«Համավարակը՝ որպես բաժակաճառ և կանխատեսում»․ Արա Գալոյան
![]() «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանի դիտարկումները․ Համաշխարհային տնտեսական տեղեկատվությունը երբեք այսքան միագիծ չի եղել: Թե՛ պարզ լուրերը, թե՛ վերլուծությունները նույն թեմայի մասին են՝ համավարակի: Մեր տարածաշրջանի երկրների տնտեսական լրատվությունը՝ նույնպես: Բայց դրանք բովանդակային առումով տարբեր են: Մեր և ադրբեջանական լրատվությունն արևելյան բաժակաճառ են հիշեցնում, ուր երկար-բարակ խոսվում է հարազատ իշխանությունների խոհեմության, համավարակի դեմ շուտափույթ հաղթանակի, բիզնեսին և սոցիալական խոցելի խավերին հնարավորինս անչափ տրամադրվող օգնություն-աջակցության մասին: Վրացական մամուլում համավարակի դեմ պայքարի հերթական կոշտ քայլերի և միջազգային ֆինանսական կազմակերպություններից (ինչպես նաև եվրակառույցներից) ստացվող ֆինանսական աջակցության լուրեր են: Թե՛ տարածաշրջանային, թե՛ համաշխարհային վերլուծությունների թեման հետևյալն է «Ի՞նչ քանակական ու որակական կորուստներ կունենա համաշխարհային տնտեսությունը»: Կանխատեսումները հստակությամբ չեն փայլում: Մեղմ ասած: Առևտրի միջազգային կազմակերպությունը, օրինակ, կանխատեսում է, որ համաշխարհային առևտրի ծավալն այս տարի կկրճատվի 13-32 տոկոսով: Անկումային տրամադրությունները խորացրին այն լուրերը, որ գործազրկության նպաստի համար ԱՄՆ-ում արդեն 22 մլն մարդ է հերթագրվել: Որ գործազրկության կանխատեսումները Ռուսաստանում կկազմի մոտ 15 մլն մարդ: Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարեց, որ իր փորձագետների հաշվարկով 194 երկրներից 157-ի տնտեսությունը կկրճատվի: Այս հաշվետվություն-կանխատեսմանը զուգահեռ հրապարակվեց լուրն այն մասին, որ տարեկան հաշվարկով Չինաստանի տնտեսությունը 6.8 տոկոս անկում է ունեցել համավարակի առաջին եռամսյակի տվյալներով: Խոսքը երկրագնդի երկրորդ տնտեսության մասին է, որ 1990-ականներից երկնիշ թվով էր աճում: Իսկ BBC-ն սեփական դարդը թողած հաշվարկում է, որ ԱՄՆ-ի համար սա ամենամեծ անկումն է Մեծ ճգնաժամից հետո: ԱՄՀ-ի փորձագետների հաշվարկներով ՀՆԱ-ի անկումն ԱՄՆ-ում այս տարի կազմելու է 5.9 տոկոս: Ըստ նրանց՝ ամենաշատ տուժող երկրների ցուցակում առաջինը Վենեսուելան է՝ 15 տոկոս, ապա Լիբանանը՝ 12 տոկոս, Հունաստանը՝ 10: Խորվաթիայի և Մոնտենեգրոյի համար 9-ական տոկոս կրճատում են նախատեսում: Ուկրաինայի համար՝ 7.7: Վրաստանի համար՝ 7.5 տոկոս: Մեր տնտեսության մասին կանխատեսում չկար: Իսկ Ռուսաստանի տնտեսական կրճատումը 5.5 տոկոս է: Ընդորում հաշվարկի մեջ ներառված են նաև նավթի գնանկման հնարավոր հեռանկարները: Այս կանխատեսման հրապարակումից հետո ՌԴ իշխանությունները հրապարակեցին, որ կորոնավիրուսի դեմ պայքարի և երկրի բիզնես կյանքին աջակցելու համար պետբյուջեից հատկացնելու են ՀՆԱ-ի 2.8 տոկոսին համարժեք գումար: Համաշխարհային տնտեսական լրատվության մեջ կամաց-կամաց առաջին պլան է գալիս «Որ մահն է նախընտրելի՝ համաճարակի՞ց, թե՞ սովից» հարցը: Ամենալավատեսական կանխատեսումներով՝ սննդի համաշխարհային արդյունաբերությունը կկրճատվի 4 տոկոսով: Մեզ հետաքրքրող ոլորտներից հանքահումքային արդյունաբերության 6.6 տոկոսանոց անկում է կանխատեսվում: Հաշվարկներ կան, որ 2020թ․ անկումը 2021-ին վերականգնել չի հաջողվի: Սա լավատեսական կանխատեսումներով: Հոռետեսներն ավելի անգութ են: Բնականաբար: Այստեղ խոսվում է ծառայությունների ոլորտի 70-78 տոկոսանոց անկման մասին, հագուստի ու կոշիկի արտադրության 50-53 տոկոս կրճատման մասին: Մշակույթի, զվարճությունների ու հանգստի ոլորտների անկման կանխատեսումը ևս ըստ հոռետեսների 40-46 տոկոս է կազմելու: Հետևաբար ճաշակի հարց է՝ մխիթարվել արևելյան մեղրահունչ բաժակաճառերո՞վ, թե՞ փորձել համավարակի հաղթահարման պլաններ քննարկել: «Արևելյան» ածականն այս պարագային աշխարհագրական իմաստ չունի: Ոչ արևելյան Բելառուսի աննկուն (ու անփոխարինելի) ղեկավարն, օրինակ, «կորոնափսիխոզ» արտահայտությունն է շրջանառության մեջ դրել: Ձեզ դա ոչինչ չի՞ հիշեցնում: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
