարելու է:

Անելանելի իրավիճակներ չկան, կան այդ իրավիճակի միակողմանի գնահատականներ: Բարդ է անգամ փոքր համախմբումը, բայց այլընտրանք չկա՝ մեր սխալներից դասեր է պետք քաղել, ոչ թե նզովել, վհատվել ու հանձնվել: Փոքրամասնությունն է բացում ճանապարհը, որով հետո մեծամասնությունը հանգիստ առաջ կգնա»:

Աղբյուրը`   Նարինե Դիլբարյան