Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ՀԷՑ-ը կնախազգուշացվի. «Ժողովուրդ»

627
Շաբաթ, 01 օգոստոսի, 2020 թ., 09:30
ՀԷՑ-ը կնախազգուշացվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Հայաստան էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում: Պարզվում է՝ ՀԷՑ-ը պետք է մինչև այս տարվա մարտի 1-ը վերակնքեր բաժանորդների հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերը, սակայն դեռևս մարտի 24-ի և հուլիսի 3-ի գրություններով ընկերությունը հայտնել է, որ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող բաժանորդների հետ վերակնքել է էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերի 89 տոկոսը։

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ մարտի 16֊ի որոշմամբ արտակարգ դրություն հայտարարելուց հետո մինչև դրա ավարտը ընկերությունը դադարեցնում է բաժանորդի հետ անմիջական շփմամբ իրականացվող բոլոր գործառույթները։
Միաժամանակ, ընկերությունը ՀԾԿՀ-ին հայտնել է, որ դադարեցրել է այն բաժանորդների էլեկտրամատակարարումը, որոնք տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են էլեկտրական էներգիայի մատակարարման նոր օրինակելի ձևին համապատասխան պայմանագրերի վերակնքումից, սակայն արտակարգ դրության հայտարարումից հետո էլեկտրամատակարարումը կրկին վերականգնվել է:

Բայց, չնայած սրան, ըստ ՀԾԿՀ-ի՝ ընկերությունը խախտել է հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 31-ի որոշման 2-րդ կետով ամրագրված պահանջը, մինչև 2020 թվականի մարտի 1-ը չի վերակնքնել բաժանորդների հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերը և մինչև հիշյալ ժամկետի ավարտը չի դիմել հանձնաժողով այն երկարաձգելու համար։

Արդյունքում ՀԾԿՀ-ն օգոստոսի 5-ի նիստում որոշում կկայացնի՝ ՀԷՑ-ին նախազգուշացում տալու վերաբերյալ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: