Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Արծրուն Հովհաննիսյանի հարցազրույցը՝ ռազմաճակատում տեղի ունեցող զարգացումների մասին

972
Հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2020 թ., 02:20
Արծրուն Հովհաննիսյանի հարցազրույցը՝ ռազմաճակատում տեղի ունեցող զարգացումների մասին

Արծրուն Հովհաննիսյանը հաստատում է. Riafan-ի թղթակցի բացառիկ հարցազրույցը
ՌԴ նորությունների դաշնային գործակալության թղթակից Աբաս Ջուման հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հետ:
-Դուք բարձր տրամադրությամբ եկաք. դա սովորակա՞ն երևույթ է, թե ռազմաճակատից լավ լուրեր են եղել։
- Այո, այսօր առավոտյան մեր զինված ուժերը հզոր հրթիռահրետանային հարվածներ են հասցրել հարձակողական խմբավորմանը՝ Արաքս գետի հարավային ուղղությամբ: Դրանից հետո անցել են հակահարձակման և հակառակորդին հետ շպրտել՝ վերացնելով լուրջ խմբավորումը։ Մոտ 3 բրիգադ է եղել։
Բացի այդ, կենտրոնական ուղղությամբ նույնպես հուժկու հեռահար հարված են հասցրել։ Հյուսիսային ուղղությամբ մերոնք վերահսկողության տակ են վերցրել մի քանի բարձունք՝ անցնելով հարձակման։ Կարելի է ասել, որ հարավային ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն պարզապես փախել է մարտադաշտից։ Այդ պատճառով է, որ ես նման տրամադրություն ունեմ։
- Երեկ Նարիշկինը կոնկրետ խմբավորումների մասին խոսեց։ Մենք բոլորս արդեն գիտենք դրա մասին։ Բայց ինչ-որ բան կասե՞ք քրդերի վերաբերյալ։ Ի՞նչ քրդեր են։ Որտեղի՞ց են նրանք։
- Ես չգիտեմ, թե կոնկրետ ինչի մասին է խոսել պարոն Նարիշկինը, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ հայերի կողմից օտարերկրացիներ չեն կռվում։ Չնայած մեր շատ եղբայրներ՝ սլավոններն ու այլ ազգությունների մարդիկ, ցանկանում են պատերազմել Ղարաբաղում։ Բայց նրանց մերժել ենք։ Այս պահին կարիք չկա։
Հայերը ցրված են ամբողջ աշխարհում, շատերը նույնպես ցանկանում են պատերազմել, բայց մենք նույնիսկ նրանց չենք ընդունում։ Այստեղ սրճարանում նստած են Լիբանանից տղաներ, որոնց մենք նույնպես մերժել ենք, քանի որ նրանք քաղաքացիություն չունեն։
Իսկ ահա այն, որ Ադրբեջանի կողմից կարող են կռվել էթնիկ քրդերը, դա հետաքրքիր է։ Նախորդ պատերազմում այդպես էլ եղավ։ Չէ որ քրդերն ամբողջական ժողովուրդ չեն, պետություն չեն, միասնական կազմակերպություն չեն։ Տարբեր քրդեր ունեն տարբեր քաղաքական և կրոնական տեսակետներ։ Եվ ոչ բոլոր վարձկաններն են պայքարում ջիհադի համար։ Շատերը պայքարում են փողի համար։ Ռուսական հետախուզությունն այնքան հզոր է, որ Մոսկվայում շատ լավ գիտեն, թե ինչի մասին են խոսում՝ ով, ինչքան, երբ և որտեղ։ Իզուր են Բաքվում այդքան ուրախացել «քրդեր» բառի պատճառով։
- Այն բանից հետո, երբ Նարիշկինը հայտարարություն արեց, հաղորդումներ եղան հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծման ծրագրի մասին։ Կա՞ գաղափար, ինչպիսին այն կլինի և ովքեր կներառվեն այնտեղ։
- Դա զուտ քաղաքական հարց է։ Ես չեմ կարող պատասխանել, քանի որ ես զինվորական եմ։ Ինձ հետաքրքրում է պատերազմը։
- Լավ, այդ դեպքում ոչ թե որպես զինվորական, այլ որպես Արծրուն, կարո՞ղ եք ասել, այդ կոալիցիան ընդհանրապես պետք է, թե հայերն իրենք գլուխ կհանեն։
- Մենք գործում ենք մարտի դաշտում։ Բայց հարցն այլ է. ես կարծում եմ, որ ևʹ Ռուսաստանին, ևʹ Իրանին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է կատարվում իրենց հարևանությամբ։ Ես նկատի ունեմ ահաբեկիչների կուտակումը։ Բնականաբար, Մոսկվան և Թեհրանն ակտիվորեն կզբաղվեն այդ հարցերով, քանի որ ոչ ոք Հարավային Կովկասում ահաբեկչության նոր օջախ չի ցանկանում:
- Իսկ դուք զգացե՞լ եք, որ ինչ-որ դիվանագիտական խմորումներ են եղել: Հեռախոսային զանգեր, հանդիպումներ, Վլադիմիր Պուտինը խոսել է Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ինչի՞ համար է դա։
- Այո, բնականաբար։ Պատերազմի սկզբում մեծ մայրաքաղաքների կողմից հետաքրքրություն կար։ Հիմա այդ հետաքրքրությունն ավելի խորն է լինելու։ Չէ՞ որ արդեն պատերազմի 11-րդ օրն է, զոհվում է քաղաքացիական բնակչությունը։ Այդ ամենը կարտահայտվի կոնկրետ գործողությունների միջոցով։ Բայց ինչ գործողությունների, ես չգիտեմ. կրկնում եմ՝ սա իմ ոլորտը չէ։ Հարցրեք ինձ, թե ինչպես են կրակում, կպատասխանեմ:
- Իսկ ի դեպ, ինչպե՞ս են կրակում։ Գուցե ռազմաճակատից ինչ-որ նոր հերոսական պատմություննե՞ր կան։
- Գիտեք, պատմությունները շատ են։ Դա աներևակայելի է և անբացատրելի, ինչպես կարող է մի տղա, որը 70 կգ է, ունենալ այդքան մեծ ոգու ուժ: Նա կանգնած է եղել տանկից 20 մ հեռավորության վրա և սպասել է, մինչև այն բավականաչափ մոտենա, որպեսզի RPG-7-ով կողքից հարվածի՝ առանց վրիպելու։ Եվ նման դեպքերը տասնյակ են։ Կան տեսագրություններ, այդ մասին գրում և խոսում են։
- Ի դեպ, տեսագրությունների մասին։ Վերջերս համացանցում հայտնվել են կադրեր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մտնում բնակավայր, և տեղի բնակչուհին նրանց դիմավորում է՝ «Բարի գալուստ ձեր տուն» խոսքերով: Կարո՞ղ են հայերն ու ադրբեջանցիները լեզու գտնել։
- Դա մուլտֆիլմ է: Զվարճալի մուլտֆիլմ. կինը օպերատորի հետ սպասում էր ադրբեջանցի զինվորին․ դա ծիծաղելի է, քանի որ կյանքում չի եղել այնպես, որ ադրբեջանցի կամ թուրք զինվորները մտնեն չեզոք գյուղ և այնտեղ ինչ-որ մեկին կենդանի թողնեն։
- Մի՞թե հիմա էլ է այդպես։
- Բարեբախտաբար, նրանք չեն հասցրել ինչ-որ բնակավայրեր վերցնել, որտեղ մարդիկ լինեն։ Այնտեղ, ուր մտան, ժողովուրդը նախապես դուրս բերվեց։ Դրանից հետո հակագրոհների արդյունքում հետ ենք շպրտել նրանց։ Նրանք ոչ մի տեղ, ըստ էության, չեն ամրապնդվել ավելի քան 24 ժամ։
- Այդ դեպքում, կարո՞ղ եք պատմել ռազմի դաշտում իրական իրավիճակի մասին, քանի որ անընդհատ լուրեր են գալիս գրաված բնակավայրերի մասին։ Բայց ստուգել այս տեղեկատվությունը սովորաբար անհնար է։
- Իրականում, առանց ֆեյքերի, ադրբեջանական ԶՈՒ-ն հատել է մեր պաշտպանական գիծը 2 տեղ՝ հարավային ուղղությամբ և հյուսիսային՝ Թալիշ գյուղի մոտ։ 1-ին օրերին նրանք կարողացել են անցնել 2-3 կմ: Ոչ ավելի։
Այնուհետև նրանք փորձում էին առաջ շարժվել Մարդտակերտի, Ֆիզուլիի և Հադրութի կողքով։ Բայց ապարդյուն: Հադրութ քաղաքի մոտ նրանք նետեցին ամենաէլիտար տանկային բրիգադը, որը զինված էր Տ-90 տանկերով։ Սա 4-րդ բանակային կորպուսի տանկային բրիգադ է, որը բերվել է Բաքվից։ Եվ ահա այս տանկային բրիգադն առաջ անցավ ընդամենը 1,5-2 կմ և 2-րդ օրը հետ մղվեց։ 7-8-րդ օրը լրացուցիչ բրիգադներ, հատուկ նշանակության ջոկատայիններ, պայմանագրային զինծառայողներ, գրոհայիններ ուղարկելով նրանք առաջ են անցել ևս 5 կմ:
Հոկտեմբերի 3-4-ը հարավային ուղղությամբ նրանք հասել են Ջաբրաիլ քաղաք։ Մոտ 1 օր առաջ նրանք հասել են Մատաղիս գյուղ։ Բայց 1 օր անգամ չեն մնացել այնտեղ: Եվ այս պահին նրանց վերահսկողության տակ է միայն Թալիշ գյուղը։ Մնացած բոլոր բնակավայրերը, որոնք իբր վերցրել են ադրբեջանցիները, գուցե ինչ-որ դարում բնակավայրեր են եղել, բայց իրականում այնտեղ ոչ տներ կան, ոչ էլ մարդիկ։
- Իսկ ի՞նչ կա այնտեղ:
- 1-ին պատերազմից հետո Հադրութից հարավ ինչ-որ փոքր գյուղեր կային՝ 5-10 տուն։ Հիմա նույնիսկ պատեր չկան։ Բայց ադրբեջանական քարտեզներում մինչ օրս այդ գյուղերը նշված են։
- Վերադառնալով ջիհադիստներին։ Պատկերացում ունե՞ք, թե քանիսն են նրանք։
- Ռազմի դաշտում, կարծում եմ, 2-3 հազարից ավելի չեն։ Մեր տվյալներով, որոնք հաստատվում են ևʹ Ռուսաստանի, ևʹ ԱՄՆ-ի, ևʹ Բրիտանիայի կողմից, նրանք բերել են մոտ 4 հազար վարձկանների։ Իհարկե, ոչ բոլորին, և ոչ անմիջապես են ուղարկել ռազմաճակատ։ Նրանց մեծ մասը եղել է հարավային ուղղություններում։
- Այդ դեպքում ինչո՞ւ մենք մինչև հիմա կենդանի կամ գոնե մահացած սիրիացու չենք տեսել: Ինչո՞ւ չկան հարցաքննությունների տեսանյութեր կամ վարձկանների փաստաթղթեր:
- Հասկանում եք՝ այդ սիրիացի գրոհայինները լավ են կռվում մարտադաշտում։ Նրանք պայքարում են մինչև վերջ, և չեն թողնում մահացած ընկերներին։ Այդ բնութագրիչներով նրանք ավելի բարձր են ադրբեջանցի զինվորներից։ Բացի այդ, հարավային ուղղությամբ մենք նրանց այնքան էլ հաճախ չենք հակագրոհել և արագ չենք վերադարձրել մեր հողերը։ Այդ պատճառով նրանք վիրավորներին դուրս բերելու և սպանվածներին վերցնելու ժամանակ են ունեցել։
Նրանք նաև մարտնչում են ադրբեջանական համազգեստով։ Դժվար է տարբերելը, եթե նրանք չեն նկարահանել իրենց տեսախցիկներով։
Բայց այսօրվա իրադարձություններից հետո, կարծում եմ, որ մենք հաստատ կգտնենք նրանց դիակները և մարտադաշտում սիրիացիների ներկայության ինչ-որ հստակ ապացույցներ։
- Իսկ թուրք զինվորները կռվո՞ւմ են նրանց կողմից:
- Կարծում եմ։ Նրանք հրամայում են, կազմակերպում, մարզում, հետազոտում։ Այսինքն, ղեկավարում են։ Մենք ունենք հստակ տվյալներ, որ գործողությունները ղեկավարում են թուրքերը, այլ ոչ թե ադրբեջանցիները։
- Կարո՞ղ եք ավելի մանրամասն պատմել ներկա հակամարտության վերաբերյալ Իրանի դիրքորոշման մասին:
- Ես ձեզ հիմա բացառիկ տեղեկատվություն կտամ։ Երեկ Իրանի զինված ուժերը ցուցադրական քայլեր են ձեռնարկել՝ տանկերը հասցրել են Արաքսի մոտ և նախազգուշական կրակոցներ արձակել խմբավորումների ուղղությամբ։ Դա եղել է նախազգուշացում՝ չանցնել գետը։
Այսպիսով, Իրանի համար առաջնահերթություն է՝ չթողնել ահաբեկիչներին իր տարածք։ Բացի այդ, Թեհրանում դժվար թե գոհ լինեն նաև Ադրբեջանում ահաբեկիչների ներկայությունից։
- Ստացվում է, որ հաջողություններում նաև Ռուսաստանի՞ դերը կա։
- Բնականաբար։ Մենք ունենք ռուսական ռազմական դպրոց։ Մեր կադրերն այնտեղ են սովորում, մեր ղեկավարությունը խորհրդային կադրերից է։ 95-96%-ով սպառազինությունը խորհրդային և ռուսական է։ Վերջին 2 տարիների ընթացքում մենք Ռուսաստանից բերել ենք ամենաժամանակակից սպառազինությունը։
Որպես ռազմական փորձագետ՝ ահա թե ինչ կասեմ՝ ԱԹՍ-ի դեմ պայքարը գլխացավանք է ամբողջ աշխարհում։ Բայց ոչ մի տեղ և երբեք ոչ ոք դրանց դեմ այնքան հաջող չի պայքարել, որքան հայոց բանակը։ 1 օրում մենք երբեմն խոցել ենք 16 անօդաչու թռչող սարք։ Ընդ որում, հարվածել ենք խորհրդային զենքով։ Մենք ունենք խորհրդային զենք ու տաղանդավոր ռազմիկներ, որոնք պահում են այն իրենց ձեռքում։
- Որքա՞ն կտևի այս պատերազմը։
- Ռեալ չեմ կարող գնահատել։ Այստեղ աշխատում են բազմաթիվ գործոններ։ Բայց այսպես կասեմ, նրանք 2 ուղղությամբ նետեցին մեծ քանակությամբ հրետանի, տանկեր, հատուկ նշանակության ջոկատայիններ, ավիացիա և այլն։ Եվ 7 օրվա ընթացքում հատել են ընդամենը 5-6 կմ, պարզապես ծիծաղելի է: Դա գումարտակի խնդիրն է, այլ ոչ թե բանակային կորպուսի։