Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Երևանի հանրային տրանսպորտի որոշ վարորդներ «Կրոկոդիլ» տեսակի թմրանյութ են օգտագործում». Մարինա Խաչատրյան

340
Հինգշաբթի, 27 փետրվարի, 2020 թ., 17:40
«Երևանի հանրային տրանսպորտի որոշ վարորդներ «Կրոկոդիլ» տեսակի թմրանյութ են օգտագործում». Մարինա Խաչատրյան

«Բոլոր հիվանդանոցներում տարեվերջին հրապարակվում են հաշվետվությունները և նշվում է, թե որ բաժանմունքում ինչ բնույթի հիվանդներ են բուժվել։ Հիվանդանոցներից մեկում հաշվետվություն հնչեց, որ 30-ից ավելի հիվանդներ վիրահատվել են ստորին ծնոտի փտախտի կապակցությամբ, և փտախտի պատճառը եղել է «Կրոկոդիլ» տեսակի թմրանյութ օգտագործելը։ Հիվանդների մեծ մասը հանդիսացել են Երևանի հանրային տրանսպորտի վարորդներ». փետրվարի 27-ին ԱԺ «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական ունկնդրումների ժամանակ նման պնդում-հարցադրում արեց «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը, որի հասցեատերը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ, պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանն է: Նա էլ՝ ի պատասխան ասվածի, նշեց, թե ալկոհոլ կամ նշված միջոցներ օգտագործող ցանկացած վարորդ պոտենցիալ վտանգ է: Ընդհանրապես պետք է հետևել ճանապարհային երթևեկության կանոններին: Ներդրված բալային համակարգը բերել է նրան, որ պետք է խստացվի:

«Կա կառավարության կարգ, որ վարորդների՝ հավաքակայանից դուրս գալուց առաջ պարտադիր պետք է իրականացվի մեքենայի տեխնիկական զննություն և բուժզննություն՝ դա հավաստելով ուղեգրում համապատասխան կնիք դնելով: Դրանից հետո նրանք մոտենում են ենթակարգավարական կետերին, ենթակարգավարը տեսնում է՝ առկա՞ է այդ կնիքը, թե՞ ոչ, ինքն էլ ևս մեկ կնիք ավելացնելով՝ թողնում է, որ իրականացվի առաջին երթուղին: Վերահսկողությունը գործող իրավական դաշտում այս ձևով է իրականացվում: Սակայն նունիսկ զարգացած երկրները ևս (ես 2 օր առաջ եմ խոսել արտերկրի մեր գործընկերների հետ) խնդիր ունեն: Երթուղի դուրս գալուց հետո վարորդը կարող է օգտագործել ինչ-որ միջոցներ: Օդաչու էլ է եղել, որ ալկոհոլ է օգտագործել, և վթարի է ենթարկվել օդանավը: Վերահսկողության ինչ մեթոդ էլ օգտագործենք, եթե կա մարդկային գործոն, ապա սողոսկելու և այդ միջոցն օգտագործելու հնարավորությունն ունեն: Դրա համար պետք է զգոնությունն ու հսկողությունը խստացվեն»,- նշեց քաղաքապետարանի պաշտոնյան: