Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 հունիսի, 2022 թ.

«Նիկոլը հրաշալի հասկանում է իր արած զարհուրելիության ողջ մասշտաբները»․ Նաիրա Զոհրաբյան

206
Հինգշաբթի, 26 մայիսի, 2022 թ., 14:42
«Նիկոլը հրաշալի հասկանում է իր արած զարհուրելիության ողջ մասշտաբները»․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրայրի գրիչ-2
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ազդարարեց, որ Հայաստանը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան։ Կոսմոսը գրավելը չգիտեմ, գուցե մարիխուանան օրինականացնելուց հետո ստացվի, բայց հիմա անդրադառնամ երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի խոստացած «բացահայտմանը», որը պիտի վերջնականապես ջնջեր մինչնիկոլյան ժամանակների արցախյան բանակցային ողջ գործընթացն ու մադրիդյան սկզբունքները։
Եվ այսպես՝
Նիկոլն ասում է, որ մադրիդյան սկզբունքներով, որի նախաձեռնողը հայկական կողմն է եղել, մենք մեր ձեռքով չեղարկել ենք Լեռնային Ղարաբաղում անցկացված ինքնորոշման իրավունքի հանրաքվեն։ Կլասիկ աբսուրդ։
Որովհետև, միջազգային պրակտիկայում չկա դեպք, երբ ինքնորոշման իրավունքն իրագործվի բացառապես ինքնորոշվող սուբյեկտի որոշման հիման վրա և տեղում ստանա միջազգային ճանաչում: Կոսովոյի նախադեպն այլ է, որն ուղղակի պարտադրվել է։
Բանակցային տասնյակ տարիների գործընթացի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատը մեկն էր՝ միջազգայնորեն ճանաչել և ամրագրել 1991 թվականին Լեռնային Ղարաբաղում անցկացված և հանրաքվեով հաստատված ինքնորոշման իրավունքը։ Այսինքն՝ ստանալ միջազգային հանրության դե յուրե վավերացումն ու մադրիդյան սկզբունքները միակ քեյսն էր, որով միջազգային հանրությունը ճանաչում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Եվ եթե անցկացվեր նոր հանրաքվե, այն, ինչպես և արձանագրված էր, անցկացվելու էր ԵԱՀԿ-ի կամ ՄԱԿ-ի միջազգային դիտորդական առաքելության հովանու տակ, ինչի արդյունքում ունենալու էինք Արցախի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված և ընդունված միջանկյալ կարգավիճակ։
Իսկ եթե հանրաքվե չլիներ, ինչի մասին պարբերաբար ասում է Նիկոլը, ապա 5 շրջանների վերադարձից հետո Լաչինն ու Քարվաճառը շարունակելու էին մնալ հայկական, Շուշին ու Հադրութը չէին հանձնվելու թուրքին, չէինք հանձնելու 187 գյուղ՝ Արցախի 72 տոկոսը եւ ամենագլխավորը՝ 5 հազար տղաներ Եռաբլուրում թաղված չէին լինելու։
Ես վստահ եմ, որ ի տարբերություն իր բազմաթիվ թիմակիցների և իր հպարտ էլեկտորատի՝ Նիկոլը հրաշալի հասկանում է իր արած զարհուրելիության ողջ մասշտաբները, ուստի սեփական մեղքից դիստանցվելու հոգեբանական կախումը նրան մղում է պարբերաբար «հորինել» նորանոր «բացահայտումներ»՝ «Հրայրի գրիչ-2» ժանրի կանոններով»։

Աղբյուրը`   Նաիրա Զոհրաբյան