Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Արմեն Սարգսյանը չպետք է «նեղացածություն» դրսևորի և «լվանա ձեռքերը»»․ Հակոբ Բադալյան

529
Հինգշաբթի, 27 հունվարի, 2022 թ., 15:06
«Արմեն Սարգսյանը չպետք է «նեղացածություն» դրսևորի և «լվանա ձեռքերը»»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Այն, որ Հայաստանը բավարար արդյունավետությամբ չկարողացավ օգտագործել որպես գործիչ Արմեն Սարգսյանի տրամաչափն ու ներուժը, ինձ համար անկասկած է, անկախ դրան տրվող տարբեր գնահատականներից: Այն, որ մենք իբրև պետություն կամ հասարակություն պետք է փորձենք «բաց չթողնել» Սարգսյանին, ինձ համար ևս անկասկած է: Ու կարծում եմ, որ Արմեն Սարգսյանն էլ չպետք է «նեղացածություն» դրսևորի և «լվանա ձեռքերը», առնվազն որովհետև Հայաստանը միայն քաղաքական իշխանությունը կամ քաղաքական ընդդիմությունը չէ:

Բայց, երբ նախագահի խորհրդանշական պաշտոնի առկայության պարագայում, խոսվում է այն մասին, թե Արմեն Սարգսյանի գնալով իշխանությունը դառնում է միաբևեռ, սա այլ բան չէ, քան պարզապես կամ քարոզչական նկատառում կամ իրադրության ոչ ամբողջական պատկերացում: Ինչպես կարող է բևեռ դիտվել մի ինստիտուտ, որը բացարձակապես օժտված չէ այդպիսին լինելու համարժեք լիազորությամբ՝ ով էլ լինի նախագահ:

Ավելին, հենց այդտեղ է, որ առաջանում է լուրջ խնդիր, երբ խորհրդանշական ինստիտուտի ղեկին է հայտնվում մարդ, գործիչ, որը բազմապատիկ ավելին է իր տրամաչափով: Դա ճգնաժամահեն իրավիճակ է:

Ինչպես կարող են միևնույն ինստիտուտի՝ խորհրդարանի միջոցով ձևավորվող երկու մարմինները՝ կառավարություն և նախագահ, լինել միմյանց հակակշիռ: Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ դե յուրե կառուցվածքի ներքո գործում է դե ֆակտո բոլորովին այլ կառուցվածքով և տրամաբանությամբ համակարգ:

Հետևաբար, Հայաստանում կառավարման համակարգում հակակշիռների հարցը պահանջում է սահմանադրական լուծումներ: Ինչպես են այդ առումով պատկերացումները, ինչ փոփոխություն պետք է լինի, ինչ մոդել պետք է լինի, սա արդեն կարևոր, բայց այլ հարց է»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան